«Կենգուրու 2013»-ն ունի չորս հաղթող
«Կենգուրու» միջազգային մաթեմատիկական մրցույթի արդյունքների վերջնական ամփոփումից հետո պարզ դարձավ, որ «Կենգուրու 2013»-ում հաղթող է ճանաչվել չորս աշակերտ.
|
Աննա Գասպարյան |
4-րդ դաս. |
Գեղարքունիքի մարզ |
Կարմիրգյուղի թիվ 1 միջն. դպրոց |
|
Հայկ Արեգ Խաչիկյան |
4-րդ դաս. |
Երևան |
Հ. Օշականի անվան թիվ 172 հիմնական դպրոց |
|
Սերյոժա Դանիելյան |
4-րդ դաս. |
Շիրակի մարզ |
Գյումրու «Պրոգրես» համալսարանի հենակետային դպրոց-վարժարան |
|
Վահագն Շախկյան |
8-րդ դաս. |
Երևան |
ԵՊՀ-ին առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոց |
Ըստ մրցույթի կազմակերպիչ «Այբ» կրթական հիմնադրամի կողմից սահմանված կարգի, կազմակերպիչները անձամբ են հանդիպում բոլոր հաղթողների հետ՝ համոզվելու, որ հաղթանակն արդար է և արժանի: Եվ շատ ուրախալի է, որ վերոնշյալ բոլոր չորս հաղթողներն էլ խելացի, պայծառ և ըստ արժանվույն հաղթողի կոչմանն արժանացած երեխաներ են:
Հիշեցնենք, որ «Կենգուրուն» արդեն հինգերորդ տարին անընդմեջ անցկացվում է Հայաստանում, երրորդ տարին՝ նաև Արցախում: «Կենգուրու 2013»-ին մասնակցել է 3-12-րդ դասարանների 39 214 աշակերտ Հայաստանի և Արցախի 960 դպրոցներից: Ի լրումն չորս հաղթողների՝ մրցույթում լավագույն արդյունք է ցուցաբերել և պատվոգրի ու մրցանակի արժանացել 559 աշակերտ՝ մոտ 110 աշակերտով ավելի, քան անցյալ տարի: «Այբ» հիմնադրամի կողմից լրացուցիչ հատուկ խրախուսական մրցանակներ են շնորհվում ևս 778 աշակերտի՝ բոլոր այն դպրոցներում, որտեղ չկան «լավագույնի» շեմը հաղթահարած երեխաներ: Այսպիսով, ընդհանուր թվով 1341 աշակերտ «Կենգուրուի» կողմից այս տարի կարժանանա մրցանակների:
Մայիսի 21-ից 31-ը «Այբ» կրթական հիմնադրամի կազմակերպիչները շրջելու են Հայաստանի 29 քաղաքներով, ինչպես նաև լինելու են Ստեփանակերտում, որպեսզի անձամբ հանձնեն երեխաների հավաստագրերը, պատվոգրերն ու մրցանակները: Մրցանակաբաշխությունների ժամանակացույցը` ըստ քաղաքների և ամսաթվերի, կգտնեք մամուլի հաղորդագրությանը կից և www.kangaroo.am կայքէջում:
Հայաստանում «Կենգուրու» մրցույթի բացառիկ կազմակերպիչն է «Այբ» կրթական հիմնադրամը:
Մրցույթն անցկացվում է Հայաստանում` ՀՀ կրթության և գիտության, Արցախում` ԼՂՀ կրթության և գիտության նախարարությունների հովանու ներքո:
Ռուսաց լեզվով խնդիրները լուծելու հնարավորությունը ընձեռնվել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանատանն առընթեր «Ռոսսոտրուդնիչեստվո» ներկայացուցչության հետ համագործակցության շնորհիվ: Հայաստանում մրցույթի կազմակերպման գործընկեր` «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ: Ինֆորմացիոն հովանավորներ` «Մեդիամաքս» լրատվական գործակալություն և «Կրթություն» շաբաթաթերթ: Այս մասին հայտնում է «Այբ» կրթական հիմնադրամը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել