«Նստեք… Վա՜յ, աթոռ էլ չունենք, որ նստեք». պատգամավորի այցից բազմազավակ մայրը շփոթվել էր
Վեց երեխաների մայր Արեւիկ Խաչատրյանն անակնկալի եկավ, երբ մեր թակոցներից հետո բացեց կիսաքանդ տնակի դուռը: Ընտանիքի անդամները զարմացած էին եւ փորձում էին հասկանալ այցելության նպատակը:
Ընտանիքի մայրը շփոթվեց, քանի որ նստելու աթոռ չունեին, որպեսզի հյուրին առաջարկեին նստել: «Նստեք… Վա՜յ, աթոռ էլ չունենք, որ նստեք»,- շփոթվեց կինը: Իսկ երբ նրանց դրամական օգնություն առաջարկվեց, Արեւիկ Խաչատրյանը «Աստվա՜ծ իմ» բացականչություններով գումարով ծրարը սեղմեց կրծքին:
Խաչատրյանների ընտանիքն այն 5 ընտանիքներից մեկն էր, ում այսօր վաղ առավոտյան այցելեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը:
Իր հեղինակությամբ վերջերս լույս տեսած «Գժանոց կամ թեժ աշուն» գրքի շնորհանդեսի ժամանակ, որը մայիսի 2-ին տեղի ունեցավ ԱԺ-ում, պատգամավորը բարեգործական նպատակների համար արկղիկ էր տեղադրել, եւ հեղինակի ստորագրությամբ գիրքը նվեր ստանալուց հետո ցանկացողները գումար էին գցում արկղի մեջ: Այդ եղանակով հավաքվել էր մոտ 360 հազար դրամ, գումարի մի մասն էլ ավելացրել է Մ. Եսայանը եւ գոյացած 400 հազար դրամը որոշել հատկացնել կարիքավոր ընտանիքներին:
Նա կարիքավորների ընտրությունը թողել էր «Հետքին»: Արմավիրի մարզում ընտրել էինք 4 նման ընտանիք` յուրաքանչյուրին 100 հազար դրամ: Սակայն Արմավիր գյուղում պարզվեց, որ կա եւս մեկ շատ կարիքավոր ընտանիք, եւ 100 հազար դրամանոց ծրարը պատգամավորը բաժանեց երկու մասի:
Ընտանիքները, որոնց նա այցելեց, բնակվում են մարզի Մեծամոր, Արմավիր քաղաքներում, Նորապատ եւ Արմավիր գյուղերում:
Նշենք, որ Մ. Եսայանը յուրաքանչյուր ընտանիքի համար առանձնացրել էր նաեւ հագուստ, քաղցրավենիք եւ երեխաների համար խաղալիքներ:
Պատգամավորը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ նման նախաձեռնություններ էլի կլինեն, եւ իր ուշադրության կենտրոնում կշարունակի պահել կարիքավոր ընտանիքների խնդիրները:
Հ.Գ. «Հետքը» կանդրադառնա այս ընտանիքներից մի քանիսի պատմությանը:
Մեկնաբանություններ (5)
Մեկնաբանել