
Արդյո՞ք սփյուռքահայությունը քննադատելու իրավունք ունի
Այն պարագայում, երբ մեզանից նույնիսկ քչերն են երբևէ ի վիճակի որևէ քաղաքականություն ծրագրել, կամ իրականացնել, ապա մենք բոլորս էլ իհարկե ի վիճակի ենք գնահատել այդ քաղաքականությունը (Պերիկլես, Հին Հունաստանի պետ., քաղաքական գործիչ)
Այսօր ոչ ոքի համար գաղտնիք չէ, թե Հայաստանում ինչպիսի տնտեսական և քաղաքական պայմաններ են տիրում, և ոչ էլ հոռետեսային բարբաջանքներ են, որ եթե այդպես շարունակվի, ապա լրջորեն վտանգվելու է երկրի ապագան և ընդհանրապես նրա՝ որպես անկախ պետական միավորի գոյությունը: Բոլորիս համար պարզից պարզ է, որ այսօր համայն հայության ամենակարևոր, հրատապ, ամենաառաջնային խնդիրը Հայաստանում սոցիալ-տնտեսական վիճակի և քաղաքական մթնոլորտի բարելավումն է, երկրի անվտանգության ապահովումը և արտագաղթի առաջն առնելն է:
Եվ պարզ է նաև, որ այսօր այս հարցերը հայության համար ավելի կենսական են, քան Ցեղասպանության միջազգային ճանաչումը, սակայն ցավոք սփյուռքահայության մտավորականությունը (բացի որոշ անհատներից) և նրա լրատվական միջոցները, այն է` մամուլը և այլն, ինչ-ինչ պատճառներով շրջանցում են դրանք և խուսափում են քննադատական մոտեցում ցուցաբերել դրանց նկատմամբ: Այնինչ անընդհատ ու ամենուր Ցեղասպանության ճանաչումն են վանկարկում: Արդյոք արդարացուցի՞չ է նման մոտեցումը, արդյոք սփյուռքահայության լռությունը որևէ դրական ազդեցություն ունենալո՞ւ է Հայաստանի քաղաքական կյանքի վրա: Պարզ է, որ ոչ:
Շատերը Հայաստանում և արտերկրում ցանկանում են Սփյուռքահայությանը վերապահել Հայաստանի սոցիալտնտեսական և քաղաքական իրավիճակի քննադատության իրավունքը, բայց ինչո՞ւ, բայց ո՞վ է շահելու դրանից, բայց մյուս կողմից հանուն հայ ժողովրդի և հայ ազգի անվտանգ ապագայի` նա նաև բարոյապես է ստիպված այդ անել, այդ նույնիսկ նրա հայրենասիրական պարտքն է:
Մենք դեռ սովետական ժամանակներից ենք վարժվել լռություն պաշտպանել և մշտապես սիրալիր ընդունել Հայաստանից մեզ հյուր եկած պաշտոնական անձանց, նրանց ծափահարել, մեծարել, նույնիսկ գովերգել, բայց մյուս կողմից ոչ մի խոսքով չանդրադառնալ, (քանի որ պատշաճ չի համարվել հյուրի ներկայությամբ այդ անել) չքննադատել Հայաստանում տիրող մի շարք բացասական և ազգակործան երևույթներին, ո՞վ շահեց դրանից:
Այսօր մենք պետք է անցյալի սխալները չկրկնենք: Այսօր սփյուռքի մտավորականությունը ինչ-որ չափով կարող ուժ է, և եթե նա իր հնարավորությունները ճիշտ, տեղին և քննադատաբար օգտագործի և սատարի Հայաստանում ընդդիմադիր և իսկապես ժողովրդավար, բայց դեռևս թույլ ուժերին, ապա շատ բան կարող է երկրում դեպի լավը փոխվել:
Արևմուտքի երկրների ժողովրդավարության մեծագույն նվաճումը պետական կառույցների և պաշտոնյաների գործունեության նկատմամբ հասարակական կառույցների մանրակրկիտ հսկողությունն է և քննադատական մոտեցումը (օրինակ Գերմանիայում der Spiegel շաբաթաթերթը իր բացահայտումներով իսկապես որ կատալիզատորի դեր է կատարում), առանց որի թերի կլիներ ժողովրդավարությունը և կարճ կյանք կունենար այն:
Իհարկե, սփյուռքահայությունը ի վիճակի չէ պառլամենտական հսկողություն սահմանել Հայաստանում տիրող իշխանությունների գործունեության նկատմամբ, բայց նա կարող է քննադատել և փորձել դրսից հասարակական հսկողություն սահմանել (այն, ինչ երկրի ներսում, ժողովրդավարական պրակտիկայի բացակայության պատճառով, երբեմն հնարավոր չէ անել):
Ժամանակին նույնիսկ ՀՀ առաջին նախագահ պարոն Լևոն Տեր-Պետրոսյանն էր սփյուռքահային արգելում քննադատել Հայաստանում տիրող կարգ ու կանոնները: Շատ պարզ է. եթե նա և իր շրջապատի անձինք, ովքեր ժամանակին վայելում էին նայև սփյուռքահայության մեծամասնության վստահությունը, իրոք ժողովրդավար լինեին և թափանցիկ աշխատելու միտում ունենային, ապա նա իրեն թույլ չէր տա նման արտահայտություն անել:
Ինչ որ է, ամեն մի հայ, նշանակություն չունի, թե նա որտեղ է ապրում, ով է, եթե հետաքրքրված է հայության, Հայաստանի ապագայով, ապա ունի քննադատելու իրավունք: Կարելի է ասել, այդ նույնիսկ նրա քաղաքացիական պարտքն է, այսինքն` նա ոչ միայն կարող է, այլև ստիպված է քննադատել:
Եվրոպայի ժողովուրդները արյան գնով են ձեռք բերել այդ իրավունքը, այսօր արաբական աշխարհի և այլ ժողովուրդներ ոտքի են ելել, զոհ են տալիս դրան հասնելու համար: Այդ միջոցները օրինակելի չեն հայ ժողովուրդի համար, նա չի կարող իրեն թույլ տալ նման ճանապարհով գնալ, որովհետև դա կործանարար է լինելու առանց այն էլ «արյունաքամ» երկրի համար:
Մնում է, որ բոլոր ժողովրդավար ուժերը փորձեն միասնաբար հանդես գալ: Նրանք պետք է փորձեն իրենց իսկապես ժողովրդավար ծրագրով հասնել, ոտքի հանել ժողովրդին, նեցուկ կանգնել նրան, ով ներկայումս կորցրել է ապագայի և լավ տեղաշարժի նկատմամբ հավատը, հույսը և լքում է երկիրը: Նրանք պետք է փորձեն մոբիլիզացնել ժողովրդին ազգային ժողովի և նախագահական ընտրություններում մեծամաս ձայները շահելու համար:
Երեք տարի առաջ ընդդիմադիր ուժերը փորձեցին Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընտրությունների միջոցով, հասնել իշխանափոխության, այո միայն իշխանափոխության: Այն ժամանակ նրանց շարժումը համաժողովրդական չէր և ձախողվեց, որովհետև.
-Լևոն Տեր-Պետրոսյանը այն անձը չէր, ում ժողովուրդը վստահելու էր` որպես իսկապես ժողովրդավար և կարող մեկի, ով կկարողանար երկիրը ճգնաժամից դուրս բերել:
-Ընդդիմադիր ուժերի ծրագրում չկար երկրի պետական ապարատի վերափոխում, երկրում պառլամենտական հսկողության հաստատում, անկախ դատարանի, անկախ արդարադատության և իսկապես անկախ գործադիր մարմինների ստեղծում, որոնք կապահովեին յուրաքանչյուր քաղաքացու իրավունքները, կպաշտպանեին նրան շահերը պետական պաշտոնյաների կամայականություններից և յուրաքանչյուրին, անկախ նրա հասարակական դիրքից, օրենքի առաջ պատասխանատվության կենթարկեին:
-Չկար ծրագիր` երկրում ստեղծել իսկապես անկախ առևտրական պալատ, որը կհսկեր և հարկ եղած դեպքում կսահմանափակեր որոշների առևտրական կամ շուկայական մենաշնորհ ստեղծելու ձգտումը, կփորձեր վերացնել տնտեսության մեջ և ներքին շուկայում տիրող անարխիան:
-Չկար ազգային ծրագիր` դադարեցնել և սահմանափակել, նույնիսկ արգելել այն գյուղատնտեսական արտադրանքների ու նաև այն ապրանքների ներմուծումը, որոնց տեսակը Հայաստանում արտադրվում է, կամ կարելի կլիներ դրանց արտադրությունը տեղում կազմակերպել: Միջազգային բանկը, մի քանի միլիոն դոլար օգնություն տալով, պահանջում և ստիպում է ազատ շուկայական հարաբերություններ: Դա գաղութատիրության նոր ձևն է մեր օրերում և ամենամեծ չարիքը զարգացող երկրների ազգային տնտեսության համար, քանի որ Հայաստանի նման երկրի որևէ տեխնիկական արտադրանք չի կարող մրցակցել միազգային շուկանները լցրած, զարգացած երկրների արտադրանքի հետ, իսկ մյուս կողմից` հայ գյուղացին ոչ մի հնարավորություն չունի մրցակցելու Ամերիկայի և եվրոպական երկրների, բարձր դրամական օժանդակությամբ արհեստականորեն իջեցված գներով գյուղատնտեսական արտադրանքների հետ: Այնուամենայնիվ, որևէ երկրի իսկապես ազգային և ժողովրդավար կառավարություն պետք է կարողանա դիմանալ ճնշումներին և տեղի չտա:
Մայիս 28- ի հանրավաքում Լևոն Տեր Պետրոսյանը իր ելույթում նշում է. «...Ինչո՞ւ երբեմնի ժողովրդվարության և օրինակելի տնտեսական բարեփոխումների կղզի համարվող երկիրը պիտի ընկներ այն օրը, որ աշխարհը նրա հետ խոսեր նման լեզվով, կամ իր ո՞ր մեղքի համար է Հայաստանի քաղաքացին հայտնվել այս նվաստացուցիչ վիճակում»:
Պարոն Տեր-Պետրոսյանը մոռանում է, որ նման կացության հիմքը ինքն ու իր ընկերներն են դրել: Առանց մի պահ կանգ առնելու` նա իր ժամանակների տնտեսության մեջ առկա անարխիան, ցաք ու ցրվածությունը, պետական գույքը ոչ թափանցիկ մեթոդներով և անհաշիվ սեփականաշնորհելու պրակտիկան անվանում է « ...օրինակելի տնտեսական բարեփոխումներ...», իսկ քաղաքական ժամանակվոր վակուումը, սոցիալական բարդ և անհապաղ լուծում պահանջող խնդիրների շրջանցումը, անելանելիության մթնոլորտը՝ «...ժողովրդական բարեփոխումներ...»:
ՀՀ առաջին նախագահը իր ելույթներում խոսում է ժողովրդավարությունից: Դա կարելի է միայն ամբոխավարություն անվանել, որովհետև նրա հասկացած ժողովրդավարությունը նշանակում է իշխանափոխություն: Այսինքն` Սերժ Սարգսյանին փոխարինելու գա Լևոն Տեր-Պետրոսյանը կամ մի ուրիշը: Կփոխվի՞ որևէ բան: Նա շատ լավ գիտի, որ ոչ Սերժ Սարգսյանը, ոչ ինքը, ոչ էլ որևէ մեկը չեն կարող, առանց մեծամաս ժողովրդին իրենց թիկունքում ունենալու և վերոհիշյալ անկախ կառույցների առկայության, իսկական ժողովրդավարական պետականություն ստեղծել:
Ուրեմն արդեն անիմաստ է խոսել իրենց լավ ցանկություններից և նպատակներից՝ մեծահարուստներին ստիպել հարգել օրենքները և պայքարել պետական ապարատում արմատացած համատարած կաշառակերության և պետական աշխատողների չարաշահումների և կամայականությունների դեմ:
Սամվել Հովասափյան
Բեռլին, հուլիս 2011
Մեկնաբանություններ (13)
Մեկնաբանել