
Մանրո՞ւք է
Մամուլում կարդացի, որ երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարին և հանդիպման ընթացքում նշել, որ զբոսաշրջությունը Հայաստանում տնտեսության գերակա ճյուղ է, և չնայած այդ ոլորտում տարեկան մոտ 20 տոկոս աճ է գրանցվում, իսկ ներքին զբոսաշրջության առումով՝ փոքր-ինչ ավելին, այնուամենայնիվ, Հայաստանում զբոսաշրջությունը շատ մեծ ներուժ ունի, որն անհրաժեշտ է լիարժեք օգտագործել:
Որպես ընթերցող կամ ավելի շուտ որպես այս երկրի, առավել ևս հանրապետության զբոսաշրջության զարգացման գործում կարևոր դերակատարություն ունեցող տարածաշրջանի բնակիչ, գուցե պիտի ուրախանայի նկատված աճով և իրականացվող նախաձեռնություններով, եթե հենց երեկ մայրաքաղաքից ու օվկիանոսի այն կողմից մեր մարզում գտնվող հյուրերս չպատմեին, թե ինչպես են «Տաթևի թևեր» ճոպանուղի նստելու համար մի քանի ժամ հերթ կանգնել արևի տակ, քանի որ տարածքում, որտեղ գտնվում է, այսպես ասած, սպասավայրը, ո'չ նստարաններ կան, ո'չ էլ անգամ ամռան այս տապից կամ անձրևից պաշտպանվելու համար հովանոց- ծածկոցներ:
Իսկ ամենազավեշտալին, որն անգամ մարդկային երևակայության մեջ դժվար է տեղավորել, բնության հրաշքի` Շաքիի ջրվեժի «սեփականաշնորհումն է»: Արդարության համար ասեմ, որ այս խնդրին ինքս մի քանի անգամ ականատես եմ եղել. կապված նրա հետ, թե որքան ես վճարում, կարող ես ջրվեժը տեսնել կա'մ մասնակի, կա'մ ամբողջ շքեղությամբ, քանի որ պիտի «խոսես» ինչ- որ մեկի հետ (ով քեզ դիմավորում է ջրվեժ տանող ճանապարհի դարպասի մոտ), «ձեռը փող դնես», որ ... ջուրը միացնեն: Իսկ, եթե նախապես մտքովդ չի անցել, որ ջրվեժն «ամենքին է հավասար» բարձրաբերձ լեռան վրա հազիվ ջրի մի քանի շիթ կնկատես ու երևի զարմանաս էլ, թե էստեղ տեսնելու ինչ կա, որ...
Իսկապես, ինչ կա որ մեր երկրում տեսնելու, եթե զբոսաշրջությունը տնտեսության զարգացման հետ կապելը շփոթվում է համարյա կոռուպցիայի հետ:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել