HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Dadoggz. ռեփը բողոք է, ուրախություն, տխրություն և ընդհանրապես ամեն ինչ

Dadoggz ստուդիայի 9 անդամից ոչ ոք երաժշտական կրթություն չունի, բայց նրանք վստահ են, որ «իրենց մեջ ռեփ կա» և ռեփ ոճում երգեր են ստեղծում:

«Ես բլյուզ էնքան շատ եմ սիրում, որ կյանքումս գալիս է մի շրջան, որ առավոտից իրիկուն բլյուզ եմ լսում ու ռեփ չեմ լսում, բայց ես զբաղվում են ռեփով, որովհետև իմ մեջից էդ է գալիս, իմ ասելիքը ես էդպես եմ արտահայտում»,- ասում է Վահե (Smoke Dogg) Բաղդասարյանը:

Նա 2011թ. ամռանը Վարդան (Fuse) Մկրտչյանի հետ բացեց Dadoggz ստուդիան, որին հետո միացան մյուս անդամները: Մինչ դա էլ Վարդանն ուներ երաժշտական խումբ, որը զբաղվում էր ռեփով:

Dadoggz անվան «da»-ն անգլերենի «the» որոշիչ հոդն է՝ ձևափոխված, վերջին «z»-ը անգլերենի հոգնակերտ «s» մասնիկն է՝ դարձյալ ձևափոխված, իսկ «dog» նշանակում է «շուն»: «Dog» բառի վերջում ևս մեկ «g» է ավելացված, քանի որ «dog»-ը հակառակ ընթերցելու դեպքում ստացվում է «god»՝ «աստված», իսկ երբ «g»-ն երկու հատ է, հակառակ ընթերցելու դեպքում անիմաստ բառ է ստացվում, և Վահեի խոսքով՝ «աստծուն հակառակ չի լինում»:

Տղաներն իրենց ստուդիայի անվան մեջ «շուն» բառն ընտրել են այդ կենդանու հավատարմության համար: «Մեկ-մեկ էլ՝ կծելու»,- կատակում է Էմմանուել (Emo) Բաղդասարյանը: Նա վստահեցնում է, որ չնայած իր կեղծանվանը՝ էմո ենթամշակույթի հետևորդ չէ ամենևին, և նման կեղծանուն էլ դիտավորյալ է ընտրել:

Dadoggz-ի անդամներն իրենք են գրում իրենց երգերն ու երաժշտությունը, գործիքավորում, ձայնագրում ստուդիայում: Նրանք մասամբ տիրապետում են երաժշտական գործիքների, հիմնականում կիթառի: Խումբը երաժշտությունը ստեղծում է և համակարգչային ծրագրի միջոցով, և կենդանի նվագելով ու ձայնագրելով: Մասնագիտությամբ էլեկտրատեխնիկ Վահեն ասում է, որ տիրապետում է այն գործիքին, որն «իր մոտ մի 10 րոպե մնա»: Նա երաժշտական լավ լսողություն ունի, լսողությամբ ուդ էլ է նվագել ու ձայնագրել:

Տղաների խոսքով՝ միակ բաները, որոնք իրենց պետք են ստեղծագործելու համար, ստուդիան ու բարձրախոսն են: «Եթե ստուդիան էլ չունենաք, միկրոֆոնով կմիացնենք ձայնագրությունը, բերանով երաժշտություն կանենք, հետո բառերը կձայնագրենք: Տվեք մեզ միկրոֆոն: Մեզ համար անհնարին ոչինչ չկա»,- ասում է Վարդան Մկրտչյանը: «Նույնիսկ եղել է, որ ձայնով ենք էֆեկտ տվել, որ որպես գործիք օգտագործենք մեր ձայնը»,- հավելում է Էրիկ (Cool E) Դավթյանը: Նա, քանի որ հենաշարժողական համակարգի խնդիր ունի, ստուդիա է գալիս ընկերների օգնությամբ: Շենքը, որտեղ տեղակայված է նաև ստուդիան, հարմարեցված չէ սահմանափակ կարողություններով մարդկանց համար, թեքահարթակներ չունի:

Dadoggz-ի անդամների կարծիքով՝ երաժշտական մյուս ուղղությունների նկատմամբ ռեփի առավելությունն այն է, որ հնարավորություն է տալիս մեկ երգի մեջ առավելագույնս տեղավորել այն, ինչ մտածում ես՝ ի տարբերություն, օրինակ, էստրադային երգերի, որոնց մեջ կրկներգերը շատ են:

«Երբ մարդ երգում է՝ չի կարդում, ինքը ոնց էլ չլինի երկարացնում է: Այսինքն՝ եթե 5 րոպեում դու պետք է ասես 10 բառ երգելով, ես կարող եմ ասել 1010 բառ»,- ասում է Էմմանուելը: Նա նշում է, որ միաժամանակ այդ 1010 բառը պետք է գրել այնպես, որ պակաս իմաստալից չլինի, քան 10 բառը:

Բացի դրանից՝ էստրադային գրեթե բոլոր երգերը սիրո մասին են, իսկ ռեփի ժանրում գրվածները՝ ամեն ինչի: Վահե Բաղդասարյանի խոսքով՝ ճիշտ է՝ շատ մարդիկ նախընտրում են հանգստանալ՝ լսելով էստրադային թեթև երգեր, ոչ թե ծանր ռեփ, բառերին կարևորություն չտալ, բայց անձամբ իր համար նախընտրելի է լսել ռեփ, որն արտահայտում է իր հոգեվիճակը՝ «թե նեղ, թե լայն», ու վայելել:

Dadoggz-ի երգերն ամեն ինչի մասին են՝ ամենավատ ու ամենալավ բաների, այդ թվում նաև սիրո: Վարդանի երգերի մեծ մասը փիլիսոփայական ուղղվածություն ունի. նա ասում է, որ մարդը բարձր է այն ժամանակ, երբ ձեռք է մեկնում ու վերև բարձրացնում նրան, ով ներքևում է և օգնության կարիք ունի:

«Մի ատեք իրար, իզուր մի նվաստացրեք, մի վատաբանեք, մի բամբասեք, օգնեք իրար: Փոխի քո մեջ աշխարհը: Ամեն մեկը թող փորձի փոխել: Իրար հետ փոխեք, որ լավ լինի: Ինչքան պիտի ատեք, ինչքան պիտի երեխեք որբանոցներում հայտնվեն»,- իր գրած երգերի թեմաներն է թվարկում Վարդանը: Նրա նպատակն է, որ իր երգերը լսելուց հետո մարդիկ հասկանան, որ նկարագրվածն իրականում կա և ճիշտ է:

«Եթե էս Էրևանն ա» երգում Վարդան Մկրտչյանը դատապարտում է կաշառված ոստիկաններին, սուտ ու անշնորհք հարուստներին, փողոցների վիճակը և այն, որ իրանցիներն ու հայ աղջիկները «Հանրապետության հրապարակը սարքել են հասարակաց տուն»:

«Ես տեսնում եմ ամենավատ բանը, ասենք, որ մայրը կարող է տանի երեխուն որբանոց գցի, ինչ-որ մեկը կարող է իր ընտանիքի բերնից կտրի: Իմ աչքի դեմը մեկի կինը զանգել էր, փող էր ուզում, մուննաթով՝ բա «աղջի, փող չկա», բայց ինքը մի քիչ առաջ ղումարով մի 50 հազար փող էր կրվում: Ո՞նց դա չասես: Ես որ ակումբի սիրահար եմ եղել, հիմա զզվելով եմ մտնում սովորական ակումբներ, դիսկո ակումբներ. որ տեսնում եմ մի հատ 16 տարեկան աղջիկ է նստած, մի 7 հատ տղա, զզվում եմ ես էդտեղից»,- ասում է Վարդանը:

Հարցին, թե իսկ ինչն է, որ Հայաստանում իրենց շատ է դուր գալիս, Վահեն ասում է, որ հայ լինելը: «Հայաստանի վիճակը, կարգավիճակը, ոչ մի բան ինձ դուր չի գալիս, ես չեմ սիրում: Ինչ վերաբերում է Հայաստան ասվածին, ինձ մնացել է մենակ սիրեմ հողն ու ջուրը, իմ տունը, իմ հարազատներին, իմ ընտանիքը: Վերջ»,- հավելում է Վարդան Մկրտչյանը:

Dadoggz-ի անդամները համոզված են, որ երաժշտության միջոցով կարելի է փոխել մարդու ապրելակերպը, նույնիսկ տակնուվրա անել ներաշխարհը: «Բայց պիտի կարողանաս էդ ալիքը բռնես»,- ասում է Էմմանուել Բաղդասարյանը:

Վարդանը վստահեցնում է, որ իրենց երգերի գերակշիռ մասի մեջ հայհոյանք չկա: Վահեի խոսքով՝ երգեր էլ ունեն, որ «լսելու չեն»: Ռեփում ոչ ժարգոնը, ոչ հայհոյանքը նորմա չեն, այլ դրանց դիմելը պարզապես Dadoggz-ի անդամների ցանկությունն է: Վարդանի խոսքով՝ տվյալ բացասական երևույթը դատապարտելու համար երգում կարող են հայհոյել այն՝ իմանալով, որ լսարանի որոշակի մասի դուր կգա:

Ռեփը նաև բողոք է, բայց խմբի անդամները միանգամից հավելում են, որ ոչ միայն: «Ռեփը կյանք է, ռեփը ուրախություն է, տխրություն է ու ամեն ինչ, որովհետև իր արմատները կյանքից են եկել. ինքը կյանքից է ծիլ տվել ու զարգացել»,- ասում են նրանք:

Dadoggz-ի անդամները ստեղծագործական բուռն վեճեր են ունենում, բայց քննարկում են հարցն ու ընդհանուր հայտարարի գալիս: Նույն երաժշտության համար խմբի անդամները որոշում են երգի թեման, նրանցից յուրաքանչյուրը նույն թեմայով գրում է իր բառերը և ձայնագրվելիս երգում երգի իր գրած մասը:

«Եթե ռեփ է կամ հիփ-հոփ, ուրեմն արտիստը՝ ռեփերը կամ հիփ-հոփ կարդացողը, ինքը պիտի բառերը գրի անպայման: Ես գիտեմ, շատ եմ լսել, որ Հայաստանում շատ ռեփերներ վերցնում են ռուսական ռեփ, թարգմանում են հայերեն ու մատուցում են»,- ասում է Վարդան Մկրտչյանը:

Վահե Բաղդասարյանի խոսքով՝ հայկական ռեփում շատերը հիմա ձգտում են անպայման հանգավորված տեքստեր գրել, անգամ եթե հանգը կազմելու համար գործածում են տվյալ համատեքստում լրիվ անիմաստ բառեր:

«Հանգը ընդհանրապես ավտոմատ հաճույք է պատճառում, բայց եթե էդ հանգի մեջ իմաստ չկա, արդեն աչքիցդ ընկնում է: Ռեփը և պիտի ունենա իմաստ, և պիտի հաճելի լինի ականջիդ»,- ասում է Էմմանուելը:

Dadoggz-ն իր երգերը տեղադրում է youtube-ում: Երգերը հեռաձակվում են նաև ռադիոյով: Խումբը շատ է ելույթներ ունենում Երևանի տարբեր ակումբներում: Խումբը երկու տեսահոլովակ է նկարահանել, որոնք հիմա մոնտաժվում են: Վահեի խոսքով՝ իրենց խոստացել են, որ տեսահոլովակներից մեկը, որում ստուդիայի բոլոր անդամները ներկայացնում են իրենք իրենց ու ստուդիան, կհեռարձակվի հայաստանյան եթերով:

Խմբի երգերից մեկը Ադրբեջանում վերջերս հերոսացված մարդասպանի մասին է: Ստուդիայի անդամները նախատեսում են այս երգի հիման վրա ևս տեսահոլովակ նկարահանել և երգը youtube-ում տեղադրել: Երգն անգլերենով է կատարվելու և այն մասին է, որ զինվորը, հերոսը քնած մարդուն չեն սպանում:

Լուսանկարում՝ նստած են (ձախից) Վահեն և Էրիկը, կանգնած են (ձախից) Էմմանուելը և Վարդանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter