HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Վարչապետը ԱԺ-ում խոսում է գյուղատնտեսության աջակցության մասին, իսկ գյուղացիները փակում են ճանապարհները

Գետաշեն, Մրգաշատ, Արեւիկ, Շենավան, Ալաշկերտ, Նալբանդյան, Հայկավան եւ մի քանի այլ համայնքների գյուղացիներ այս պահին հերթական անգամ փակել են  Երեւան-Արմավիր հանրապետական նշանակության ճանապարհը: Գյուղացիները քարերով բարիկադներ են կառուցում ճանապարհներին` պահանջելով վարչապետից, որպեսզի նա իր աչքով տեսնի կարկտահարությունից տուժած գյուղացու վիճակը: Այս պահին գյուղացիների հետ հանդիպման են մեկնել տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը եւ գյուղնախարար Սերգո Կարապետյանը:

Նախարարներին հաջողվել է մի քանի գյուղացիներից եւ համայնքապետերից խումբ ստեղծել եւ բանակցություններ վարել Արմավիրի մարզպետարանում: Այս պահին նրանք մարզպետարանում քննարկում են ստեղծված վիճակը, իսկ գյուղացիների մի մասը շարունակում է փակ պահել ճանապարհը:

Նշենք, որ մինչ գյուղացիները բողոքում են մայիսի 12-ի կարկտահարության վնասներից եւ կառավարության անտարբերությունից, վարչապետ Տիգրան Սարգսյանը Ազգային ժողովում ներկայացնում է կառավարության քառամյա ծրագիրը, որտեղ անդրադարձ կա նաեւ գյուղատնտեսությանը:

Իհարկե, վարչապետի ներկայացրած ծրագիրը բացի գեղեցիկ խոսքերից, այլ աղերս չունի գյուղատնտեսության հետ: Նա նշեց, որ կառավարությունը գյուղացու կողքին է եւ աջակցում է նրանց, սակայն փաստն այսօրվա գյուղացու անհույս վիճակն է:

Մասնավորապես, Տիգրան Սարգսյանը նշեց, որ գյուղացուն տրամադրել են շուկայականից էժան պարարտանյութ եւ դիզելային վառելիք, ինչը ոլորտում ապահովել է աճ եւ նոր աշխատատեղեր: «Օժանդակում ենք գյուղատնտեսական կոոպերացիաների ձեւավորմանը, խթանում նոր շուկաների, ենթակառուցվածքների ստեղծումը` արտահանման ծավալները մեծացնելու համար»,-նշում էր վարչապետը:

Ըստ նրա` շուտով կսկսվի գյուղատնտեսության համատարած հաշվառումը, որը հնարավորություն կտա բացահայտելու ոլորտում առկա ներուժն ու խնդիրները, ինչի հիման վրա կմշակվեն հասցեական աջակցության ծրագրեր:

Թե ինչ կտա հաշվառումը գյուղատնտեսությունից մեծ վնասներ կրած գյուղացիներին անհայտ է, սակայն փաստ է, որ գյուղատնտեսության թեժ սեզոնին մարդիկ հողերում աշխատելու փոխարեն այսօր ճանապարհ են փակում եւ պահանջում են կոնկրետ եւ շոշոփելի աջակցություն:

Նշենք, որ մայիսի 24-ին ԱԺ-ում լինելու են լսումներ կարկտահարությունից տուժած գյուղացիներին օգնելու վերաբերյալ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter