Թերություններ՝ դրամաշնորհային եւ պետբյուջեի միջոցներով իրականացված ծրագրերում
Վերահսկիչ պալատը ստուգման արդյունքում մի շարք թերություններ է գտել «Դատաիրավական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից` օտարերկրյա պետությունների եւ միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից ՀՀ տրամադրված վարկային եւ դրամաշնորհային, ինչպես նաեւ Հայաստանի պետական բյուջեի միջոցներով իրականացված ծրագրերում:
Վերահսկիչ պալատի կողմից ուսումնասիրվել են 2010թ. հունվարի 1-ից մինչեւ 2012թ. դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում իրականացված ծրագրերը:
Թերություններից մեկը վերաբերում է արդարադատության նախարարության փորձագիտական կենտրոնի շենքի վերակառուցման համար կնքած պայմանագրին: ԾԻԳ-ը շինարարական աշխատանքների իրականացման համար 03.05.2010թ. պայմանագիրը կնքել է մրցույթի արդյունքով հաղթող ճանաչված «Փարվանապրոմ» ՍՊԸ հետ: Պայմանագրի արժեքը եղել է մոտ 218 միլիոն 778 հազար դրամ:
«Փարվանապրոմ» ՍՊԸ-ն նախկինում ոչ պատշաճ կատարված աշխատանքների պատճառով ՀՀ ֆինանսների նախարարի հրամանով ընդգրկվել է լիազոր մարմնի գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող կազմակերպությունների ցանկում:
Նշված իրավունքից զրկված ընկերության մասնակցությունը Համաշխարհային բանկի կողմից սահմանված գնումների կազմակերպման ուղեցույցով չի սահմանափակվում, սակայն, եթե մասնակից ընկերությունը մինչեւ պայմանագիր կնքելը ներկայացրել է կեղծ տվյալներ եւ տեղեկություններ, ապա հայտը ենթակա է մերժման:
Ըստ վերահսկիչ պալատի` «Փարվանապրոմ» ՍՊԸ մրցութային հանձնաժողովից թաքցրել է մրցույթին նախորդող ժամանակահատվածում պետության կարիքների համար պայմանագրային պարտավորությունների ոչ պատշաճ կատարումը, իսկ ԾԻԳ-ը իր լիազորությունների շրջանակներում այդ հանգամանքն ի հայտ գալուց հետո չի լուծել կնքված պայմանագիրը:
«Փարվանապրոմ» ՍՊԸ-ն պայմանագրի շրջանակներում 2010թ. մայիսի 20-ից մինչեւ 2011թ. նոյեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում կատարողական ակտերով կատարել է շինարարական աշխատանքներ` 228 միլիոն 705 հազար դրամի չափով, որը 9 միլիոն 926 հազար դրամով գերազանցել է պայմանագրային արժեքը:
Ստուգման պահին ԾԻԳ-ի կողմից վճարումը կազմել է 204 մլն 443 հազար դրամ, որը 24 մլն 261 հազար դրամով պակաս է եղել: Պայմանագրով սահմանված շինարարության կատարման ժամկետի ուշացման համար հաշվանցված տույժը կազմել է 10 մլն 939 հազար դրամ, պայմանագրով սահմանված երաշխիքային գումարը`11 մլն 435 հազար դրամ, իսկ վերջին կատարողական ակտից կրեդիտորական պարտք` 1 մլն 888 հազար դրամ:
Արդարադատության նախարարի 2011թ դեկտեմբերի 8-ի թիվ 206-Ա հրամանով ստեղծվել է հանձնաժողով, որի կազմած ակտով օբյեկտն ընդունվել է շահագործման, սակայն` վերապահումներով:
Վերահսկիչ պալատը պարզել է, որ ԾԻԳ-ի կողմից «Փարվանապրոմ» ՍՊԸ-ին թերությունները վերացնելու պահանջ չի ներկայացվել, ընկերությունը փաստացի չի գործել, հանձնաժողովի կողմից արձանագրված թերությունները վերացվել են անհայտ կատարողի ու ֆինանսավորման աղբյուրի միջոցով, իսկ ԾԻԳ-ը երաշխիքային գումարից միջոցներ չի ծախսել:
Տեղատեսությամբ պարզվել է նաեւ, որ օբյեկտի ներքին եւ արտաքին հարդարման աշխատանքներում օգտագործվել են ցածրորակ շինարարական նյութեր` պատուհաններ, դռներ, հատակի եւ երեսպատման սալիկներ, լամինատ, ներկեր, լվացարաններ, էլեկտրասնուցման սարքեր ու պարագաներ:
Շենքի վերակառուցման ընթացքում կատարվել է 2 մլն 996 հազար դրամի ասֆալտապատման աշխատանքներ: Այդ աշխատանքները կատարվել են առանց ենթակապալառու ներգրավելու`«Փարվանապրոմ» ՍՊԸ կողմից, որը այդ աշխատանքի կատարման համար լիցենզիա չէր ներկայացրել:
Ստուգման ընթացքում տեղատեսությունով պարզվել է, որ աշխատանքները կատարվել են անորակ` սահմանված տեխնոլոգիական պահանջների խախտումներով: Կատարված աշխատանքների որակի համապատասխանությունը ԳՈՍՏ 9128-84 պահանջներին տեխնիկական հսկողության կողմից չի հավաստվել: Արդյունքում, ասֆալտապատման աշխատանքները ենթակա են կրկնակի կատարման օբյեկտի երաշխիքային գումարի հաշվին, իսկ անորակ աշխատանքի դրմաց վճարված 2 մլն 996 հազար դրամը «Փարվանապրոմ» ՍՊԸ-ի կողմից ենթակա է վերականգնման պետբյուջե:
Վերահսկիչ պալատն արձանագրում է, որ ԾԻԳ-ի կողմից պետական գնումների գործընթացին մասնակցելու իրավունքից զրկված «Փարվանապրոմ» ՍՊԸ –ի հետ կապալի պայմանագիրը չլուծելու հետեւանքով վերակառուցված փորձագիտական կենտրոնը չի համապատասխանում դատաիրավական բարեփոխումների ծրագրի շրջանակներում կառուցված այլ օբյեկտների որակին: Մասնավորապես` աշխատանքները կատարվել են ցածրորակ շինարարական նյութերով եւ թերություններով, որը անհրաժեշտ է վերացնել պայմանագրով նախատեսված 11 մլն 435 հազար դրամ երաշխիքային գումարի հաշվին:
Ըստ էլեկտրոնային ռեգիստրի տվյալների` «Փարվանապրոմ» ՍՊԸ- երեք բաժնետերերից երկուսը Վրաստանի քաղաքացի են:
Նշենք, որ կառավարության եւ Համաշխարհային բանկի միջև ստորագրված դատաիրավական բարեփոխումների երկրորդ ծրագրի համաձայնագիրը վավերացվել է Ազգային ժողովի կողմից 2007թ. մարտի 20-ին: Ծրագիրը ֆինանսավորվում է Համաշխարհային բանկի կողմից տրամադրված վարկային միջոցների, կնքած համաձայնագրերով ներգրավված Ճապոնական եւ Հոլանդական դրամաշնորհների եւ ՀՀ պետբյուջեից համաֆինանսավորման հաշվին:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել