Գևորգյան հոգևոր ճեմարանի և Մոսկվայի հոգևոր ակադեմիայի միջև ստորագրվեց համագործակցության համաձայնագիր
Մայիսի 16-ին Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում տեղի ունեցավ Գևորգյան հոգևոր ճեմարանի և Մոսկվայի հոգևոր ակադեմիայի միջև համագործակցության համաձայնագրի ստորագրման միջոցառումը: Այս առիթով Հայաստան է ժամանել Մոսկվայի հոգևոր ակադեմիայի պատվիրակությունը` գլխավորությամբ Ռուս Ուղղափառ Եկեղեցու ուսումնական կոմիտեի նախագահ, ակադեմիայի ռեկտոր Վերեյսկու արքեպիսկոպոս Եվգենիի: Այս մասին տեղեկացնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը:
Ողջույնի խոսքով հանդես է եկել Մայր Աթոռի հոգևոր-կրթական հաստատությունների վերատեսուչ, Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը: «Հավատով, պատմությամբ, մշակույթով և աշխարհընկալմամբ կապված մեր ժողովուրդների հոգևոր փոխհարաբերությունների դարավոր պատմության մեջ այս օրը հատկանշում է ևս մեկ կարևոր հանգրվան: …Մեզ համար առաջնային խնդիր է եկեղեցու հավատարիմ սպասավորների դաստիարակությունը. հոգևորականներ, ովքեր իրենց նվիրումով, հավատով և հայրենասիրությամբ կնպաստեն մեր քրիստոնեական աշխարհի վերածնությանն ու զարգացմանը: Մենք վստահ ենք, որ երկու հաստատությունների միջև այս համաձայնագրի ստորագրությունը կնպաստի ճեմարանների հարաբերությունների ամրապնդմանն ու զարգացմանը և կբացի համագործակցության նոր հորիզոններ», - նշել է Սրբազան հայրը:
Ներկաներին իր խոսքն է ուղղել Մոսկվայի հոգևոր ակադեմիայի տեսուչ Եվգենի արքեպիսկոպոսը` համաձայնագրի ստորագրումը կարևոր քայլ նկատելով երկու Եկեղեցիների հարաբերություններում: Նա ընդգծել է երիտասարդների կրթության և եկեղեցականների պատրաստության կարևորությունը` անդրադառնալով կրթական բարեփոխումներին, ինչպես նաև դրանց իրականացման գործում հոգևոր ճեմարանների միջև համագործակցության և փորձառության փոխանակման անհրաժեշտությանը:
Համաձայնագրի շրջանակներում նախատեսվում է համագործակցություն աստվածաբանական, հումանիտար գիտությունների և հոգևոր կրթության բնագավառներում, ինչպես նաև ուսումնական, գիտական, ուսումնամեթոդական և տեղեկատվական-հրատարակչական գործունեության համախմբում և ջանքերի միավորում` ի նպաստ միասնական հումանիտար գիտակրթական տարածքի ընդլայնման: Ստորագրված փաստաթղթով փոխադարձ համաձայնություն ձեռք բերվեց` մշակելու և ներդնելու համատեղ փոխլրացնող կրթական ծրագրեր, օգտագործելու դասախոսների փորձը` նրանց մասնակից դարձնելով համատեղ ուսուցման ծրագրերի մշակմանն ու իրականացմանն առանձին առարկաների կամ կրթական ծրագրերի շրջանակներում: Ծրագրվում է կազմակերպել համատեղ գիտական միջոցառումներ ու գիտահետազոտական ուսումնասիրություններ, ուսումնամեթոդական աշխատանքների բնագավառում` փորձի փոխանակում կատարել, նպաստել դասախոսների որակավորման բարձրացմանը, մշակել մանկավարժական տեխնոլոգիաներ: Նաև համատեղ հրատարակության կպատրաստվի գիտական ու կրթական գրականություն:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել