HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պարզաբանում է

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը գազի սակագնի վերաբերյալ տարածել է հետևյալ հայտարարությունը.

«Վերջին ժամանակահատվածում տարբեր լրատվամիջոցներ  համեմատություններ են կատարում ԵՄ անդամ երկրների և «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի կողմից առաջարկված բնական գազի սակագների մեծությունների միջև՝ համադրության համար կիրառելով անցումային գործակիցներ բնական գազի որակական ցուցանիշների մասով: Մասնավորապես, ցանկանում ենք անդրադառնալ առավել համապարփակ համեմատություն իրականացրած հրապարակումներից մեկին՝ սույն թվականի մայիսի 16-ին «Ժամանակ» թերթում տպագրված «ՀայՌուսգազարդի» առաջարկած գինը ավելին է, քան ԵՄ 23 երկրներից 18-ի գինն է» հոդվածին:

Նման համեմատություններ կատարելիս հարկ է նկատի ունենալ, որ ԵՄ անդամ երկրներում կիրառվում են բնական գազի որակական ցուցանիշների չափման այլ չափորոշիչներ: Հոդվածագիրն իրավամբ նշել է, որ. «եվրամիության երկրների ստացած գազի միջին ջերմատվությունը 38.48 ՄՋ/խմ է, որը նույնն է, թե 9191 կիլոկալորիա/խմ»: Սակայն այնուհետև սակագների համեմատականն իրականացրել է հարաբերելով «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի կողմից մատակարարվող բնական գազի նվազագույն կալորիականությունը՝ 7900 կկալ/խմ, ԵՄ անդամ երկրներում մատակարարվող բնական գազի կալորիականության՝ 9191 կկալ/խմ-ի, հետ: Այս դեպքում արդեն, կիրառված մոտեցումը տեղին չէ:

Հարկ է նկատի ունենալ, որ տեղեկատվության աղբյուրը (energy.eu) հստակ նշում է, որ տվյալները ներկայացված են հետյալ չափողականությամբ. “EU Average Gross Calorific Value 38.48 (MJ/m3)”. “Gross Calorific Value” հասկացությունը բնութագրում է բնական գազի վերին ջերմատվությունը, որի փոխարեն ինչպես ՀՀ-ում, այնպես էլ ԱՊՀ երկրներում, չափումների համար կիրառվում է բնական գազի ներքին ջերմատվությունը (Net Calorific Value). Բնական գազի ջերմատվության վերին սահմանից ներքին սահմանի անցման համար պետք է կիրառել 0.91 գործակիցը, որի արդյունքում ԵՄ անդամ երկրներում մատակարարվող բնական գազի՝ ՀՀ պայմաններին համադրելի ջերմատվությունը կկազմի 8272 կկալ/խմ (0.9 * 9191 կկալ/խմ):

Բացի վերը նշվածից, պետք է հաշվի առնել, թե ինչպիսի ջերմաստիճանային պայմաններում է չափվում բնական գազի կալորիականությունը, քանի որ վերջինիս սեղմման կամ ընդարձակման պայմաններում փոխվում է 1 խմ ծավալում բնական գազի բաղադրիչների պարունակությունը կամ կալորիականությունը: Այս դեպքում, ԵՄ երկրներում բնական գազի կալորիականությունը չափվում է 15.56 0C ջերմաստիճանի պայմաններում, իսկ ՀՀ (նաև ԱՊՀ երկրներ) մատակարարվող բնական գազի կալորիականությունը չափվում է 20 0C ջերմաստիճանի պայմաններում2:

Կրկին, համադրելի մեծություններ ստանալու համար անհրաժեշտ է կիրառել գործակից՝ միևնույն ջերմաստիճանային պայմաններին անցում կատարելու նպատակով, որը 15.56 0C-ից 20 0C-ի անցման դեպքում կազմում է 0.9843: Այսպիսով, ԵՄ երկրներում մատակարարվող բնական գազի ներքին ջերմատվությունը՝ 8272 կկալ/խմ, անհրաժեշտ է բազմապատկել 0.984 գործակցով (արդյունքում կունենանք՝  8140 կկալ/խմ): Այս դեպքում միայն կարելի է համեմատություն անցկացնել ԵՄ անդամ երկրներում և ՀՀ մատակարավող բանական գազի որակական ցուցանիշների միջև:

Ինչ վերաբերում է ՀՀ մատակարարվող բնական գազի միջին կալորիականությանը, ապա այն, ըստ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի հրապարակումների, 2012 թվականի տվյալներով կազմել է 8157 կկալ/խմ4, կամ գրեթե նույն է, ինչ ԵՄ երկրներում մատակարարվող բնական գազի միջին կալորիականությունը` ըստ energy.eu կայքի տվյալների:

Ամփոփելով վերը նշվածը, ցանկանում ենք նշել, որ ԵՄ անդամ երկրներում բնական գազի վաճառքի սակագների համեմատությունը «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի կողմից առաջարկված սակագների հետ պետք է իրականացվի` առանց բնական գազի որակական ցուցանիշների համար կիրառված անցումային գործակիցների: Միևնույն ժամանակ հորդորում ենք համեմատություններ իրականացնելիս խորհրդակցել համապատասխան փորձագետների հետ և հայտնում մեր պատրաստակամությունը ցուցաբերելու մասնագիտական աջակցություն:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում նաև ԵՄ անդամ երկրներում գործող բնական գազի սակագների մասին՝ հոդվածագրի կողմից ներկայացրած տեղեկատվության ճշգրտված տարբերակը, ինչպես նաև տեղեկատվություն՝ ԱՊՀ երկրներում գործող բնական գազի սակագների մասին»: 

Օգտագործված տեղեկատվության աղբյուրները՝

  1.  http://dolgikh.com/index/0-34
  2.  http://www.naftogaz.com/www/3/nakwebru.nsf/0/E4F2C7033F7E2D29C2257A99002AEAA0
  3.  http://gazovik-gas.ru/directory/add/def/017.html
  4. http://www.armrusgasprom.am/

Մեկնաբանություններ (1)

Գևորգ
Ինչպիսի ջանասիրությամբ է կատարված այս պարզաբանումը:Պարզ է մի բան .հանրային շահի փոխարեն հանձնաժողովը պաշտպանում է գերշահույթ ստացող(ապացույց.16 գծամետր ներտնային միացման համար վճարել ենք 127000 դրամ.հետաքրքիր է,ինչ արժե կես դույմանոց խողովակը) մոնոպոլիստի շահերը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter