
Անձին ուզում են դատապարտել զինծառայությունից խուսափելու համար, բայց Հայաստան վերադառնալու հնարավորություն չեն տալիս
Դեռևս 1998-ին` 13 տարեկանում, Վանաձորի բնակիչ Տիգրան Կոստանյանը սոցիալական անապահով պայմանների պատճառով ընտանիքի հետ մեկնել է Իսպանիայի Թագավորություն` մշտական բնակության: Նրա 27 տարին լրանալուց հետո Լոռու մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ Քր.օր.-ի 327 հոդվածի 1-ին մասով` զինվորական ծառայությունից խուսափելու դեպքի առթիվ: Քննիչն այնուհետև որոշում է կայացրել նյութերով քրգործի հարուցումը մերժելու մասին` հանգելով հետևության, որ Տիգրան Կոստանյանը որևէ հանցագործություն չի կատարել, և նրա արարքում հանցակազմ չկա: Բայց դատախազությունը վերացրել է քննիչի այդ որոշումը` մեկնաբանելով, թե Տիգրան Կոստանյանը 13 տարեկանից կանխամտածված, հետագայում ծառայությունից խուսափելու նպատակով մեկնել է ՀՀ-ից:
Ըստ Տիգրան Կոստանյանի շահերի պաշտպան Ռուբեն Հակոբյանի` այդ ձևակերպումն անհիմն է, որովհետև նախ` 13 տարեկան անձը չի կարող լինել հանցագործության սուբյեկտ, և ապա` եթե ընտանիքը մեկնում էր, երեխան չէր մնալու Հայաստանում և սպասեր, որ 5 տարի հետո զինվորական ծառայության անցնի: «13 տարեկանում դեռ երեխա, իրենց գոյությունը չեն կարողանում պահել, մի կերպ Հայաստանից դուրս են գալիս, որ ապրեն, դատախազությունը մեկնաբանում է, թե կանխամտածված է գնացել»,- նկատում է փաստաբան Հակոբյանը: Նրա խոսքով` տվյալ դեպքում անձն օբյեկտիվ պատճառներով հնարավորություն չի ունեցել վերադառնալու Հայաստան, որովհետև անձը հաստատող փաստաթուղթ չի ունեցել: Դիմել է ՀՀ պատկան մարմիններին, որ անձնագիր ստանա, բայց փոխարենը քրգործ են հարուցել զինվորական ծառայությունից խուսափելու համար: Մինչդեռ Տիգրան Կոստանյանը նախազորակոչային նախապատրաստություն, կցագրում չի անցել, երբևէ զինկոմիսարիատ չի հրավիրվել, ռազմաբժշկական հանձնաժողովի կողմից հետազոտության չի ենթարկվել, նրա պիտանելիությունը որոշված չէ, երբևէ ծանուցում չի ստացել, և այդ ամենը` հաշվառված չլինելու պատճառով:
Քրգործ հարուցելու մասին որոշումը փաստաբան Հակոբյանը վերադասության կարգով բողոքարկել է Լոռու մարզի նորանշանակ դատախազին, որի կողմից բողոքը մերժվել է, փաստաբանի կարծիքով՝ չպատճառաբանված, չհիմնավորված ձևով: Մերժման որոշումն այնուհետև բողոքարկել է դատարան, որպեսզի վերացվի իր վստահորդի իրավունքները խախտող` նախաքննական մարմնի որոշումը, և նրան ՀՀ քաղաքացու անձնագիր տրամադրվի, որպեսզի Տիգրան Կոստանյանը կարողանա վերադառնալ Հայաստան: Մայիսի 6-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում նախագահությամբ դատավոր Մուշեղ Հարությունյանի քննարկվել է նրա բողոքն ընդդեմ Լոռու մարզի դատախազներ Վահագն Ստեփանյանի և Հակոբ Կարախանյանի որոշումների: Առաջինը որոշում էր կայացրել քրեական գործ հարուցելու մասին, փաստաբանը դրա դեմ բողոք էր բերել դատախազ Կարախանյանին, որի կողմից այն մերժվել էր:
Դատավարությանը դատախազներից ներկայացել էր միայն Ստեփանյանը, Կարախանյանը դատական նիստին չէր ներկայացել: Փաստաբանը չէր վիճարկել բողոքի քննարկումը նրա բացակայությամբ, քանի որ, նրա խոսքով, երկուսի պատճառաբանություններն էլ նույնն էին, տարբերություն չկար, թե ով կգար և ինչ կներկայացներ:
Դատարանում նոր ապացույցներ են բերվել առ այն, որ Իսպանիա գնալուց հետո Տիգրան Կոստանյանը մի քանի անգամ դիմել է ՀՀ դեսպանատներ, որ տեղեկանքներ ստանա, անձը հաստատող փաստաթուղթ, որ կարողանա վերադառնալ Հայաստան, բայց նրան ոչ մի պատասխան չի տրվել: Դատարան է ներկայացվել նաև Տիգրան Կոստանյանի հոր գրավոր բացատրությունը: Դատավորը չի լսել նրա բանավոր վկայությունը` պատճառաբանելով, որ դատավարական ընթացակարգ չկա վկա հարցաքննել բողոքների քննության ընթացքում: Ի վերջո, որոշում է կայացվել բողոքը մերժելու մասին: Որպես հիմնավորում դատարանը վկայակոչել է, որ քրգործ հարուցելու մասին որոշումը մինչդատական վարույթում դատական վերահսկողության առարկա լինել չի կարող, և, բացի այդ, տվյալ որոշմամբ Կոստանյանի իրավունքներն ու օրինական շահերը չեն խախտվել:
«Երկու հիմնավորումն էլ տեղին չեն, քանի որ Վճռաբեկ դատարանը զարգացրել է իր կողմից կայացրած նախադեպը և իր որոշումներում նշել, որ քրգործ հարուցելու որոշումը կարող է բողոքարկման առարկա լինել մինչդատական վարույթում` դատական վերահսկողության կարգով: Ինչ վերաբերում է իրավունքների խախտմանը, կարող եմ վկայակոչել մի շարք իրավունքներ, բայց ընդամենը մեկ իրավունքի կամ ազատության վրա կենտրոնանանք. հարուցվել է քրեական գործ, որի հետևանքով ՀՀ որոշ պետական կառույցներ հրաժարվում են Տիգրան Կոստանյանին տալ այնպիսի տեղեկանք, որի հիման վրա Իսպանիայի թագավորությունում նրան կտրվի երկրից ելքի թույլտվություն: Այսինքն` հարուցված քրեական գործի հետևանքով արդեն իսկ չի կարող վերադառնալ ՀՀ, նախկինում էլ չէր կարող, հիմա առավել ևս չի կարող: Այսինքն` հարուցել եք քրեական գործ, որպեսզի քրեական պատասխանատվության ենթարկեք անձին, բայց այդ անձը չի կարող ներկայանալ, որովհետև դուք չեք թողնում ներկայանա. անիմաստ, չհիմնավորված, չպատճառաբանված որոշում»,- ասում է Ռ. Հակոբյանը:
Փաստաբանը վերաքննիչ բողոք է բերել դատարանի որոշման դեմ, միաժամանակ միջնորդել է նախաքննական մարմնին կարճել հարուցված քրգործի վարույթը` Տիգրան Կոստանյանին վերագրվող գործողություններում որևէ հանցակազմ չլինելու հիմքով:
Մեկնաբանություններ (9)
Մեկնաբանել