
ԱԺ-ում արտահերթ քննարկում են Ընտրական օրենսգրքի հնարավոր փոփոխությունները
«Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Զարուհի Փոստանջյանը, Ռուբիկ Հակոբյանը և Թևան Պողոսյանը Ազգային ժողով են ներկայացրել Ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխումներ կատարելու մասին օրենքի նախագիծ: Պատգամավորները օրենսդրական նախաձեռնությունը համարել են արտահերթ, ուստի ԱԺ նախագահն այն ներառել է քառօրյա նիստերի օրակարգ, և նախագիծը քննարկվելու է մեկ օրում:
Նախագիծը ներկայացրեց պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը: Նա նշեց, որ հատկապես վերջին երկու ընտրությունների ժամանակ ակնհայտ է դարձել, որ կեղծիքները, լցոնումներն անում են՝ հենց ցուցակները չհրապարակելու փաստն օգտագործելով: «Դուք պահում եք այս նորմը, որպեսզի վերարտադրվեք»,- դիմելով իշխանություններին՝ նշեց Ռուբիկ Հակոբյանը:
Նախագծի հեղինակները ներկայացրած փոփոխությամբ պահանջում են, որ ընտրողների ստորագրած ցուցակները հրապարակվեն տեղամասային կենտրոնների փակվելուց անմիջապես հետո, ինչպես նաև դրանք կարող են լուսապատճենվել, լուսանկարվել և տեսանկարահանվել:
Պատգամավորներն առաջարկում են նաև գործող օրենսգրքում ավելացնել նոր կետ, ըստ որի' «տեղամասային ընտրական հանձնաժողովների կազմած ընտրողների լրացուցիչ ցուցակների հիման վրա Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմում է ընդհանուր լրացուցիչ ցուցակ, որում ընդգրկվում են՝
1. ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից դուրս եկած և քվեարկության վայրի ընտրողների ցուցակում ընդգրկված ընտրողները,
2. ընտրական տեղամաս գործուղվող և հաշվառման վայրի ընտրողների ցուցակից դուրս եկած ոստիկանության ծառայողները,
3. ստացիոնար բուժման մեջ գտնվող և հաշվառման վայրի ընտրողների ցուցակից դուրս եկած ընտրողները:
Ըստ տեղամասերի (հաշվառման վայրի և քվեարկության վայրի) կազմած ընդհանուր լրացուցիչ ցուցակը՝ որոնման հնարավորությամբ տեղադրվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքէջում»:
Ինչպես և սպասվում էր, այս օրենսդրական նախաձեռնությանը դեմ են արտահայտվում կոալիցիոն գործընկեր կուսակցությունները' ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ը:
Դրական եզրակացություն չի տվել նաև պետաիրավական հանձնաժողովը, որի անդամ Լևոն Մարտիրոսյանը նշեց, որ շատ բովանդակային քննարկում են ունեցել հանձնաժողովում, սակայն այս օրինագիծը հակասում է մեր Սահմանադրությանը, Սահմանադրական դատարանի որոշմանը և Վենետիկի հանձնաժողովի եզրակացությանը, ուստի, այդ տրամաբանությունից ելնելով, բացասական եզրակացություն են տվել նախագծին:
Հարակից զեկուցող արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը նշեց, որ ինքը հասկանում և ընդունում է նախագծի հեղինակների այն ազնիվ մղումները, որոնք վերեբերում են ընտրական գործընթացի վստահության արդյունավետության բարձրացմանը: Սակայն նախարարը նշեց, որ վստահությունը բարձրացնելու միակ ճանապարհը ստորագրված ցուցակները հրապարակելը չէ:
Հրայր Թովմասյանը հանպատրաստից առաջարկեց, որ, օրինակ, Հայաստանում չգտնվող, սակայն ընտրացուցակներում տեղ գտած քաղաքացիների ցուցակը այլ ձևով կազմվի՝ ասենք, լինի առանձին ցուցակ և անցնի զտման կրկնակի ֆիլտրով:
Մեկնաբանել