HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինչպիսի Հայաստան են երազում երիտասարդները

«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության հայտարարությունը Սահմանադրության օրվա առթիվ

Երիտասարդության արտագաղթի ներկայիս աննախադեպ ֆոնին հաճախ է խոսվում նրա երազած Հայաստանի մասին: Տարբեր կազմակերպություններ և գործիչներ սիրում են այս թեմայով ամպագոռգոռ ու ոչինչ չնշանակող ճառեր հնչեցնել: Մինչդեռ ամենը պարզ է ու հասարակ:

Երիտասարդների երազած Հայաստանը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է: Այդ Հայաստանում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների միջոցով:

Երիտասարդների երազած Հայաստանում մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները և ազատությունները բարձրագույն արժեքներ են: Այդ Հայաստանում Զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն և գտնվում են քաղաքացիական վերահսկողության ներքո:

Երիտասարդների երազած Հայաստանում պետությունն ապահովում է շրջակա միջավայրի պահպանությունն ու վերականգնումը, բնական պաշարների ողջամիտ օգտագործումը: Պատմության և մշակույթի հուշարձանները, մշակութային այլ արժեքներ պետության հոգածության ներքո են: Պետական լեզուն հայերենն է:

Երիտասարդների երազած Հայաստանում բոլոր մարդիկ հավասար են օրենքի առջև: Խտրականությունը' կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնության պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից, անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, բացառվում է:

Երիտասարդների երազած Հայաստանում արգելվում է օրենքի խախտմամբ ձեռք բերված ապացույցներ օգտագործելը: Հարգվում է յուրաքանչյուրի անձնական ու ընտանեկան կյանքը: Յուրաքանչյուր ոք ունի մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունք:

Երիտասարդների երազած Հայաստանում յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության իրավունք, ներառյալ՝ տեղեկություններ և գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատությունը, տեղեկատվության ցանկացած միջոցով՝ անկախ պետական սահմաններից: Լրատվամիջոցների և տեղեկատվական այլ միջոցների ազատությունը երաշխավորվում է։

Երիտասարդների երազած Հայաստանում յուրաքանչյուր ոք ունի խաղաղ, առանց զենքի հավաքներ անցկացնելու իրավունք:

Ուզում եք իմանալ ավելի մանրամասն երիտասարդների երազած Հայաստանի մասին' կարդացեք Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը: Դարձնենք Հայաստանն այնպիսին, ինչպես նկարագրված է Սահմանադրության մեջ, որի ծննդյան օրը նշվում է այսօր:

Մեկնաբանություններ (1)

W. Wallace
Ինչպես ասվում է, мечтать не вредно

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter