HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Մարդու իրավունքների ոտնահարումը աշխատատեղերի բացակայությունն է

Արմավիրի մարզի Քարակերտի գյուղապետ Մհեր Հարթենյանը «նեղ շրջապատով» նշում է ՀՀ Սահմանադրության օրը: Ըստ նրա` քարակերտցիների զգալի մասը գիտի, որ այսօր տոն է, սակայն գյուղացիներն ավելի շատ զբաղված են կենցաղային խնդիրներ լուծելով և օրվա ապրուստը հոգալով, քան տոն նշելով:

Գյուղապետն ասաց, որ Հայաստանում մարդու իրավունքները պաշտպանված են, սակայն այս տոն օրով չկարողացավ նշել առկա բացթողումները: Մհեր Հարթենյանի խոսքերով' շատերն են դժգոհում, թե գյուղի և քաղաքի բնակչության սոցիալ-կենցաղային պայմաններն անհավասար են, սակայն ինքը դրան նորմալ է վերաբերվում:

«Գյուղացին պետք է զբաղվի հողագործությամբ, իսկ քաղաքացին` պետական աշխատանքով: Միշտ էլ այդպես է եղել, սա նոր չի: Երբ կյանքը հասկացել եմ, դա եմ տեսել, և դա է ճիշտը»,- ավելացրեց համայնքապետը:

Մհեր Հարթենյանն ասաց, թե ցանկանում է, որ աշխատատեղեր ստեղծվեն, մարդիկ լավ ապրեն, հետո էլ ինքն իրեն հարց տվեց. «Բայց աշխատատեղերն ի՞նչ կապ ունեն Սահմանադրության հետ»:

«Կառավարությունը պետք է աշխատատեղերի հարցով ռազմավարական ծրագրեր մշակի, մենք ի՞նչ կարող ենք անել: Աշխատատեղեր են պետք, որ մարդիկ աշխատեն ապրեն, թե չէ հող մշակելով' ոչ մի բանի չեն հասնի»,- նշեց Մ.Հարթենյանը:

Արագածոտնի մարզի Սիփանի գյուղապետ Թենգիզ Մամոյանն էլ կարծում է, որ նախկին խորհրդային պետություններից մարդու իրավունքներն առավել պաշտպանված են հենց Հայաստանում: Նա նշեց, որ մինչև խորհրդային կարգերի փլուզումը գյուղերում վիճակը նույնպես վատ է եղել, սակայն փլուզումից հետո որոշ համայնքներում կյանքը դարձել է ավելի «մութ ու մռայլ»:

«Այժմ կառավարությունը պետք է ծրագրեր մշակի գյուղացիների սոցիալ-կենցաղային մակարդակը բարձրացնելու ուղությամբ: Դա է այսօրվա հիմնական խնդիրը»,-ավելացրեց Թ. Մամոյանը:

Իսկ Մաստարայի գյուղապետ Աղասի Դանիելյանն այսպես արձագանքեց. «Հայաստանում մարդու իրավունքները ե՞րբ պաշտպանված չեն եղել, միշտ էլ պաշտպանված են»:

Հետո ասաց, որ դեպքեր լինում են, երբ կառավարությունը գյուղացիներին չի օգնում հատկապես բնական աղետների դեպքում, ինչը կարող է դիտվել որպես գյուղացու իրավունքների ոտնահարում, սակայն ինքն անձամբ նման խնդիրների չի բախվել:

«Կարկուտ եկավ, գյուղին վնասներ պատճառեց, գրեցի կառավարությանը, պատասխանեցին, թե երբ միջոցներ լինեն, կհատկացնեն ամբողջ գյուղին»,- որպես կառավարության դրական պատասխան' նշում է գյուղապետը:

«Իմ ու ժողովրդի հիմնական պահանջը աշխատատեղն է: Աշխատանք որ լինի, ո՞վ կթողի իր տունն ու տեղը, Հայաստանից դուրս կգնա: Մարդն իրավունք ունի պահանջելու, որ աշխատատեղեր լինեն, բայց ո՞ւր է, աշխատանք չկա: Եղածներն էլ մասնավոր են, իրանք էլ չարաշահում են: Մասնավորի բիզնեսին էլ պիտի պետական աջակցություն լինի, որ նրանք աշխատանքային նորմերը պահեն, ոչ թե մարդուն 18-20 ժամ աշխատեցնեն ու 20-30 հազար դրամ աշխատավարձ տան»,- ասում է Աղասի Դանիելյանը:

ՀՀ Սահմանադրության 2005թ. նոյեմբերի 27-ի փոփոխությունից հետո առանձին հոդվածով ամրագրված է, թե պետությունն ինչ հիմնական խնդիրներ ունի լուծելու տնտեսական, սոցիալական և մշակութային ոլորտներում: Ըստ հոդված 48-ի' պետության հիմնական խնդիրն է պաշտպանել և հովանավորել ընտանիքը, մայրությունը և մանկությունը, նպաստել բնակչության զբաղվածությանը և աշխատանքի պայմանների բարելավմանը, խթանել բնակարանային շինարարությունը, նպաստել յուրաքանչյուր քաղաքացու բնակարանային պայմանների բարելավմանը:

Պետության հիմնական խնդիրն է նաև իրականացնել բնակչության առողջության պահպանման ծրագրեր, նպաստել արդյունավետ և մատչելի բժշկական սպասարկման պայմանների ստեղծմանը, նպաստել անվճար բարձրագույն և այլ մասնագիտական կրթության զարգացմանը, գիտության և մշակույթի զարգացմանը, իրականացնել ներկա ու ապագա սերունդների բնապահպանական անվտանգությունն ապահովող քաղաքականություն, ապահովել տարեց մարդկանց արժանապատիվ կենսամակարդակը։

Պետությունը պարտավոր է իր հնարավորությունների շրջանակներում միջոցներ ձեռնարկել վերը նշված խնդիրների իրականացման համար։ Սակայն հարց է' արդյոք պետությունը լիարժեք իրականացնո՞ւմ է իր պարտականությունները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter