Վերահսկիչ պալատը բացահայտում է. աթոռներ գնելու համար կատարվել է 28.5 մլն դրամի անարդյունավետ ծախս
Մարզային դատարանների եւ Արդարադատության դպրոցի համալիրի կարիքների համար «Դատաիրավական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը 2011թ. հունվարի 26-ին եւ նոյեմբերի 25-ին «Della Valentina Office» իտալական կազմակերպության հետ կնքել է կահույքի ձեռք բերման պայմանագրեր, համապատասխանաբար` 288 հազար 996 եվրո եւ 212 հազար 968 եվրո արժեքով:
Վերահսկիչ պալատի 2012թ. ստուգման արդյունքում պարզվել է, որ ԾԻԳ-ը վերը նշված պայմանագրերից մեկով ձեռք է բերել 830 հատ «այցելուների համար աթոռ»` միավորի արժեքը 33 հազար 900 դրամով, այն դեպքում, երբ նույն տեխնիկական բնութագիր ունեցող այդ ապրանքատեսակի շուկայական մանրածախ գինը կազմում է 12 հազար դրամից մինչեւ 15 հազար դրամ: Արդյունքում, ձեռք բերված աթոռների արժեքի տարբերության հաշվին ԾԻԳ-ը կատարել է առնվազն 15 միլիոն 687 հազար դրամի անարդյունավետ ծախս:
ԾԻԳ-ը մյուս պայմանագրով ձեռք է բերել այլ տեսակի 188 հատ «աշխատանքային աթոռ»` միավորի արժեքը 106 հազար 200 դրամով այն դեպքում, երբ նույն տեսակի աթոռների շուկայական մանրածախ գինը 30-38 հազար դրամ է: Այս դեպքում անարդյունավետ ծախսը կազմել է առնվազն 12 մլն 821 հազար դրամ: Վերահսկիչ պալատը արձանագրել է, որ «Դատաիրավական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից շուկան չուսումնասիրելու եւ աթոռների գնումը առանձին լոտով չիրականացնելու հետևանքով ծրագրի շրջանակներում աթոռները գնվել են 2.5-ից 3 անգամ թանկ, ինչի արդյունքում անարդյունավետ ծախսվել է մոտ 28 մլն 508 հազար դրամ:
ԾԻԳ-ին առաջարկվել է ղեկավարվել Համաշխարհային բանկի գնումների ուղեցույցի պահանջով` վարկային եւ դրամաշնորհային միջոցների հաշվին իրականացվող ծրագրերը կատարել խնայողաբար եւ արդյունավետ: Ինչպես նաեւ վարկային եւ դրամաշնորհային միջոցների օգտագործման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով գնումների պլանը կազմել ծրագրով անհրաժեշտ կարիքներին համապատասխան հիմնավորում ունեցող գներով:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել