Վճռաբեկ դատարանի գինը. բաց նամակ նախագահ Սարգսյանին
Մեզանից երևի շատերն են ականատես եղել վանդակաճաղերից այն կողմ գտնվող և ազատ անցորդներին լեզու ցույց տվող կապիկին. լուռ ժպտացել կամ ծիծաղել ենք:
Ես Սվետլանա Օհանյանն եմ, ծնվել, մեծացել, բնակվել եմ ք. Երևան, Սիմոն Երևանցու (նախկինում` Չկալովի) 48/1 տանը, այստեղից հաճախել մանկապարտեզ, դպրոց: Մեր ուժերով տունը վերանորոգել ենք, ստեղծել կոմունալ-կենցաղային հարմարություններ: 1998 թվականից հանդիսացել եմ էլ. Էներգիայի, հետագայում` բնական գազ սպառող բաժանորդ:
2004թ. դիմել եմ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան` իմ կողմից որպես սեփականություն օգտագործվող տան և ավտոտնակի նկատմամբ սեփականության, զբաղեցրած հողամասի նկատմամբ օգտագործման իրավունքի ճանաչման պահանջով, և դատարանի 27.01.2004թ. վճռով հայցս բավարարվել է: Վճռի հիմքում դրվել է Երևանի քաղաքապետարանի «Քաղաքաշինություն» ՓԲԸ-ի կողմից իմ պատվերով կատարված չափագրումները և հատակագիծը: Սակայն հետագայում այս վճռի դեմ Երեւանի քաղաքապետարանը ներկայացրել է վերաքննիչ բողոք, և գործը (ինձ անհայտ պատճառներով) թողնվել է առանց քննության:
Հետո սկսվեց զավեշտը` Երևանի քաղաքապետարանը 2008թ. հունիսի 4-ին N 18-06/1-0-182 գրությունով հայտնում է, որ «Չկալովի փող. 48/1 հասցեում գտնվող տան սեփականաշնորհման հարցը ենթակա է քննարկման ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Երևան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների հետագա կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագիծը ԱԺ-ում ընդունվելուց հետո»: Սա այն դեպքում, երբ Երևանի քաղաքապետարանի 28.04.2008թ. N 1911-Ա որոշումով, ըստ քաղաքապետարանի 29.10.2009թ. N 18-06-1-0-335 գրության, «հիմք ընդունելով քաղ. Արթուր Բուլղադարյանի Երևանի քաղաքպետարան հասցեագրված դիմումը և կից ներկայացված փաստաթղթերը՝ 28.06.2008թ. N ՀՕ-117-Ն օրենքի շրջանակներում… » բնակարանը և նրանով ծանրաբեռնված հողամասը սեփականության իրավունքով տրամադրվել է Արթուր Բուլղադարյանին:
Սույն պատասխանից ակնհայտ է, որ քաղաքապետի 2008թ. ապրիլի 28-ի որոշումն ընդունվել է ուղիղ երկու ամիս հետո ընդունվելիք օրենքի շրջանակներում: Իրականում բուն որոշումն ընդունվել է « ...հիմք ընդունելով և ղեկավարվելով» 1998թ. փետրվարի 25-ին ՀՀ կառավարւթյան թիվ 1748-Ն որոշման 4-րդ կետով: Ստացվում է կրկեսային ներկայացումներին յուրահատուկ ցուցադրական հնարք. մի դեպքում այդ որոշումն ընդունվել է, հիմնվելով դեռևս չընդունված օրենքի վրա, իսկ իրականում այն ընդունել են արդեն 5 տարի ուժը կորցրած որոշման հիման վրա:
Հայտնի է, որ ցանկացած ներկայացման համար պետք է վճարել, իսկ այս դեպքում, մեր կարծիքով, վճարվել է առանձնապես խոշոր չափի գումար: Ի՞նչ է ստացվում է. տարբեր երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ն, բոլոր հնարավոր միջոցներով աջակցում են մեր հանրապետությանը կոռուպցիայի դեմ պայքարելու համար, իսկ այդ նույն երկրի քաղաքացին, օգտագործելով երկրում առկա կոռուպցիոն հնարավորությունները, անում է այն, ինչ ցանկանո՞ւմ է:
Ո՞վ է Արթուր Բուլղադարյանը: Նա ծնվել է 1964թ., 1981թ.՝ 17 տարեկանում, հաշվառվել է Չկալովի փող. 48/1 բնակարանում, 1987թ. ԽՍՀՄ անձնագրով մեկնել է ԱՄՆ, դարձել է այդ երկրի քաղաքացի, իր մոտ է տեղափոխել նաև մորը` Աստղիկ Բուլղադարյանին, որն այնտեղ մահացել է 1999թ.: Արթուր Բուլղադարյանն այս ողջ ժամանակահատվածում Հայաստան է եկել մեկ անգամ` 2008թ. մարտի 1-ին Մյունխեն-Երևան 3256 չվերթով և նույն թվականի մարտի 27-ին Հայաստանից մեկնել է Երևան-Մյունխեն 3257 չվերթով: Այս կարճ ժամանակահատվածում նա հասցրել է ԽՍՀՄ նմուշի անձնագիրը փոխել և նույն օրը նորից նրան հաշվառել են Չկալովի 48/1 հասցեում, որտեղ չի բնակվել ավելի քան 25տարի:
17.03.2010թ. դիմել եմ ՀՀ վարչական դատարան`քաղաքապետի վերոնշյալ որոշումն անվավեր ճանաչելու պահանջով: Դատարանի 04.03.2011թ. վճռով իմ հայցը բավարարվել է: Այս վճիռը, սակայն, ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 09.06.2011թ. որոշմամբ բեկանվել է, քանի որ «չի պարզվել», թե Երևանի քաղաքապետի 28.04.2008թ. թիվ1911-Ա որոշմամբ արդյոք խախտվե՞լ են իմ՝ Սվետլանա Օհանյանիս իրավունքները:
ՀՀ Վարչական դատարանի 06.03.2012թ. վճռով հայցս նորից բավարարվել է, իսկ ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 13.09.2012թ. որոշումով մերժվել է այս վճռի դեմ բերված վերաքննիչ բողոքը: Բայց Վճռաբեկ դատարանը 05.04.2013թ. որոշումով բեկանել է վերաքննիչ դատարանի որոշումը և այն փոփոխվել՝ « ...Սվետլանա Օհանյանի հայցը մերժել»: Վճռաբեկ դատարանի որոշման «պատճառաբանություններ և պահանջներ» բաժնում նշում է` « ...հարկ է պատասխանել սույն իրավական հարցադրմանը, թե արդյոք անշարժ գույքի նկատմամաբ գույքային իրավունքներ չունեցող անձի կողմից կարո՞ղ է վիճարկվել այդ գույքի նկատմամբ ընդունված քաղաքապետի որոշումը»:
Դեռ 29.06.1982թ. տրված պաշտոնական փաստաթղթերով՝ մեր տունը վթարային էր, խոնավ, մութ, զուրկ կոմունալ-կենցաղային հարմարություններից և ուներ ընդամենը 20 քմ ընդհանուր մակերես: Իսկ ես, ավելի քան 30 տարի փաստացի և անընդմեջ տիրապետոլով բնակարանը, ընտանիքիս (ամուսնուս ու երկու որդիներիս) հետ մակերեսը դարձրել եմ 72,24 քմ, ստեղծել կոմունալ-կենցաղային հարմարություններ: Եվ հիմա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ես այդ բնակարանի նկատմամբ որևէ իրավունք չունեմ, հետևաբար չեմ կարող վիճարկել քաղաքապետարանի որոշումը: Իսկ քաղաքապետարանը ճիշտ է վարվել, որ բնակարանը տվել է դրա հետ ավելի քան 30 տարի որեւէ առնչություն չունեցող ԱՄՆ քաղաքացուն:
Վճռաբեկ դատարանն անտեսել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքով և այլ իրավական նորմերով սահմանված փաստացի տիրապետման հիմքով անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ձեռք բերման իրավական հնարավորությունը: Ավելին՝ իր որոշումով Վճռաբեկը նախադեպ է ստեղծում գույքը փաստացի տիրապետողներին սեփականությունից զրկելու համար, ամլացնում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի մի շարք հոդվածների կիրառման հնարավորությունը, անտեսում է, որ իմ գույքային իրավունքը ծագել է դեռևս ԽՍՀՄ-ի ժամանակ գործող Քաղ. օրենսգրքի ուժով:
Այս ամենի պարագայում Վճռաբեկ դատարանն առարկայազուրկ է ՀՀ նախագահի օրենքի գերակայության ապահովման իրավական կարգավիճակից (որոշումները բողոքարկման ենթակա չեն), ըստ էության, անում է այն, ինչը հարմար է:
Ակամա հիշում ես ժողովրդական խոսքը՝ ինչը չես կարող գնել փողով, կարող ես առնել շատ փողով: Արդյունքում ևս մի ընտանիք հայտնվելու է փողոցում եւ ստիպված որոնելու է մեկ այլ փողոց, բայց արդեն՝ հանրապետությունից դուրս:
Սվետլանա Օհանյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել