
«Ժողովուրդ». Գագիկ Ծառուկյանը զգուշացրել է Արագած Ախոյանին
ԱԺ նախկին պատգամավոր, ԲՀԿ-ական Աշոտ Տոնոյանի էլիտար շենքերի սկանդալը չավարտված՝ նոր պատմություն է ծնվել: Բայց այս անգամ սկանդալի գլխավոր հերոսն ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Արագած Ախոյանն է: «Ժողովուրդ»-ի աղբյուրները փոխանցում են, որ նա ևս էլիտար շենքերի շինարարությամբ է զբաղվում և դարձյալ ֆինանսական խնդիրներ ունի:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ օրերս ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը շինարարությամբ զբաղվող ԲՀԿ-ականներին նախատել է. «Ձեր պատճառով մարդիկ չպետք է տուժեն: Ձեր երեսից ես չպիտի անհարմար իրավիճակում հայտնվեմ»:
Իսկ անձամբ Ախոյանին ԲՀԿ ղեկավարը երեք ամիս ժամանակ է տվել՝ շենքի շինարարությունն արագ ավարտին հասցնելու համար: Ու քանի որ Ախոյանը նաև Արևմտյան Հայաստանի խնդիրներով է ակտիվորեն զբաղվում, Ծառուկյանը զգուշացրել է՝ իր սահմանած եռասմյա ժամկետը խախտելու դեպքում ԱԺ պատգամավորի մանդատի փոխարեն կստանա Դիարբեքիրի ավագանու մանդատ:
Երբ «Ժողովուրդ»-ը փորձեց տեղեկությունը ճշտել Ա.Ախոյանից, նա կտրականապես հրաժարվեց պատասխանել՝ ասելով, թե շատ զբաղված է:
Մեկնաբանել