HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Հայաստանում գրանցված 126 ատրակցիոնից ոչ մեկը չի ստացել փորձաքննության բացասական եզրակացություն

ՀՀ-ում գրանցված է և շահագործվում է 126 ատրակցիոն, որից Երևանում գրանցված է 83, Կոտայքում՝ 6, Լոռիում՝ 9, Շիրակում՝ 19, Սյունիքում՝ 9 ատրակցիոն: Այս մասին այսօրվա մամուլի ասուլիսում ասաց Արտակարգ իրավիճակների նախարարության «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի Շարժասանդուղքների, վերելակների և ճոպանուղիների տեխնիկական անվտանգության փորձաքննության բաժնի գլխավոր փորձագետ Լուսինե Հովհաննիսյանը:

Այս 126 ատրակցիոնի գրեթե 70 տոկոսն արտադրվել է խորհրդային տարիներին, թեև ամեն զբոսայգի էլ տարեկան համալրվում է 1-2 նոր ատրակցիոնով: Այս տարի Երևանի «Հաղթանակի զբոսայգում» ավելացել է 7 ատրակցիոն:

Ատրակցիոններն ունեն շահագործման սեզոնային բնույթ. դրանց 98 տոկոսը աշխատում է տարվա մեջ 4-5 ամիս, հետո անցնում պարապուրդի: Սեզոնային բնույթը հաշվի առնելով հանդերձ՝ շարժման ոչ մեծ արագություն (0,3-0,5 մետր/վրկ.) ունեցող, ամենապարզեցված ատրակցիոնների շահագործման ժամկետը, ըստ արտադրող գործարանի հրահանգների, մինչև 40 տարի է: Մնացած ատրակցիոնների շահագործման ժամկետը, կախված ատրակցիոնի բարձրությունից, կոմպլեքսայնությունից, ազատ անկման արագացումներից, 35-50 տարի է:

Լուսինե Հովհաննիսյանը չկարողացավ ասել, թե որն է Հայաստանում շահագործվող ամենահին ատրակցիոնը, բայց ենթադրեց, որ այն «Հաղթանակի զբոսայգու» տարիքին է՝ մոտ 30 տարեկան:

«Բնականաբար, ոչ մի բան հավերժ չէ, բայց եթե իր կառուցվածքային բնույթով, իր կոմպլեքսայնությամբ, իր առանձնահատկություններով շահագործման պիտանի է, և դա ապացուցվում է փորձաքննությամբ, ինչի՞ համար չշահագործվի: Մենք հո մեր թշնամին չե՞նք, որ արտադրական վտանգավոր օբյեկտը շահագործելի չլինի, և մենք թողնենք՝ շահագործվի: Ոչ մի փորձագետ նման պատասխանատվություն իր վրա չի կրի»,- ասաց Լուսինե Հովհաննիսյանը:

Համաձայն «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքի՝ արտադրական վտանգավոր օբյեկտ համարվող ցանկացած ատրակցիոն տարին 1 անգամ ենթարկվում է տեխնիկական անվտանգության փորձաքննության և դրական եզրակացություն ստանալուց հետո իրավունք ունի շահագործվելու:

Այս տարի հանրապետությունում տեխնիկական անվտանգության փորձաքննության ենթարկված ատրակցիոններից դեռևս 9-ն է ստացել դրական եզրակացություն: Երևանում 53 ատրակցիոն փորձաքննության փուլում է և հիմա էլ շահագործվում է, քանի որ ունի նախորդ փորձաքննության դրական եզրակացությունը, որի ժամկետը դեռ չի սպառվել:

«Մոտակա ամսվա ընթացքում բոլոր ատրակցիոններն էլ կենթարկվեն փորձաքննության, կստանան համապատասխան եզրակացություն, նոր կշահագործվեն: Չկա ատրակցիոն, որը տարեկան 1 անգամ փորձաքննություն չանցնի»,- ասաց Լուսինե Հովհաննիսյանը:

Այժմ փորձաքննություն են անցնում Երևանի «Հաղթանակի զբոսայգու» և «Լունապարկի» ատրակցիոնները, որոնք միաժամանակ շարունակում են շահագործվել: Իսկ «Հաղթանակի զբոսայգում» նոր տեղադրված 7 ատրակցիոնը, թեև հիմա փորձաքննության փուլում է, չի շահագործվում, քանի որ չունի նախկինում ստացած, ժամկետը չսպառված դրական եզրակացություն:

«Դեռևս ոչ մի ատրակցիոն փորձաքննության բացասական եզրակացություն չի ստացել: Շահագործումը կդադարեցվի այն դեպքում, եթե փորձաքննության ընթացքում հայտնաբերվեն այնպիսի թերություններ, որոնք իրենց բնույթով տեխնածին վթարի սպառնալիք են առաջացնում»,- ասաց Լուսինե Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ անշուշտ հայտնաբերվում են թերություններ, բայց այնպիսիք, որոնք տեխնածին վթարի, արտադրական պատահարի սպառնալիք չեն պարունակում (այլ, օրինակ, ատրակցիոնի վթարային արգելակները պետք է կարգաբերել, սպասարկող և պատասխանատու անձանց դասընթացներ կազմակերպել): Այդ դեպքերում նշվում են թերությունները, կազմվում է միջոցառումներ ծրագիր, շահագործող կազմակերպությանը տրվում է այդ թերությունները վերացնելու ժամանակ:

«Տվյալ պահին այդ իրավիճակում են և «Լունապարկը» և «Մոնումենտի» զբոսայգին: Տվյալ ժամանակահատվածում, երբ նրանք կվերացնեն թերությունները, ևս մեկ անգամ կիրականացվի լրացուցիչ այց, կհամոզվենք, որ իրոք թերությունները վերացել են, նոր ատրակցիոնը կստանա համապատասխան դրական եզրակացություն և պիտանելի կլինի շահագործման համար»,- ասաց Լուսինե Հովհաննիսյանը:

Շուշով կսկսվի Աբովյանի քաղաքապետարանի տարածքում և Գյումրիում տեղադրված ատրակցիոնների փորձաքննությունը: Մեկ ատրակցիոնի փորձաքննությունը կարող է տևել մեկ օր:

Բացի Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի անցկացրած ամենամյա փորձաքննությունից՝ ատրակցիոնները շահագործողներն էլ ունեն համապատասխան մասնագետներ, ովքեր ևս որոշակի պարբերականությամբ (օրը մեկ, շաբաթը մեկ) զննում են ատրակցիոնները:

Լուսինե Հովհաննիսյանը հավաստիացրեց, որ բոլոր ատրակցիոնների մոտ՝ տեսանելի վայրերում, փակցված են տեխնիկական անվտանգության փորձաքննության եզրակացությունները, ինչպես նաև շահագործող գործարանի արտադրական հրահանգավորումների և տեխնիկական անձնագրերի պահանջները (օրինակ՝ որ տարիքի երեխաները կարող են օգտվել ատրակցիոնից, նրանք պետք է լինեն մեծահասակների ուղեկցությա՞մբ, թե՞ ոչ):

Լրագրողները հիշեցրին 2012թ.-ին «Լունապարկում» արձանագրված դժբախտ դեպքի մասին, երբ Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի փորձաքննություն անցած ատրակցիոնն ընկել էր բանվորի վրա:

«Դա տեխնածին վթար չի եղել, դա եղել է կոնկրետ աշխատող անձնակազմի սխալի պատճառով»,- արձագանքեց Լուսինե Հովհաննիսյանը: Նա ասաց, որ ատրակցիոնն ընկել էր ոչ թե շահագործման ժամանակ, այլ երբ փականագործ-ներկող բանվորը, չենթարկվելով տնօրենի հրահանգներին, ատրակցիոնի հակակշիռը չսևեռելով, փորձել էր քանդել ուղևորատար մոդուլը, և մոտ 250 կգ-անոց հակակշիռը անհավասարակշիռ վիճակում հարվածել էր բանվորի գլխին:

Համաձայն օրենքի՝ արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում գրանցվում և Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի փորձաքննությանն են ենթարկվում այն ատրակցիոնները, որոնք, ըստ վտանգավորության դասակարգման բնութագրիչների, դասակարգվում են 4 բնույթի: Սակայն բակերում շատ կան ատրկացիոններ, որոնք չունեն բարդ մեխանիզմներ և արտադրական վտանգավոր օբյեկտ չեն համարվում (օրինակ՝ չմեխանիզացված, փոքր ատրակցիոններ, որոնք աշխատում են ձեռքի շարժումով): Այդպիսի ատրակցիոնները չեն դասակարգվում և չեն գրանցվում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter