
«Հայկական ժամանակ». Սեյրան Օհանյան. ո՞վ է պահանջում իմ հրաժարականը
Ստորև ներկայացնում ենք «ՀԺ»-ի գլխավոր խմբագիր Ա.Հակոբյանի բլից-հարցազրույցը պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ, որ տեղի է ունեցել Վերին Գետաշենի գերեզմանոցում զինվոր Լյուքս Ստեփանյանի հուղարկավորությունից րոպեներ անց:
-Պարոն Օհանյան, ինչո՞ւ այսօր հրաժարական չտվեցիք, երբ իմացաք, որ զինվորի դագաղը Երևան-Սևան մայրուղու ասֆալտի վրա է:
-Բայց ո՞վ է ասել, որ պետք է հրաժարական տայի ես:
-Բանակում ոչ կանոնակարգային հարաբերությունների հետևանքով շաբաթը մեկ զինվոր է մահանում:
-Այդպիսի բան չկա, դուք սխալվում եք:
-Չկա՞ այդպիսի բան, դուք հրաժարական տալու պատճառներ չե՞ք տեսնում:
-Իսկ ո՞վ է պահանջում... Իմ աշխատանքի գնահատականը կարող է տալ իմ ղեկավարը և ժողովուրդը:
-Այն, որ գալիս են, մայրուղու ասֆալտին դագաղ են դնում, գնահատական չե՞ք համարում:
-Ժողովուրդը պահանջե՞ց ինձնից հրաժարական տալ:
-Դա ինչ երևույթ էր, երբևէ եղե՞լ է, որ դիակը բերեն...
-Կարո՞ղ եմ իմանալ՝ դուք ով եք:
-«ՀԺ»-ի գլխավոր խմբագիր Աննա Հակոբյան:
-Շնորհակալ եմ, ես պատասխանեցի:
-Երբևէ եղե՞լ է, որ դիակը բերեն կառավարության մոտ, դա ժողովորդի գնահատական չէ՞, ձեր կարծիքով:
-Ժողովրդի գնահատական է երևույթի հանդեպ:
-Պարոն Օհանյան, շատ հաճախ ոչ կանոնակարգային հարաբերությունների հետևանքով բանակում զոհվում են զինվորներ: Բարձրաստիճան պաշտոնյաների ծառայող երեխաներից որևէ մեկը չի զոհվում, ձեզ համար դա տարօրինակ չի՞:
-Ի՞նչը:
-Բանակում նրանց հետ դժբախտ պատահար չի լինում, ինքնասպան չեն լինում: Որևէ պաշտոնյայի որդու հետ, որը ծառայել է, նման բան չի եղել: Ի՞նչն է պատճառը:
-Յուրաքանչյուր դեպքի ես չեմ կարող գնահատական տալ: Դեպքը լինում է՝ ըստ տեղի, ըստ իրավիճակի և ըստ զարգացման:
-Իսկ կարելի՞ է ենթադրել, որ ղեկավարությունը կարողանում է ապահովել միայն այն զինվորների անվտանգությունը, ովքեր ունեն պաշտոնյա հայրիկներ:
-Իհարկե ոչ: Իմ երկու զավակներն էլ ծառայում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում...
-Նրանք ողջ և առողջ են, իսկ այս երիտասարդին մենք հենց նոր հողը դրեցինք:
-Նրանցից մեկն էլ՝ իմ ավագ որդին, մեկ տարի առաջ ճանապարհատրանսպորտային պատահարի ժամանակ ծանր վիրավորվել էր, բերեցին հոսպիտալում բուժեցին: Եթե հնարավոր լիներ իրեն էլ բուժել, մենք, հավատացեք, ամեն ինչ կանեինք:
-Այս ընթացքում որևէ պաշտոնյա պատժվե՞լ է բանակում առկա ոչ կանոնակարգային հարաբերությունների համար:
-Շատ-շատ:
-Բարձրաստիճան՝ նախարարի տեղակալ, շտաբի պետ...
-Շատ-շատ:
-Անուն տվեք, մի հոգու անուն:
-Գլխավոր շտաբի պետի տեղակալներ են պատժվել, պատժվել են վարչության պետեր, պաշտոնից ազատվել են վարչության պետեր:
-Քրեական պատախանատվության ենթարկվե՞լ է որևէ մեկը:
-Բայց ինչի՞ համար, քրեական պատասխանատվության ենթարկվում են հանցագործները միայն:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել