HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՊԵԿ-ը ստուգումներ է կատարում՝ չներկայացնելով հիմնավորված որոշումը

Օմբուդսմենը ստացել է ահազանգեր, որ Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները հաճախակի այցելում են տնտեսվարող սուբյեկտներին և հաստատված պլանից դուրս ստուգումներ իրականացնում հարկային պարտականությունների պատշաճ կատարման վերաբերյալ: Որպես այդպիսի ստուգումների անցկացման հիմք հարկային ծառայության աշխատակիցների կողմից նշվում է մասնագիտական ստուգում նշանակելու մասին քննիչի որոշումը, որը, սակայն, չի տրամադրվում շահագրգիռ անձանց` զրկելով նրանց որոշմանը ծանոթանալու, դրա հիմնավոր լինելու մեջ հավաստիանալու և այն բողոքարկելու հնարավորությունից:

Այս կապակցությամբ Պաշտպան Կարեն Անդրեասյանը գրավոր պարզաբանումներ է ստացել ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեից և ՀՀ գլխավոր դատախազությունից:

ՀՀ գլխավոր դատախազությունն իր համաձայնությունն է հայտնել ձևավորված պրակտիկայի հակաիրավական լինելու հարցում` նշելով, որ «ստուգում նշանակելու մասին հետաքննության մարմնի կամ քննիչի որոշումը շահագրգիռ անձանց չտրամադրելու ձևավորված պրակտիկան չի բխում ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածով, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայի 13-րդ հոդվածով և ՀՀ քր. դատ. օր. 103 և 290 հոդվածներով նախատեսված իրավակարգավորումներից»: Մինչդեռ  ՊԵԿ-ը չի ընդունում ձևավորված պրակտիկայի հակաիրավականությունը և շարունակում է պնդել իր աշխատակիցների գործողությունների իրավաչափության մասին:

Նկատի ունենալով խնդրի համակարգային բնույթը և ՊԵԿ-ի գործողությունների և դիրքորոշման ոչ իրավաչափությունը՝ պահանջում ենք հետաքննություն և նախաքննություն իրականացնող իրավասու մարմիններին  դադարեցնել հետաքննիչի կամ քննիչի որոշումը շահագրգիռ անձանց չտրամադրելու ոչ իրավաչափ գործելաոճը: Բացի այդ, տնտեսվարող սուբյեկտներին և այլ շահագրգիռ անձանց առաջարկում ենք ստուգում նշանակելու մասին հետաքննիչի կամ քննիչի որոշումը պահանջել որոշումը կայացրած պաշտոնատար անձից, իսկ մերժում ստանալու դեպքում` բողոքարկել հետաքննիչի կամ քննիչի անգործությունը դատախազին:

Մարդու իրավունքների պաշտպանը լիահույս է, որ խնդրի արագ կարգավորումը կնպաստի երկրում ձեռնարկատիրական գործունեության մթնոլորտի բարելավմանը, տնտեսվարող սուբյեկտների իրավունքների առավել արդյունավետ պաշտպանությանը: Այս մասին նշված է ՄԻՊ աշխատակազմի տարածած հաղորդագրությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter