HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրինե Թորոսյան

Ծախսային փոփոխություններ` 6 ամիս առաջ հաստատված համայնքային բյուջեում

Երեկ կայացած Վանաձոր համայնքի ավագանու նիստի օրակարգային 17 հարցից 4-ը վերաբերում էր 2012 թվականի նոյեմբերի 07-ի «Վանաձոր  համայնքի 2013 թվականի  բյուջեն հաստատելու մասին» թիվ  58-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելուն:

Նախագծերից մեկով` Վանաձորի Բաղրամյան, Լոռվա հրապարակի էսկադաների և Թումանյան հրապարակը Հալաբյան փողոցին կապող կամրջի մետաղական բազրիքների և եզրաքարերի վերանորոգման և ներկման աշխատանքների համար պահանջվում է 4 մլն 246 հազար 50 դրամ: Նախատեսվում էր 2013 թ. բյուջեի ծախսային մասում փոփոխություն կատարել և հատկացում անել նշված գումարի չափով: Ըստ նույն նախագծի` նշված աշխատանքների համար կազմվել են նաև նախագծանախահաշվային փաստաթղթեր, բայց քաղաքապետ Սամվել Դարբինյանը, իր անձնական  հաշվարկը կատարելով, քիչ համարեց պահանջվող գումարը:

«Ես չեմ հասկանում նախահաշիվ ոնց եք կազմում,-ասաց քաղաքապետը (այն դեպքում, երբ զեկուցագիրը ներկայացվել էր նրա աշխատակցի` քաղաքապետարանի կոմունալ տնտեսության բաժնի պետ Լյովա Մելիքյանի կողմից),-Ես առաջարկում եմ Հալաբյան կամուրջի հարցը հանել, որովհետև էնտեղ նորմալ նախահաշիվ պիտի կազմվի: Աչքաչափով չի կարելի նախահաշիվ անել, դնել, հետո նորից թյուրիմացության մեջ ընկնել:  600 հազարը ինձ չի թվում կբավարարի, Հալաբյան կամուրջի երկարությունը մի 30 մետր է, եթե 2 կողմը միայն ամրանները դնենք, ամենացածր գներով 2 տոննա արմատուրա պետք ա դրվի, արմատուրի արժեքը 400-500 հազար դրամ է, 600 հազարով նրա 2 կողմը ո±նց եք ամրացնում, հետո դնում ասֆալտապատում. 10-15 օր հետո պիտի քանդվի»,-ասաց քաղաքապետ Դարբինյանը:

Ավագանու անդամ Կարեն Պառավյանն առաջարկեց նախագծով պահանջվող գումարը հաստատելով` սկսել նախնական աշխատանքները, իսկ հետագայում գումար հատկացնել հավելյալ ծախսերի համար: Քաղաքապետն առարկեց. «Աշխատանքները սկսելու համար շինարարները կգան, կտեսնեն, որ չի լինում, էդ մրցույթը չեն շահի: Շինարարը եթե գնաց հաշվարկեց և տեսավ, որ էդ գումարները չի համապատասխանում  մրցութային գումարներին, նա չի վերցնի: Ես մանրակրկիտ նայել եմ ու տեսել, որ բոլոր տեղերը էդ սալիկները ջարդված ա, և մեկը մեկից արդեն խաղացված ա: Կամ արվում ա, կամ չի արվում, եթե ոչ կապիտալ ա նորոգվում, նշանակում ա չի նորոգվում: Պետք ա բետոնյա ծածկ արվի»,-պնդեց Դարբինյանը: 

Նրա առաջարկությամբ ավագանին հաստատեց 4 մլն 247 հազարի նախագիծը` Հալաբյանի վերաբերյալ նոր նախահաշիվ կազմելու և նորից օրակարգ մտցնելու պայմանով: «4 մլն 200 հազարը կհաստատենք, հետո Հալաբյանի բազրիքների ներկման և կողաքարերի ներկման գումարները դրանից կհանենք, և երբ որ լրիվ նախահաշիվը պարզ կլինի, կգումարվի»,-որոշեց Դարբինյանը:

2013 թ. մարտի 14-ին ավագանին ընդունել էր «Վանաձորի սանիտարական մաքրման ծրագրում չընդգրկված տարածքները մաքրելու համար ժամանակավորապես հաստիքներ նախատեսելուն համաձայնություն տալու և աշխատակիցների աշխատավարձի չափեր սահմանելու մասին»  թիվ 22-Ա որոշումը` հաստատելով 2013-ի ապրիլի 1-ից մինչև նոյեմբերի 1-ը ժամանակահատվածում սանիտարական մաքրման ծրագրում չընդգրկված տարածքներում աղբի մաքրման աշխատանքների կազմակերպման համար հավաքարարի 9 հաստիք` ամսական 55 հազար դրամ աշխատավարձով, և աշխատանքները համակարգողի 1 հաստիք` ամսական 67 հազար դրամ աշխատավարձով: Այժմ նախագիծ էր ներկայացվել նշված հաստիքների աշխատավարձերի հետ կապված` համայնքի 2013 թ. բյուջեի ծախսային մասում կատարել փոփոխություն 5 մլն 58 հազար դրամի չափով: Ավագանու անդամներին հետաքրքեց` ինչպես է ստացվել այդ թիվը:

«Էն, ինչ որ որոշվել ա ավագանու նախկին որոշումով, ոչ մի բան չի արվել, գումարվել ա իրար, բազմապատկվել 9-ով»,-ասաց քաղաքապետարանի ֆինբաժնի պետի տեղակալ Ավագ Ավագյանը: Ավագանու անդամները պնդեցին, որ բացատրվի 9 ցուցիչը: Ա. Ավագյանն ասաց, որ դա նրանց աշխատաժամանակն է. ավագանու որոշմամբ սահմանվել է 7 ամիս, 1 ամիս հաշվարկել են որպես արձակուրդային և ևս 1 ամիս` հավելավճար, նրա խոսքով, «պրեմիա», ինչը Ավագյանը բացատրեց հետևյալ կերպ. «Դե եթե նրանք քաղաքապետարանի աշխատողներ են…»: «Նաև էդ մարդկանց մենք ավել ժամեր շաբաթվա մեջ, ամսվա մեջ հնարավոր ա արտաժամ աշխատի, և էդ գումարները դրանից վճարվի: Ինձ թվում` էդ ա,-հաշիվը կազմած և այն բացատրել չկարողացող աշխատակցի փոխարեն շտապեց պարզաբանել քաղաքապետ Դարբինյանը,- Այնուամենայնիվ մենք գումարը նախատեսում ենք, եթե ծախսը չի լինի, բյուջեում կմնա, ուրիշ տեղ չի գնում: Մրցույթների ժամանակ ոչ մի անգամ ավել չի լինում, և դա հետագայում մեկ ուրիշ, այլ ծախսերի վրա նայում ենք տեսնում որտեղ ինչ գումարներ ավելացել ա, որ մասում պակասորդ ունենք, էնտեղ ենք դնում»: Խոսքը քաղաքապետարանի աշխատակցի կողմից ավել հաշվարկված  562 հազար դրամի մասին էր: Չնայած 2 ձեռնպահ և 1 դեմ քվեարկությանը` նախագիծն ընդունվեց ավագանու կողմից:

Դարձյալ քաղաքապետարանի կոմունալ տնտեսության և բարեկարգման բաժնի պետի զեկուցագրի հիման վրա ավագանին հաստատեց  համայնքի  2013թ.  բյուջեի ծախսային մասում 2 մլն 201 հազար դրամի փոփոխություն կատարելու մասին նախագիծը` Արջուտի աղբաթափման վայր տանող ճանապարհի վերանորոգման աշխատանքների համար:

Վանաձորի քաղաքապետին էր դիմել Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահ Վանիկ Զաքարյանը` խնդրելով 2 մլն դրամի ֆինանսական աջակցություն համայնքի բյուջեից` տարվա ընթացքում ՖԻԴԵ-ի նախագահական խորհրդի նիստերին իր մասնակցությունն ապահովելու համար: Ներկայացվել էր 1 մլն դրամի աջակցություն նախագիծ, որը, սակայն, չընդունվեց ավագանու կողմից: Չնայած քաղաքապետն ու ավագանու անդամ Սեյրան Ղամբարյանը պնդում էին, որ աջակցություն ցուցաբերվի` հիշեցնելով, որ ֆեդերացիայի միջնորդությամբ է կառուցվել շախմատի շենքը Վանաձորում, բայց ի պատասխան ավագանու անդամներն ասացին` «որ չունենք, որտեղից տանք»:

2003 թ. ապրիլի 11-ի թիվ 40 որոշմամբ ավագանին 10 տարի ժամկետով Տիգրան Մեծի պողոտայի թիվ 10 շենքի առաջին հարկի բացվածքի 106,7 քմ մակերեսով տարածքն անհատույց օգտագործման է տվել «Խուլերի կրթամշակութային կենտրոն» ՀԿ-ին: Ժամկետը լրանալու կապակցությամբ ՀԿ նախագահը դիմել է քաղաքապետին` այն երկարաձգելու և տարածքը ՀԿ-ին վերահատկացնելու խնդրանքով: Ավագանու անդամները հարց բարձրացրին, որ նշված տարածքի մի մասն օգտագործվում է առևտրի նպատակով:

«Ինչի է կեսը որպես բիզնեեսի ծառայելու: Եթե ավել է էդ տարածքը, միգուցե  վաճառնեք կամ վարձակալությամբ տանք»,-նկատեց ավագանու անդամ Վահագն Դավիթավյանը: «Խուլերը բավականին մեծ խնդիրներ ունեն իրանց էդ ականջի գործիքները առնելու և այլն, նրանք տրամադրում են դա, և էդ գումարները ծախսում խուլերի միավորման համար»,-ասաց քաղաքապետը: Հարցին` վերահսկելի են այդ գումարները, պատասխանեց, որ ինքը չի վերահսկում: «Մենք էլ չենք կարողանում, հենց դրա համար հարց է առաջանում այստեղ»,-նշեց Վ. Դավիթավյանը: Քանի որ այդ գործընթացը վերահսկելի չէ ՏԻՄ-ի կողմից, և, ավագանու անդամների խոսքով, հնարավոր է ինչ-որ մեկը « բիզնես  է անում ու գրպանը դնում այդ գումարները», ավագանին հաստատեց որոշումը` պայմանով, որ պայմանագրում ամրագրվի տարածքը հատկացնելու նպատակն ու վերահսկողություն սահմանվի բիզնեսից ստացված եկամտային ծախսերի նկատմամբ:

Օրակարգից հանվեց ավագանու անդամ Սեյրան Ղամբարյանի առաջարկությամբ նկարիչ Համլետ Մատինյանին «Վանաձորի պատվավոր քաղաքացի» կոչում շնորհելու հարցը: Ավագանու անդամ  Արթուր Օհանյանը վկայակոչեց  ՏԻՄ օրենքի 16-րդ հոդվածի 24-րդ կետը, ըստ որի` համայնքի պատվավոր քաղաքացի ընտրելու կամ պատվավոր կոչումից զրկելու վերաբերյալ որոշում կայացնում է համայնքի ավագանին, ոչ թե ավագանու անդամը: Նաև ըստ ավագանու կողմից հաստատված կանոնակարգի` «Վանաձորի պատվավոր քաղաքացի» կոչում շնորհելու համար թեկնածուներ կարող են առաջադրել Լոռու մարզպետը, համայնքի ղեկավարը, համայնքի ավագանին:

«Ուշադրություն դարձրեք` ավագանին, ոչ թե ավագանու անդամը»,-նշեց Ա. Օհանյանը: Նախկին գումարման ավագանու անադամների` ինչ տարբերություն հարցին` նոր ընտրված ավագանու անդամ Խորեն Վարդանյանը պատասխանեց. «Կանոնակարգը ընդունվել է 2009-ին, եթե տարբերություն չլիներ, կանոնակարգում նմանատիպ կետ չէր դրվի. ձեր ընդունած կանոնակարգն է»: Մի քանի գումարման ավագանու անդամների պնդմանը, թե տվյալ դեպքում կարևորը մարդու արժանի լինելն է, նոր գումարման ավագանու անդամները հակադարձեցին: Արտյոմ Գրիգորյանը նկատեց. «Ավագանին կոլեգիալ մարմին է, խոսքը վերաբերում է համայնքի պատվավոր քաղացուն, այսինքն` նախօրոք կարող էինք հավաքվեինք, ընդհանուր քննարկում անցկացնեինք, ինչ-որ հարցեր, որ հիմա պիտի քննարկենք, նախօրոք քննարկեինք»: 

Առհասարակ ամբողջ նիստի ընթացքում հիմնականում հենց նշված ավագանու անդամներն էլ մասնակցում էին քննարկմանն ու հարցադրումներ անում: Նոր գումարման ավագանու կազմում իրենց ակտիվությամբ աչքի են ընկնում 4 անդամ` Խորեն Վարդանյանը, Արթուր Օհանյանը, Արամ Խաչատրյանը, Վահագն Դավիթավյանը: Մյուսներն ամբողջ նիստի ընթացքում կամ լռում են կամ պաշտպանում քաղաքապետի ու նրա աշխատակիցների տեսակետները: Ի դեպ, նիստերում քննարկվող ոչ բոլոր փաստաթղթերն են հասանելի ավագանու անդամներին: Այդ մասին նրանք բարձրաձայնեցին երեկվա նիստի ժամանակ: Արտյոմ Գրիգորյանը քաղաքապետի ուշադրությունը հրավիրեց, որ նախագծերում նշված` «կից ներկայացվող նախագիծ-նախահաշիվները» չեն տրամադրվում ավագանու անդամներին, ուստի` դրանց բովանդակությանը նրանք ծանոթանում են միայն նիստի ընթացքում քացաքապետի ու նրա աշխատակիցների խոսակցություններից:

«Խնդրում եմ ուշադրություն դարձրեք, էս էլ որերդ անգամ ա»,-նշեց ավագանու անդամը: Ֆինբաժնի պետի տեղակալ Ավագ Ավագյանն ի պատասխան ասաց. «Քսերոքս անելը ահագին մեծ գումար ա»: Ավագանու անդամները նկատեցին, որ փոխարենը կարող են ընդամենը կայքում տեղադրել: «Գրվում ա` մանրասմաներին ծանոթանալու համար եկեք էս ինչ սենյակ»-ասաց քաղաքապետը: Մինչդեռ քաղաքապետարանում ավագանու համար նախատեսված սենյակ էլ չկա: Ավագանու նիստի վերաբերյալ հայտարարությունը և օրակարգը հրապարակվել է միայն քաղաքապետարանի կայքէջում, «Լոռու մարզ» թերթում և փակցվել քաղաքապետարանի մուտքի դռան վրա:

Մեկնաբանություններ (1)

Վարուժան
Հալալա տղերքին, ապրեք դուք տղերք ջան։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter