
Հիմնանորոգում է Չարենցավանի բժշկական կենտրոնի մանկաբարձական բաժանմունքը
«Հայաստան» համահայկական հիմնադրամը հիմնանորոգում է Չարենցավան քաղաքի բժշկական կենտրոնի մանկաբարձական բաժանմունքը: 2010-ի աշնանը մեկնարկած ծրագիրն իրականացվում է Հիմնադրամի Հոլանդիայի տեղական մարմնի, հայաստանցի նվիրատուների եւ հիվանդանոցի տնօրինության համաֆինանսավորմամբ:
Հիմնադրամը տեղեկացնում է, որ հիմնանորոգման արդյունքում նախկին մեկ ծնարանի փոխարեն կգործի երկուսը, ինչը ավելի բարենպաստ պայմաններ կստեղծի բուժսպասարկումը ժամանակին եւ արդյունավետ իրականացնելու համար: Տանիքն ու ներքին հարդարանքը ամբողջությամբ կփոխարինվեն նորով, շենքը կունենա կենտրոնական ջեռուցում:
1967 թվականին կառուցված եռահարկ հիվանդանոցը Չարենցավան քաղաքից բացի սպասարկում է նաեւ մոտակա համայնքների բնակիչներին` ընդհանուր առմամբ ավելի քան 35 հազար մարդ:
Կենտրոնում գործում են վիրաբուժական, թերապեւտիկ, ինֆեկցիոն, մանկաբարձական բաժանմունքներ եւ պոլիկլինիկա: Հիվանդանոցի բուժանձնակազմը 72 հոգի է, այդ թվում 18 բժիշկ:
Մեզ հետ զրույցում բուժհաստատության տնօրեն Գառնիկ Սահակյանը տեղեկացրեց, որ տարեկան մոտ 370 ծնունդ է ընդունվում հիվանդանոցում: Տարեսկզբից մինչ այսօր այստեղ արդեն 91 երեխա է ծնվել: Քանի դեռ շարունակվում են շինարարական աշխատանքները, ծնունդները կընդունվեն ժամանակավորապես հարմարեցված ծնարաններում:
Մեկնաբանել