HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Hollywood Non-Stop՝ ամերիկյան կինոերաժշտության երեկո

Այսօր՝ մայիսի 16-ին, Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ երևանյան հանդիսատեսին եւս մեկ հնարավորություն կընձեռի՝ ունկնդրելու ամերիկյան կինոերաժշտությունը «Hollywood Non-Stop» համերգային ծրագրի շրջանակներում: Առաջին համերգը կայացավ երեկ՝ Արամ Խաչատրյան համերգասրահում:

Ամերիկյան կինոերաժշտության երեկոյի ընթացքում երիտասարդական նվագախմբի հետ հանդես է գալիս աշխարհահռչակ իտալացի ակորդեոնահար և բանդոնեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին:

Ամբողջ երեկոյի ընթացքում հոլիվուդյան սիրված ֆիլմերի մեղեդիներն ուղեկցվում են մեծ էկրանին ցուցադրվող ֆիլմերի կադրերով։ Հնչելու են «Գլադիատոր», «Կարիբյան ծովի ծովահենները», «Կնքահայրը», «Մի անգամ Ամերիկայում», «Աստղային պատերազմներ», «Մալենա» և բազմաթիվ այլ ֆիլմերի սաունդթրեքները։ Ծրագրում ընդգրկված բոլոր ստեղծագործությունները հատուկ գնվել են Հոլիվուդից:

«Hollywood Non-Stop» նախագիծը մեկնարկել է 2012 թվականի մարտին, այն ունկնդրել է երևանյան 8 բուհերի և հանրապետության 4 մարզերի շուրջ 9000 հանդիսական։ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գլխավոր գործընկերն է ՎիվաՍել-ՄՏՍ-ը, որը հովանավորում է նաև «Hollywood Non-Stop» համերգային նախագիծը։ «Hollywood Non-Stop»-ի գործընկերն է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատունը։ Համերգային ծրագիրն անցկացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

Այսուհետև Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի բոլոր համերգների յուրաքանչյուր գնված տոմսի արժեքի 10%-ը նվիրաբերվելու է «Նվիրի´ր կյանք» բարեգործական հիմնադրամին, որն իր ամբողջ ներուժն ուղղում է քաղցկեղով և արյան հիվանդություններով տառապող հայ մանուկների կյանքի փրկությանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter