HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Միայն մեկ ծառ» Երևանն ավելի կանաչ դարձնելու համար

Սինոփսիս Արմենիան հայտարարում է «Միայն մեկ ծառ» նոր նախաձեռնության մասին` հրավիրելով Հայաստանում գործող ՏՀՏ ընկերություններին Երևանում տնկել մեկական ծառ յուրաքանչյուր աշխատակցի կողմից ամեն տարի, որպես կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրի մաս: Այսօր տնկված ծառերը կգեղեցկացնեն Երևանը և կդարձնեն միջավայրն ավելի առողջ՝ ծառայելով որպես «նոր թոքեր»՝ գալիք տարիներին քաղաքի շնչելու համար: Այս ծառերը նաև կծառայեն որպես երկարակյաց ժառանգություն բոլոր նրանց կողմից, ովքեր մասնակցել են «Միայն մեկ ծառ» միջոցառմանը: 

Նախաձեռնությունը բաց է բոլորի համար: Այն առանձնահատուկ է նրանով, որ յուրաքանչյուր ընկերություն, անկախ իր չափից և ֆինանսական հզորությունից, կարող է լիարժեք ներդրում ունենալ: «Միայն մեկ ծառ» սկզբունքը ենթադրում է ամեն մասնակից ընկերության կողմից մեկ ծառ իր յուրաքանչյուր աշխատակցի համար՝ յուրաքանչյուր տարի: Փաստորեն և՛ փոքր, և՛ մեծ ընկերությունները կարող են օգնել Երևանի ծառապատման գործում. մեծ ընկերությունները կարող են տնկել հազարարավոր ծառեր, իսկ փոքր սկսնակ ընկերությունները՝ միայն մի քանի ծառ: Բոլորն էլ կունենան իրենց լիարժեք ներդրումը: 

«Միայն մեկ ծառ նախաձեռնությունը զգալի դրական և տեսանելի ազդեցություն կունենա Երևանում քաղաքային անտառի ձևավորման վրա, որը զոհաբերվել է անկախության առաջին դժվար տարիներին»,- ասում է Սինոփսիս ընկերության  մարքեթինգի գծով փոխնախագահ և Սինոփսիս Արմենիա ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Ռիչ Գոլդմանը:

«Երևանում կձևավորվի քաղաքային անտառ և դրանից կշահեն մեր սերունդները:  Այն կթողնի տեսանելի ժառանգություն յուրաքանչյուր ընկերության և անձի համար, ով մասնակցում է ծառատունկին, քանի որ նրանք հնարավորություն կունենան տեսնել, թե ինչպես է ծառը, որը նրանք անձամբ տնկել են, աճում տարեց տարի, Հայաստանի զարգացմանը զուգահեռ: Միայն մեկ ծառ տնկելը յուրաքանչյուր աշխատակցի կողմից եղել է Հայաստանում Սինոփսիսի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրի մի մասը: Այն դարձել է անգնահատելի մի ավանդույթ, երբ մեր աշխատողները և նրանց ընտանիքի անդամները մասնակցում են ամենամյա ծառատունկին: Նրանք հայտնաբերել են, որ կարող են օգտակար լինել իրենց համայնքին և միաժամանակ լավ ժամանակ անցկացնել: Նրանց դուր է գալիս տեսնել իրենց աշխատանքի պտուղները, տարեց տարի հետևել ծառերի աճին: «Միայն մեկ ծառը» մեծ և տևական դրական ազդեցություն կունենա Երևանի վրա»: 

«Քաղաքապետարանը միանում է Սինոփսիս ընկերության կորպորատիվ սոցիալական պատասխանատվության մաս կազմող այս նախաձեռնությանը և պատրաստակամություն է հայտնում իր լիազորությունների սահմանում աջակցել իրականացվող աշխատանքներին: Բոլորի ցանկությունն է մեր քաղաքը տեսնել ավելի կանաչ և էկոլոգիապես ավելի մաքուր: «Ավելի լավ Երևան» ծրագրի հիմքում առանցքային նշանակություն ունի կանաչ տարածքների ավելացումը, նոր այգիների հիմնադրումը, զբոսայգիների վերականգնումը և գալիք տարիներին մենք բոլորս միասին իրականացնելու ենք լայնամասշտաբ միջոցառումներ այդ ուղղությամբ: Մենք նաև նախատեսում ենք անտառվերականգնման ծրագրեր Երևանի սահմաններում: «Միայն մեկ ծառ» նախաձեռնությունը կդառնա այս ծրագրի բաղկացուցիչ մասը» - ասում է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

«Կանցնեն տարիներ, և եթե մեր գիտակցության մեջ ամրապնդվի այն միտքը, որ ամեն տարի մեզանից յուրաքանչյուրը մեկ ծառ պետք է տնկի Երևանում, ապա մեր սիրելի քաղաքը կվերածվի կանաչ գոտու: Այսօր ՏՀՏ ընկերություններն են միանում, վաղը համոզված եմ նաև այլ ընկերություններ կմիանան և այսպես շարունակ: Դարձնենք մեր քաղաքը կանաչի մեջ լողացող և մաքուր», - ասում է Սինոփսիս Արմենիայի տնօրեն Հովիկ Մուսայելյանը: 

«Հոյակապ նախաձեռնություն է և լավագույնս համապատասխանում է ՏՀՏ ոլորտի կոնսոլիդացմանը: Ոլորտում այժմ 12,000 մարդ է աշխատում և հույս ունեմ, որ դրանց զգալի մասը կողջունի այս նախաձեռնությունը, և մենք մեր լուման կունենանք մեր շրջապատը բարելավելու և ավելի բարենսպաստ դարձնելու գործում», - ասում է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության նախագահ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

Ակնկալելով հաջողություն ՏՀՏ ոլորտում՝ նախաձեռնությունը նախատեսում է ընդլայնվել հաջորդ տարիներին, հրավիրելով նաև այլ ոլորտի ընկերություններին միանալ «Միայն մեկ ծառ» նախաձեռնությանը և ունենալ դրական ազդեցություն այն միջավայրի վրա, որտեղ իրենց աշխատակիցներն ապրում և աշխատում են: 

Այդպիսի կազմակերպություններից մեկի՝ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության նախագահ Արսեն Ղազարյանը նշում է, - «Միության նախագահությունն արդեն որոշում է կայացրել այս տարի միանալ նախաձեռնությանը»: Այս մասին նշված է Սինոփսիս Արմենիայի տարածած հաղորդագրությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter