HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Սառը պատերազմի խորհրդանիշը՝ «Չարլի» անցակետը

Բեռլինի կենտրոնական փողոցներից մեկի՝ Ֆրիդրիխշտրասսեի վրա կա մի վայր, որն անցյալ դարի «սառը պատերազմի» ամենահայտնի խորհրդանիշներից է: Ամերիկյան զինված ուժերի «Չարլի» հսկիչ-անցագրային կետն է, որը կառուցվել է Բեռլինի խորհրդային հատվածի հետ սահմանի վրա: Այս վայրն այնքան հայտնի է, որ դրա անունով կանգառ, հյուրանոց ու թանգարան կա մայրաքաղաքում: Եվ դա պատահական չէ:

Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո գերմանական մայրաքաղաքը բաժանվել էր 4 մասի՝ խորհրդային, ամերիկյան, բրիտանական, ֆրանսիական: Պատերազմը հաղթած այս տերություններից վերջին երեքի աջակցությամբ եւ նրանց օկուպացրած արեւմտագերմանական հողերի վրա 1949-ի գարնանը ստեղծվեց Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետությունը (ԳՖՀ):  Ի պատասխան դրա՝ ԽՍՀՄ-ի վերահսկած տարածքներում նույն տարվա աշնանը հռչակվեց Գերմանական Դեմոկրատական Հանրապետությունը (ԳԴՀ): Բեռլինը նույնպես բաժանված էր հաղթող ուժերի միջեւ: Արեւելյան հատվածը, որտեղ խորհրդային զորքերն էին, հռչակվեց ԳԴՀ-ի մայրաքաղաք: Իսկ Արեւմտյան Բեռլինը մնաց արեւմտյան ուժերի հսկողության ներքո մինչեւ Գերմանիայի վերամիավորումը 1990-ին: Այդ ընթացքում ԳՖՀ-ի մայրաքաղաքը Բոնն էր:

Դեռ 1952-ին Ստալինը առաջարկում էր միավորել Գերմանիան, սակայն այդ երկիրը չպետք է մտներ որեւէ ռազմական միավորման մեջ: ՆԱՏՕ-ի երկրները դեմ էին այդ պայմանին, եւ 1955-ին ԳՖՀ-ն անդամագրվեց Հյուսիսատլանտյան դաշինքին: ԳԴՀ-ն էլ, ի թիվս սոցիալիստական կողմնորոշման մի շարք երկրների, միացավ Վարշավայի համաձայնագրին: Արեւմտագերմանական կողմը դեմ էր արեւելագերմանական առաջարկին՝ ստեղծել երկու Գերմանիաների կոնֆեդերացիա, պաշտոնական Բոննը պահանջում էր համագերմանական քվեարկություն անցկացնել: 1958-ին ԽՍՀՄ առաջնորդ Խրուշչովը ամբողջական Բեռլինն անվանեց ԳԴՀ մայրաքաղաք եւ կոչ արեց դաշնակից ուժերին ապառազմականացնել Արեւմտյան Բեռլինը, ինչը, սակայն, բացասական արձագանք ստացավ: Սոցիալական վիճակն ու կենսամակարդակը ԳՖՀ-ում եւ Արեւմտյան Բեռլինում շատ ավելի լավ էր, քան ԳԴՀ-ում, ինչը սոցիալիստական երկրի քաղաքացիներին բնականաբար գրավում էր, եւ նրանք ձգտում էին հաստատվել ու աշխատել այնտեղ, իսկ այդ ամենը զայրացնում էր իշխանություններին:

Մինչեւ 1960 թ. մարդիկ առանց խոչընդոտի անցնում էին անցակետերով, սակայն այդ տարվա ամռանը ԳԴՀ-ի ղեկավարությունը որոշ սահմանափակումներ մտցրեց՝ Արեւմուտքի «ռեւանշիստական քարոզչությանը» դիմագրավելու համար: Բեռլինյան ճգնաժամն ավելի խորացավ. երկուստեք աճում էր զինվորականների թիվն ու հակաքարոզչությունը:

1961-ի օգոստոսին ԳԴՀ ղեկավար Ուլբրիխտը սոցիալիստական բլոկի առաջնորդներից համաձայնություն ստացավ իր ծրագիրն իրականացնելու համար: 1961-ի օգոստոսի 13-ի գիշերվա ժամը 1-ին սկսվեց բեռլինյան անջատարար պատի շինարարությունը. Արեւմտյան Բեռլինը ԳԴՀ-ի կողմից շրջափակվում էր ֆիզիկապես:

Լուրը ստանալուն պես ԳԴՀ հարյուրավոր քաղաքացիներ շտապեցին հատել սահմանն ու հաստատվել կապիտալիստական կղզյակում: Սակայն դա միայն սկիզբն էր, քանզի մինչեւ 1989-ը դեռ շատերը պիտի փորձեին անցնել սահմանը:

Հրաժեշտ. Արեւմտյան Բեռլինում աշխատող հայրը կշարունակի այնտեղ գումար վաստակել: Վայրկյաններ անց նա երեխային կփոխանցի մորը, որոնք կշարունակեն ապրել Արեւելյան Բեռլինում: 

1961-ի հոկտեմբերի 27-ին աշխարհը շատ մոտ էր նոր պատերազմի: Ամերիկյան եւ խորհրդային տանկերը Բեռլինի կենտրոնում՝ Ֆրիդրիխշտրասսեի վրա իրար դեմ էին ելել՝ պատրաստ հարձակման: Չնայած ամերիկացիներն ասում են, թե Արեւելյան Բեռլինի անցակետի հսկիչներն են իրենց վարքագծով սադրել իրավիճակի բռնկումը, ռուսական աղբյուրները հայտնում են, որ, ըստ հետախուզության տվյալների, ամերիկացիները պատրաստվել էին տանկ-բուլդոզերներով քանդել կառուցվող պատը, ինչին հակազդելու համար խորհրդային տեխնիկա էր բերվել:

ՆԱՏՕ-ի ու Վարշավյան համաձայնագրի ուժերը բերվել էին լրիվ պատրաստության: ԱՄՆ նախագահ Քենեդին Խրուշչովին առաջարկեց մեղմել իրավիճակը՝ պայմանով, որ առաջինը կնահանջեն խորհրդային տանկերը: Ամսի 28-ի առավոտյան ժամը 11-ին խորհրդային տեխնիկան աստիճանաբար հետ գնաց, ինչն արեցին նաեւ ամերիկացիները: Այս առճակատումը պատմության մեջ է մտել իբրեւ «միջադեպ «Չարլի» անցակետի մոտ»: Սառը պատերազմի այս հիշարժան դեպքից հետո «Չարլին» դարձավ Բեռլինի 13 անցագրային կետերից ամենահայտնին:   

 

Փողոցներով, բակերով, հրապարկներով, գետերով ու ջրային այլ տարածություններով անցնող 155 կմ-ոց բեռլինյան արգելապատնեշը 28 տարում (1961-ի օգոտոստոսի 13-ից մինչեւ 1989-ի նոյեմբերի 9-ը, երբ սահմանը բացվեց) հաջողությամբ կարողացել է հաղթահարել շուրջ 5000 մարդ, ոչ պաշտոնական տվյալներով՝ սպանվել է ավելի քան 600-ը, իսկ ԳԴՀ կառավարությունը հայտարարել է 125 զոհի մասին: Շուրջ 200-ը վիրավորվել է, 3000-ը ձերբակալվել: Փախչողների մեջ եղել են նաեւ դասալիք զինվորներ, իսկ ԳԴՀ-ի 8 սահմանապահ սպանվել է սահմանը հատողների կողմից:

ԳԴՀ-ի սահմանապահները

Պաշտոնապես սահմանն անցնել կարելի էր միայն հատուկ թույլտվությամբ, եւ բացառապես թոշակառուներն ունեին ազատ տեղաշարժվելու իրավունք: Այս պարագայում մարդկանց մնում էր հնարամիտ ելքեր փնտրել՝ գետնի մեջ թունելներ փորել, շենքից շենք պարան կապել, սուզվել ջրի տակ ու լողալ մինչեւ սահմանը, թաքնվել տարբեր մեծ ու փոքր արկղերի, ճամպրուկների, մեքենաների ու տարբեր սարքերի մեջ:    

Փախուստ ամեն գնով. աղջիկը տեղավորվել է երկու ճամպրուկների մեջ

Դեռ 1962-ին իրավապաշտպան Ռայներ Հիլդեբրանդը որոշեց Բեռլինի պատին ու դրա հետ առնչվող իրադարձություններին նվիրված ցուցադրություն կազմակերպել, որը մեկ տարի անց տեղափոխվեց «Չարլի» անցակետի հարեւանությամբ գտնվող տուն:

Փոքրիկն ուզում է անցնել սահմանը. նրան օգնող զինվորին հետագայում կազատեն 

Այստեղ էլ այժմ գործում է մեծ թանգարանը, որը Բեռլինի ամենադիտարժան վայրերից է: Այն բաղկացած է մի քանի բաժիններից՝ Բեռլինի պատը, սառը պատերազմը, մարդու իրավունքները անցյալ դարում ու ժամանակակից աշխարհում:

Սակայն ամենատպավորիչը երկատված Բեռլինի 28-ամյա պատմությունն է՝ իր խորհրդանիշ պատով: Այդ պատը ընտանիքներ ու հարազատներ, բարեկամներ ու ընկերներ է բաժանել, ոմանց՝ մի քանի ամսով ու տարով, իսկ ոմանց՝ մշտապես, անվերադարձ:

Պատն իր մեջ, հատկապես այն չտեսածների համար, ինչ-որ միստիկ ուժ է կրում, ու պատահական չէ, որ բեռլինյան հուշանվերների մեջ դրա բեկորները ունեն իրենց ուրույն տեղը եւ լավ բիզնես են վաճառողների համար:

Բայց գերմանացիների համար այն նախեւառաջ հուսալքության ու հավատի, անջատման ու միավորման, ցավի եւ ուրախության խորհրդանիշ է: Պատի հետքը երկշերտ քարերի միջոցով պահել են՝ իբրեւ պատմության հուշ, քաղաքի երեք հատվածում կան նաեւ դրա որոշ հատվածները:

Դրանք չեն քանդվել, այլ պահվել են իբրեւ հուշարձան զոհվածներին եւ առարկայական ուղերձ ապագա սերունդներին՝ «Ո՛չ պատերազմին»:

«Չարլի» անցակետի մոտ. ամերիկացի զինվորականը նայում է նախկին Արեւելյան Բեռլինի ուղղությամբ, իսկ
խորհրդային զինվորը՝ ամերիկյան անցակետին 

Լուս.՝ «Հետքի», Wikipedia.org-ից, «Checkpoint Charlie» թանգարանի ցուցադրությունից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter