HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մելիքյանի «Ճանապարհորդություն դեպի Կուսաստանը»՝ գեղարվեստական չորս լավագույն գրքի ցանկում

ForeWord Reviews-ը հայտարարել է «2010թ. տարվա գիրք» մրցանակաբաշխության հաղթողներին, ովքեր մեծարվել են Նյու Օրլինսի Ամերիկյան գրադարանային միության գիտաժողովի ժամանակ: Նրանց ընտրել է գրադարանավարներից և գրավաճառներից կազմված ժյուրին:

Լոս Անջելեսում բնակվող գրող Արմեն Մելիքյանի «Ճանապարհորդություն դեպի Կուսաստան: Թուղթ առաջին» վեպը (որը մարդկային փոխակերպության մի յուրօրինակ տեսլական է բերում) «Գեղարվեստական գրականության» այս բարձրակարգ մրցույթում չորս հաղթողից մեկն է: Եզրափակիչ դուրս եկած 14 գրքերից միայն նա ստացավ «Պատվարժան կարևորումը»: «Ճանապարհորդություն դեպի Կուսաստանը» հրատարակել է Two Harbors Press հրատարակչությունը (Hillcrest Publishing Group):

«Սա արդեն երրորդ մրցանակն է, որ «Ճանապարհորդություն...»-ը շահում է վերջին երեք ամսվա ընթացքում»,- ասում է Two Harbors Press-ի հրապարակայնության բաժանմունքի տնօրեն Էմիլի Վայսը:- Վերջերս գիրքն արժանացավ Pinnacle Book Achievement-ի «Լավագոյն արձակ» մրցանակին, իսկ կատակերգական-զվարթախոհական գրականության մեջ Next Generation Indie Book Awards-ն այն ընդգրկեց լավագույն գրքերի ցանկում»:

ForeWord-ի հիմնադիր-հրատարակիչ Վիկտորյա Սադըրլենդը մրցանակաբաշխության արարողության ժամանակ ասաց. «Այսօրվա մրցանակաբաշխությունն ու հաղթողների մեծարումը ForeWord Reviews-ի աշխատակազմից յուրաքանչյուրի մեկամյա լարված, բայց արժանահատույց ջանքերի գագաթնակետն է: Մեր բոլոր խմբագիրները գործ են ունեցել այս կամ այն գրական սեռի, գրքի կամ հեղինակի հետ, և այս արարողությունն իսկապես հուզիչ է»:

ForeWord-ի քննադատների կազմի անդամներից Լեյա Մենլավը, «Ճանապարհորդություն դեպի Կուսաստանը» նկարագրում է որպես «գրավիչ, փայլուն և վարպետորեն գրած վեպ. ցավոտ մի մեկնություն աշխարհի և նրա բնակիչների մասին»: Մենլավն ավելացնում է. «Մելիքյան գրողի շռայլ տաղանդն ու համաշխարհային պատմությունը բոլորովին այլ կերպ արտահայտելու ունակությունն արարում են մի հետաքրքրաշարժ ուղևորություն` դեպի պատերազմող կրոնները, պատերազմող սեռերը, պատերազմող մշակույթները և նրանց հետևում թաքնված պատմություններն ու գոյության տրամաբանությունը»:

«Ճանապարհորդություն դեպի Կուսաստանը» ինչ-որ առումով հիշեցնում է Ջեյմս Ջոյսի, Թոմըս Փինչընի, Ումբերտո Էկոյի և այլոց վիպական նմանակումները: Իր բորբոքուն ոճով, նորարարական լեզվով, համապատկերային և բնաբանային հսկայական ծավալով' այս գիրքը արարման մեջ գտնվող գրական հեղափոխության օրինակ է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter