«Հայկական ժամանակ». Վատ է նույնիսկ պաշտոնապես
Երեկ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է այս տարվա առաջին չորս ամիսներին Հայաստանում արձանագրված մակրոտնտեսական հիմնական նախնական ցուցանիշները: Ըստ այդմ, այս տարվա ապրիլին տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) անցած տարվա նույն ամսվա համեմատ աճել է ընդամենը 3.9 տոկոսով: Սա ամենացածր ցուցանիշն է այս տարվա նախորդ ամիսների համեմատ: Ընդ որում՝ ՏԱՑ-ի աճի տեմպը 2-2.5 անգամ ավելի ցածր է, քան հունվար, մարտ, փետրվար ամիսներին:
Որքան էլ անվստահելի ու ուռճացված լինեն մեր պաշտոնական վիճակագրական ցուցանիշները, հրապարակվածից ակնհայտ է դառնում, որ վիճակը լավ չէ: Օրինակ՝ միջին աշխատավարձը ապրիլին մարտի համեմատ նվազել է 600 դրամով կամ 0.4 տոկոսով: Նախորդ տարիներին ընդհակառակը՝ ապրիլին աշխատավարձերը սովորաբար զգալի ավելանում էին: Ամենաուշագրավն այն է, որ չնայած անցած տարվա ապրիլի համեմատ աշխատավարձերն աճել են 2.5 տոկոսով, սպառողական գները, ըստ պաշտոնական վիճակագրության, բարձրացել են 3.9 տոկսով: Այլ կերպ ասած՝ նույնիսկ պաշտոնական վիճակագրության համաձայն՝ աշխատավարձ ստացող ՀՀ բնակչության գնողունակությունը նվազել է մոտ 1.5 տոկոսով:
Մեկնաբանել