
Արմավիրում կարկտահարությունից տուժել է 12.881 հողօգտագործող
Արմավիրի մարզում արտակարգ իրավիճակների հետեւանքով ֆիզիկական եւ իրավաբանական անձանց պատճառված վնասները գնահատող հանձնաժողը, որը ստեծվել է մարզպետ Աշոտ Ղահրամանյանի որոշմամբ, ամփոփել է մայիսի 12-ին տեղացած կարկուտից առավելագույնս տուժած մարզի 46 համայնքում ստեղծված հանձնաժողովների տվյալները:
Մարզպետարանից «Հետքին» տեղեկացրին, որ այդ տեղեկությունները փոխանցվել են հանրապետական հանձնաժողովին եւ սպասում են պատասխանի: Մարզում կարկուտից վնասված տարածությունը 10 հազար 931 հա է: Կարկտահարությունից վնասվել է մոտ 2846հա խաղողի, 2942հա ծիրանի, դեղձի, սալորի, կեռասի, խնձորի այգիներ:
Կարկուտից վնասվել է նաեւ բանջարային մշակաբույսերը` լոլիկ, սմբուկ, պղպեղ, վարունգ եւ այլն, ընդհանուր հաշվով` մոտ 2215հա տարածք: Մոտ 213հա տարածքով վնասվել է միայն կարտոֆիլի ցանքատարածությունները, մոտ 730հա էլ բոստանային կուլտուրաները` ձմերուկ, սեխ, դդում: Կարկուտը ոչնչացրել է նաեւ 1362հա հացահատիկային մշակաբույսեր, մոտ 625հա արեւածաղիկ եւ ծխախոտ:
Կարկտահարությունից տուժել է 12 հազար 811 հողօգտագործող: Մարզի Արմավիր, Ջրաշեն, Ամասիա, Ֆերիկ, Ալաշկերտ, Նոր Արտագերս, Հայկավան, Շենավան, Մրգաշատ, Նալբանդյան, Նոր Կեսարիա, Նոր Արմավիր համայնքներում վնասի աստիճանը 100% է, իսկ մյուս համայնքներում` 50-100 %:
Գյուղացիները կառավարությունից ակնկալում են շոշափելի, այլ ոչ թե ձեւական օգնություն, ինչպես եղել է նախորդ տարիներին: Կարկտահարությունից տուժած հողօգտագործողների ճնշող մեծամասնությունը բանկերում ունեն գյուղատնտեսական վարկեր, ինչն ավելի է խոցում նրանց:
Շուտով պետք է փակեն վարկերը, տոկոսները, սակայն գումար չունեն, ինչը ենթադրում է, որ վարկառուները կընկնեն ժամկետանց վարկերի ցուցակ եւ նրանց նկատմամբ կհաշվարկվի նաեւ տույժ-տուգանքներ: Կարելի է ասել բանկերը կորցնելու ոչինչ չունեն: Նրանք կդիմեն դատարան, ինչպես անում են հիմա, եւ բռնագանձումով կվերցնեն նաեւ գյուղացու անշարժ եւ շարժական գույքը:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել