Հայաստանում գործող հակակարկտային սարքերից Եվրոպան վաղուց հրաժարվել է. Հրաչ Բերբերյան
«Մեր հաշվարկներով՝ մոտ 35-40 միլիոն դոլարի վնաս է հասցվել: 17-20 հազար հեկտար տուժել է կարկտահարությունից: Անկախացումից առ այսօր նման ծանր վիճակ գյուղացու համար Հայաստանում չի եղել»,- այսօրվա ասուլիսի ժամանակ, անդրադառնալով Արմավիրի մարզում օրերս տեղացած կարկուտին, հայտնեց Ագրարագյուղացիական միության նախագահ Հրաչ Բերբերյանը:
Նրա դիտարկմամբ՝ գյուղատնտեսությանը հասցված այսպիսի խոշոր վնասները փոխհատուցելու համար պետությունը պետք է ավելի լուրջ քայլեր ձեռնարկի, քան պարարտանյութ և սերմացու բաժանելն է. անհրաժեշտ է դրամական օգնություն տալ գյուղացուն, կամ վարկերը մեկ տարով սառեցնել:
Բանախոսի կարծիքով՝ նույնիսկ Հայաստանում գործող ացետիլենային համակարգը կարող էր գյուղացու բերքը պաշտպանել կարկուտից, եթե այն գործեր սահմանված կարգով. 8 տարի առաջ Արգենտինայից ձեռք բերված հակակարկտային սարքերը, որոնք աշխատում են ացետիլենային համակարգով, Հայաստանում չէին փորձարկվել: Իսկ հետագայում այդ ներկրված համակարգում ացետիլենը փոխարինեցին պրոպան-բութանով, որն ավելի էժան է, բայց պակաս արդյունավետ: Ըստ Բերբերյանի՝ դա նույնն է, ինչ բենզինով աշխատող մեքենան դիզվառելիքով լիցքավորելը:
Սարքերը տեղադրվել են գյուղերում, այն էլ սահմանափակ քանակությամբ: «Ով որ գումար և ծանոթ է ունեցել կամ լավ հարաբերություններ ղեկավարության հետ, նա էլ տեղադրել է այդ սարքից»,- ասաց Բերբերյանը և ավելացրեց, որ ճիշտ կլիներ, եթե հակակարկտային միջոցները երկու էշելոնով տեղադրվեին ՀՀ պետական սահմանների երկայնքով՝ Շիրակի մարզից մինչև Արմավիրի մարզն ընկած հատվածում, որպեսզի միջերկրական ծովից եկած կարկուտի ուղղությունների դիմացը հնարավոր լիներ փակել: Իսկ ահա ցաքուցրիվ տարբերակով տեղադրելը, փաստորեն, անարդյունավետ է:
Ըստ Հրաչ Բերբերյանի՝ պետք է հետևել Եվրոպայի օրինակին, որտեղ վաղուց հրաժարվել են ացետիլենային համակարգից և օգտագործում են հատուկ ցանցեր՝ կարկուտից, ցրտահարությունից և այլ վնասակար երևույթներից պաշտպանվելու համար: Այդ ցանցերն ունեն 15 տարվա երաշխիք: Մեկ հեկտար հողակտորը դրանցով ծածկելն արժե 2500 եվրո, ինչը, ըստ բանախոսի, ձեռնտու կլինի, եթե գումարը տրամադրի պետությունը, իսկ գյուղացին տարիների ընթացքում իր եկամտից վերադարձնի այն:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել