HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդվարդ Նալբանդյանը Ստրասբուրգում հանդիպել է եվրոպացի մի շարք պաշտոնյաների

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում նախագահությունը ստանձնելու կապակցությամբ Ստրասբուրգում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի առաջին հանդիպումը Եվրախորհրդի նախորդ նախագահող Անդորրայի ԱԳ նախարար Ժիլբերտ Սաբոյա Սունյեի հետ էր։

Է. Նալբանդյանը շնորհավորեց անդորրացի գործընկերոջը ԵԽ-ում հաջող նախագահության կապակցությամբ՝ նշելով, որ անցած 6 ամսվա ընթացքում զգալի աշխատանք է իրականացվել Անդորրայի նախագահության առաջնայնությունների իրականացման, կազմակերպության նպատակների առաջ մղման ուղղությամբ:

Ժիլբերտ Սաբոյա Սունյեն վստահեցրեց, որ հայկական կողմը իր նախագահության ընթացքում ամենայն օժանդակություն կստանա Անդորրայի կողմից։ Զրուցակիցները քննարկեցին Եվրախորհրդի օրակարգին առնչվող մի շարք հարցեր։

Է. Նալբանդյանը հանդիպում ունեցավ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժան-Կլոդ Մինյոնի հետ, ով հույս հայտնեց, որ Եվրախորհրդի հայաստանյան նախագահության և ԵԽԽՎ միջև արդյունավետ համագործակցություն կլինի, ինչը կնպաստի կազմակերպության խնդիրների իրականացմանը։

Զրույցի ընթացքում արծարծվեցին Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին, ԵԽ-ում Հայաստանի նախագահության շրջանակներում Երևանում ԵԽԽՎ բյուրոյի նիստի կազմակերպմանը առնչվող հարցեր։

Է. Նալբանդյանը հանդիպեց նաև Նորվեգիայի ԱԳ նախարար Էսպեն Բարֆ Էյդեի հետ: Նախարարները նշեցին, որ վերջին տարիներին երկկողմ հարաբերությունները զգալիորեն զարգացել են՝ կայացել են բարձրաստիճան փոխայցելություններ, ընդլայնվել է իրավապայմանագրային դաշտը, և պայմանավորվեցին շարունակել քայլերը հարաբերությունների զարգացման ուղղությամբ։

Էդվարդ Նալբանդյանը նորվեգացի գործընկերոջը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության ջանքերը։

Էդվարդ Նալբանդյանի և Նիդեռլանդների արտգործնախարար Ֆրանս Թիմմերմանսի հանդիպմանը երկուստեք կարևորվեց երկու տարի առաջ Հաագայում Հայաստանի դեսպանատան բացումը, որը կարևոր խթան եղավ հարաբերությունների զարգացման համար:

Էդվարդ Նալբանդյանն ու Ֆրանս Թիմմերմանսը խոսեցին սիրիական ճգնաժամի և դրա կարգավորման ուղիների վերաբերյալ։ Է. Նալբանդյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից ձեռնարկվող ջանքերը։

Ստրասբուրգում Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Կիպրոսի ԱԳՆ պետքարտուղար Անդրեաս Մավրոյանիսին: Զրուցակիցներն անդրադարձան հայ-կիպրական բարեկամական փոխհարաբերությունների առավել ամրապնդման նպատակով ձեռնարկվելիք քայլերին՝ ընդգծելով, որ վերջին տարիներին այդ ոլորտում զգալի առաջընթաց է գրանցվել։

Կիպրոսի ԱԳՆ պետքարտուղարը ներկայացրեց երկրում ֆինանսատնտեսական ճգնաժամի հաղթահարման նպատակով կառավարության կողմից ձեռնարկվող քայլերը։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը:

Լուսանկարում ձախից՝ Անդրեաս Մավրոյանիս և Էդվարդ Նալբանդյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter