
Գարնան արևը եթե ինձ չտաքացրեց, աշնան արևն էլ պետք չէ. կարկուտից տուժած գյուղացի
«Ծաղկած բերքս հողին է հավասարվել, սերմը տան, որ ի՞նչ անեմ»,- Փոքր Արմավիր գյուղի բնակիչ Եղիազար Ասմարյանը, ով օրերս կարկտահարումից տուժած 47 համայնքներից մեկի ներկայացուցիչն է, անիմաստ է համարում պետության կողմից սերմ տրամադրելու տեսքով առաջարկված օգնությունը, քանի որ «այդ սերմը, լավագույն դեպքում, աշնանը փոքր բերք կարող է տալ», որը, ըստ գյուղացու, հարցի լուծում չէ:
«Մենք պետությունից ակնկալում ենք ընդամենը մի քիչ աջակցություն՝ սառեցնել գյուղացիական վարկերը, որպեսզի գոնե մինչև մյուս տարի ի վիճակի լինենք դրանք մարել»,- ասուլիսի ժամանակ ասաց Եղիազարը:
Նույն համայնքի բնակիչ, նախկին ազատամարտիկ Ասատուր Հայրապետյանը, խոսելով փոխգյուղնախարարի՝ Փոքր Արմավիր և Հայկավան համայնքներ կատարած այցի մասին, ասաց, որ իրենք հուսադրող ոչինչ չլսեցին, և որ պետք չէ գյուղացուն սոսկ հուսադրող խոսքեր ասել, անհրաժեշտ են նաև կոնկրետ գործողություններ:
«Յուրաքանչյուր գյուղացի միջինն ունի 2-3 միլիոն դրամ՝ տարբեր բանկերից վերցրած վարկ: Երբ պետությանը դիմում ենք, ասում են, որ դրանք մասնավոր բանկեր են, մենք ոչինչ անել չենք կարող: Սա ստրատեգիական նշանակության աղետ էր, որը 10 քայլով խթանում է արտագաղթը»,- ասաց Ասատուր Հայրապետյանը և հավելեց, որ ոչնչացված խաղողի վազը կձևավորվի միայն 3 տարի հետո, և իրենք չգիտեն, թե այդ ընթացքում ինչով են սնվելու:
«Դեռ մեկ շաբաթ առաջ մենք, այսպես ասած, սոցիալապես ապահով էինք, այսօր գրեթե բոլորս դարձել ենք սոցիալապես անապահով»,- ասաց փոքրարմավիրցի Սրապիոն Նազարյանը, խոսելով կառավարության առաջարկած մոդելի մասին, որի համաձայն՝ օգնություն է տրամադրվելու կարկուտից տուժած այն գյուղացիներին, ովքեր սոցիալապես անապահով են:
«Երեկ՝ կրակը դեռ «Սպայկայում», կառավարությունն ասաց, որ կօգնեն այդ կազմակերպությանը: Ինչի՞ համար, ձե՞րն է, դրա համար: Իսկ գյուղացի՞ն: Նա արդեն մեկ շաբաթ է, ինչ մղկտում է իր ցավի մեջ, իսկ կառավարությունը մինչև հիմա դեռ վնասի չափն է հաշվում»,- ասաց «Աջակցություն արմավիրցիներին» նախաձեռնության ներկայացուցիչ Նարե Գրիգորյանը:
«Մեծական մի խոսք կա,- նկատեց Ասատուր Հայրապետյանը,- գարնան արևը եթե ինձ չտաքացրեց, աշնան արևն էլ պետք չէ»:
Նկարում՝ ձախից, Եղիազար Ասմարյան, Ասատուր Հայրապետյան, Նարե Գրիգորյան, Սրապիոն Նազարյան
Մեկնաբանել