
Հակոբ Սանասարյան. «Եթե «Մեթըլ Փրինս»-ը այսպես շարունակի, 4-6 տարի հետո այս տարածքը կարող է վերածվել մահվան դաշտի» (վիդեո)
Մայիսի 15-ին բնապահպանների մի խումբ «Հայաստանի Կանաչների միություն» ՀԿ-ի նախագահ Հակոբ Սանասարյանի ղեկավարությամբ այցելել էին Ախթալա` տեղում դիտարկելու «Մեթըլ Փրինս Էլ-Թի-Դի» ընկերությանը պատկանող Շամլուղի բաց հանքավայրի, ընկերության պոչամբարների բնապահպանական իրավիճակը, ԼՀԿ-ի ջարդման արտադրամասի արտադրական պրոցեսները և բանվորների աշխատանքային պայմանները:
Օրվա կեսին, երբ բնապահպանները Շամլուղի գերեզմանների մոտից՝ հանքավայրից դուրս, բարձրադիր տարածքից նայում էին բաց հանքը, տարածքը վերահսկող ԼՀԿ-ի անվտանգության աշխատողի ահազանգով անվտանգության մի խումբ աշխատողների ուղեկցությամբ բնապահպանների մոտ հայտնվեց ԼՀԿ-ի հանքերի պետ Արմեն Նաղդալյանը: Վերջինս բնապահպաններից պահանջեց շտապ լքել տարածքը: «Դուք ո՞վ եք»,- Հակոբ Սանասարյանին դիմեց հանքերի պետը: Բնապահպանները իրենց հերթին փորձեցին պարզել Արմեն Նաղդալյանի ինքնությունը: «Ցույց տվեք այն փաստաթուղթը, որ Դուք իրավունք ունեք մեզ վռնդելու»,- ասաց բնապահպաններից տիկին Գրետան:
Բնապահպանները հանքերի պետից պահանջեցին նաև փաստաթուղթ` տարածքը ԼՀԿ-ին պատկանելու մասին: «Դուք պետք է գայիք մի հատ հիմնարկ, Ձեզ ուղեկցող կտային, նորմալ ձևով Ձեր ուզած տեղերը կայցելեիք, Ձեր ուսումնասիրությունները կանեիք»,- բնապահպաններին ասաց Արմեն Նաղդալյանը:
![]() |
![]() |
Արմեն Նաղդալյանը | Հակոբ Սանասարյանը |
«Կանաչների միություն» ՀԿ-ի նախագահ Հակոբ Սանասարյանն այցի առնչությամբ «Հետքին» հայտնեց. «Ես բնապահպանական մեր խմբի այցի հետ կապված՝ նախապես բանակցել էի «Մեթըլ Փրինս Էլ-Թի-Դի» ընկերության գլխավոր տնօրեն Մադլեն Թաշճյանի հետ: Մենք մոտ 10 օր առաջ պետք է գայինք: Տիկին Մադլենն ասաց, որ տոներից հետո գանք»: Իսկ տոներից հետո ընկերության քմահաճ գլխավոր տնօրենը ԼՀԿ-ի ստորաբաժանումներ բնապահպանների այցը թույլատերու համար Հակոբ Սանասարյանի առջև նոր պահանջ է դրել: Հիմա էլ ասացին՝ չէ, մի գնացեք, եկեք բանակցենք, թե ինչ նպատակով և ինչ իրավունքով եք գնում Ախթալա: Սա չլսված հարցադրում էր, և այդ տիկինը, ով իրեն հանքատեր է համարում, ավելի լավ է մի քիչ զսպի իրեն և նման հարցեր չտա մարդկանց»:
Ախթալայում բնապահպանների շրջագայության ընթացքում ընկերության հանքերի պետը անվտանգության աշխատողների հետ ընկերությանը պատկանող «Վիլիս» ավտոմեքենայով հետևում և խոչընդոտում էին բնապահպանների աշխատանքին: Հակոբ Սանասարյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ առաջին անգամ չէ Ախթալայում. «Եթե մարդկանց հնարավորություն է տրվել կողոպտել ժողովրդին, այն էլ՝ օրենքի շրջանակներում, նրանք կողոպտում և լկտիանում են»,- ասաց գիտնականը: Բնապահպանների աշխատանքին խորընդոտելու՝ ԼՀԿ-ի գլխավոր տնօրենի հանձնարարությունը բնապահպանը համարեց մարդու իրավունքների ոտնահարում: Նրա խոսքով՝ այլ երկրում դրա համար հանքարդյունաբերողը կպատժվեր:
Այդուհանդերձ, պարոն Սանասարյանը հանցագործություն համարեց Շամլուղի բաց հանքի շահագործումը: Նա ասաց, որ Հայաստանում կա ուրանի հանքայնացման երևակումների քարտեզ, և այնտեղ հստակ Շամլուղի բաց հանքը մտել է որպես ուրանացված հանք: «Ես չեմ ասում՝ այնտեղ ուրանի հանք կա, բայց հանքը քարտեզում նշված է,- ասաց պարոն Սանասարյանը և հավելեց, որ Ախթալա իր այցի նպատակն է ուսումնասիրել, թե հանքավայրում կա՞ն ուրանային հետքեր:- Պետք է տեսնեինք՝ այնտեղ անալիտիկ ուսումնասիրություններ կատարվե՞լ են, թե՞ ոչ»:
Կանաչների միության նախագահը ափսոսանք հայտնեց ԼՀԿ-ի կողմից Ախթալա գետակի անվերջ շարունակվող պոչանքային աղտոտումների կապակցությամբ: Անդրադառնալով Ճոճկանի պոչամբարի վիճակին՝ Հակոբ Սանասարյանն անթույլատրելի համարեց երկու բնակավայրերի` Մեծ Այրում և Ճոճկան համայնքների արանքում, գետի հունի վրա պոչամբար տեղադրելը. «Դա կարող է անել միայն հանցագործը, թող հանեն, տեղափոխեն մեկ այլ տեղ»: «Հետքի» հարցին, թե որքանո՞վ է թույլատրելի պոչամբարի տեղափոխումը, պարոն Սանասարյանը պատասխանեց. «Ճիշտն ասած`դա այդքան էլ խրախուսելի չէ: Իհարկե, սա անլուծելի խնդիր է»:
Անդրադառնալով Ախթալայի բնապահպանական վիճակին՝ Հակոբ Սանասարյանը հանցագործություն որակեց նաև դեռևս 2000թ. ԼՀԿ-ի նախկին գլխավոր տնօրեն Սերոբ Տեր-Պողոսյանի կողմից ընկերության երկու պոչամբարների բեռնաթափումը և դրանք Ախթալա գետակի բերանին և Ախթալա-Մեծ Այրում մինչհամայնքային ճանապարհաեզրին կուտակելը: «Իհարկե, չի կարելի այս տարածքը համեմատել Քաջարանի և Սյունիքի հետ, որտեղ ընդհանրապես մահվան դաշտ է, բայց եթե «Մեթըլ Փրինսը» այսպես շարունակի, 4-6 տարի հետո այս տարածքը նույնպես կարող է վերածվել մահվան դաշտի, եթե չկանխվի»,- ասաց Հակոբ Սանասարյանը:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել