
Գյուղացիները նորից փողոց են դուրս եկել. չեն հավատում պաշտոնյաների խոստումներին
Այսօր, մինչ Արմավիրի մարզպետարանի համապատասխան պաշտոնյաները` գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը եւ գիտաշխատողը կարկտահարության վնասները մեղմելու համար խորհրդատվություն էին իրականացնում մարզի Մրգաշատ, Արեւիկ, Ալաշկերտ գյուղերում, նույն համայնքի բնակիչները հերթական անգամ փորձել են դիմել ծայրահեղ քայլի. փակել Երեւան-Արմավիր հանրապետական նշանակության ճանապարհը: Նրանք պահանջում են փոխհատուցել մայիսի 12-ի կարկտահարության վնասները: Նրանք նաև պահանջում էին, որ վարչապետն անձամբ այցելի իրենց եւ փոխհատուցման երաշխիքներ տա:
Նշված գյուղերում մնացած եւ խորհրդատվությանը մասնակցած գյուղացիները պաշտոնյաներից եւս փոխհատուցում են պահանջել, ինչին ի պատասխան վերջիններս ասել են, թե հաշվարկներ են գնում եւ դրանց ավարտից հետո խնդիրը կներկայացնեն կառավարությանը, եւ վերջինս էլ կորոշի փոխհատուցում տալու կամ չտալու հարցը:
Արմավիրի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Արթուր Այվազյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ Երեւան-Արմավիր ճանապարհը փակելուց տեղյակ չի եղել, սակայն գիտի գյուղացու պահանջը` համարժեք փոխհատուցում, վարկերի սառեցում եւ այլն:
Այսօր գյուղացիներին չի հաջողվել փակել հանրապետական նշանակության ճանապարհը, քանի որ ոստիկանները, պատ կազմելով, արգելել են գյուղացիներին: Վիճակն այնքան է լարվել, որ հավաքվածներին է մոտեցել Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Թեեւ նա գյուղացիներին հանգստացնում էր, թե հանրապետության նախագահի հետ խոսել է, եւ օգնություն անպայման կլինի, սակայն գյուղացիները բղավում էին, թե չեն հավատում այդ խոստումներին:
Արեւիկցիներից մեկն ասաց, որ նախորդ տարի էլ է իրենց համայնքի ցանքատարածությունը վնասվել կարկտահարությունից: Ինքը մեկ միլիոն դրամից ավել վնաս է կրել, սակայն փոխհատուցումը եղել է ընդամենը 7000 դրամ հողի հարկի զիջումը:
Տուժած գյուղացիները նշեցին, որ 2 օր էլ կսպասեն, եթե օգնությունը ուշանա, նորից կդիմեն ծայրահող քայլերի:
Հիշեցնենք, որ մայիսի 12-ին մի շարք գյուղերի բնակիչներ առաջին անգամ փակեցին միջհամայնքային եւ հանրապետական նշանակության մի քանի ճանապարհ` կառավարության ուշադրությունը հրավիրելով իրենց խնդրին: Շոշափելի արդյունքի չհասնելով` նորից դիմեցին այդ քայլին:
Արթուր Այվազյանը նշեց, որ կարկտահարության վնասի չափը դեռ հայտնի չէ: «Ամփոփման փուլում է , համայնքներ կան, որ արդեն հաշվարկները ներկայացրել են, մեծ համայնքներում այդ աշխատանքներն ընթացքի մեջ են, եւ առաջիկա 2-3 օրերի ընթացքում ամբողջական տեղեկություն կունենանք»,-նշեց Արթուր Այվազյանը:
Մինչ Արմավիրի մարզի 39 համայնքի գյուղացիները հաշվարկում են մայիսի 12-ին տեղացած կարկտահարության հասցրած վնասները, Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ առաջիկա օրերին հանրապետության առանձին վայրերում նոր կարկտահարության վտանգ կա:
Մեկնաբանել