Սարագյուղցիները պնդում են, որ «Հայջրմուղկոյուղու»` դատարան ներկայացրած պայմանագրերը կեղծ են
««Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ «Կենտրոն-Արեւմտյան» մասնաճյուղն ընդդեմ Աշոցքի տարածաշրջանի մի շարք համայնքների բնակիչների» դատական գործընթացներից առավել աղմկոտը Սարագյուղ համայնքինն էր:
Պատճառը, հավանաբար, այն էր, որ անակնկալի եկած գյուղացիները, իրավաբանական խորհրդատվություն ստանալու նպատակով իրավաբանին դիմելու փոխարեն, որոշել էին սեփական խնդիրը տեղական լրատվամիջոցներից մեկով հանրայնացնել` միամտորեն ենթադրելով, թե բարձրացրած աղմուկը ստիպելու է կազմակերպությանը հետ վերցնել հայցերը: Ուղիղ մեկ տարի առաջ, հունիսին Սարագյուղի բնակիչներին ծանուցագրեր են ուղարկվել, որով «Հայջրմուղկոյուղին» տեղեկացրել է կազմակերպությանն ունեցած պարտքի մասին եւ զգուշացրել` չմարելու դեպքում դատական կարգով կգանձի գումարը:
«Սկզբում 7 ընտանիքի էին դատի տվել, ինձ էլ հետները,- պատմում է Սարագյուղի համայնքապետ Յուրի Խչոյանը,- հեռուստատեսությամբ օր շուխուրը ընկավ, ըդոնց ձենն էլ ըդտեղ կտրավ, մենք էլ ըսինք` երեւի փոշմանել են, էլ դատ-բան չի լինի: Բայց 2010 թ. նոյեմբերին մեկ էլ էդ 7 ընտանիքի վճիռներն ուղարկեցին մեզ: Առանց մեզ դատ էին արել, առանց մեզ վճիռ էին կայացրել: ԴԱՀԿ-ն էլ եկավ փողը տարավ»:
Սարագյուղցի Ռաֆիկ Խչոյանը «Հայջրմուղկոյուղուց» ծանուցում ստացել էր 2009 թ. դեկտեմբերի 8-ին, որով կազմակերպությունը տեղեկացնում էր վերջինս 2002-2009 թթ. մատուցած ջրամատակարարման ծառայությունների համար գոյացած պարտքի մասին: 62 հազար 111 դրամը 5-օրյա ժամկետում չմուծելու դեպքում կազմակերպությունն այն դատական կարգով գանձելու որոշում էր կայացրել, բացի դրանից` սպառնում էր դադարեցնել բաժանորդի ջրամատակարարումը:
«Իրանց պայմանագիրը օր կկարդաս, իրանք փաստորեն համ ջուր են մատակարարում, համ ջրահեռացում են կատարում, ինչ-որ կոյուղիներից են խոսում: Փայտե զուգարանին ի՞նչ կոյուղի, կամ ի՞նչ ջրահեռացման մասին է խոսքը,- հարցնում է Ռաֆիկ Խչոյանն ու շարունակում,- հակահամաճարակային տեսչության կողմից էլ մեր ջուրը խմելու համար ոչ պիտանի, կյանքի ու առողջության համար վտանգավոր է որակված: Ի՞նչխ կրնա մարդ դատի տա մի բանի համար, որի տերը չէ, նկատի ունեմ ծառայություններ մատուցելու տեսանկյունից»:
Ռաֆիկ Խչոյանը հիշում է, որ 2003 թ. «Հայջրմուղկոյուղուց» ինչ-որ մարդիկ են եկել գյուղ պայմանագիր կնքելու առաջարկով, բայց ինքը կնքե՞լ է, թե՞ ոչ` չի հիշում, քանի որ երկրորդ օրինակ իր մոտ չկա: Սակայն, երբ իր պարտքի հետ կապված կազմակերպությունը դատարան է դիմել, պայմանագրի օրինակը տրամադրել է դատարանին: 2010 թ. մարտին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանից ինքը ստացել է վճարման կարգադրություն պարտքը մարելու վերաբերյալ. 8 անձի համար հաշվարկված պարտքը կազմել է 62 հազար 114 դրամ:
Ուսումնասիրելով «Հայջրմուղկոյուղու» ներկայացրած դիմումը եւ կից փաստաթղթերը, այդ թվում նաեւ կողմերի միջեւ կնքված պայմանագրի օրինակը` դատարանը գտել էր, որ ներկայացված դիմումը վերաբերում է կողմերի միջեւ ջրամատակարարման եւ ջրահեռացման պայմանագրի պարտավորության ոչ պատշաճ կատարմանը: Ըստ էության չստուգելով պահանջի հիմնավորվածությունը` դատարանը վճարման կարգադրություն էր ուղարկել պատասխանող կողմին:
Ռաֆիկ Խչոյանը պիտի կարգադրությունը ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում գումարը մուծեր առաջարկվող 3 բանկերից որեւէ մեկում: Խչոյանին իրավունք էր վերապահվել ներկայացնել գրավոր առարկություն, եթե պահանջը հիմնավորված չէ կամ առարկություն ներկայացնել պահանջի միայն մի մասի վերաբերյալ` մյուս մասով կատարելով վճարման պահանջը: Առարկություն ներկայացնելու դեպքում վեճը կարող էր քննվել ըստ էության հայցային վարույթով, որի դեպքում պարտվող կողմը կրելու էր դատական ծախսերը:
Վճարման կարգադրությունն ու դատարանի որոշումն իրարից չզանազանելը, իրավաբանի խորհրդատվությանը չդիմելն էլ հենց նպաստել է, որպեսզի Ռաֆիկ Խչոյանը չվիճարկի դատարանից ստացված վճարման կարգադրությունը: Վերջինս հանդիպման ժամանակ պնդում էր, որ դատաքննություն եղել է առանց իր մասնակցության, իսկ 2010 թ. նոյեմբերին արդեն գյուղ են հասել ԴԱՀԿ-ի աշխատակիցները: Կատարողական վարույթ հարուցելուն զուգընթաց արգելանք է դրվել Ռաֆիկ Խչոյանի դրամական միջոցների վրա` զրկելով վերջինիս այդ տարվա գյուղատնտեսական վարկավորումից օգտվելու հնարավորությունից:
Ռ. Խչոյանի տանը պահվող թղթերի մեջ հին պայմանագիրը չհայտնաբերվեց: Դրա փոխարեն տանտերը ցույց տվեց նորը, որ կնքվել էր այս տարվա սկզբին, կազմվել էր պարտքի մարման ժամանակացույց: «Էդ քայլին էլ ստիպված գնացի, որ նախ ԴԱՀԿ-ն հանկարծ փողի տեղը անասուն չտաներ, համ էլ` օր կրնանայի վարկ վերցնեի: Գոմը փլվիգը անասունների գլխին, անցած տարի էդ կիսաքանդ գոմը գելը մտավ 13 ոչխար խեղդեց: Ձեռս ճար չկար, բդի էդ պայմանագիրը կնքեի, որ կալանքն էլ հանեին դրամական հաշիվներիս վրայից»,- ասում է Ռաֆիկ Խչոյանը:
Արդեն մեկ տարի է` արդար դատաքննություն պահանջող սարագյուղցիների մի մասը պնդում է, որ կազմակերպության` դատարան ներկայացրած պայմանագրերը կեղծ են` որեւէ մեկն իրենց հետ պայմանագիր չի կնքել, իրենք այդ պայմանագրերի տակ չեն ստորագրել: Դատական նիստերը նախագահող դատավոր Սուրեն Մնացյանն էլ հակադարձում է` որոշումները կայացվել են եղած ապացույցների հետազոտման արդյունքի հիման վրա:
«Հայջրմուղկոյուղին» դատարան է ներկայացրել պայմանագրեր բաժանորդների ստորագրությամբ, ըստ այդմ էլ գործը քննվել է: Դատարանը իրավասու չէ ստուգելու ստորագրությունների իսկությունը, եթե այդ մասին չի բարձրաձայնվում կամ վիճարկվում դատարանի դահլիճում: «Որ գործերում որ պայմանագիրը բացակայել է, մենք այդ գործը կարճել ենք: Դատական նիստերին կեղծված պայմանագրերի խնդիր առաջ չի քաշվել»,- ասում է դատավոր Սուրեն Մնացյանը:
«Հայջրմուղկոյուղին» դատական հայցեր է ներկայացրել նաեւ մահացած մարդկանց նկատմամբ: Իսկությունը պարզվել է դատարանի դահլիճում:
«Ես ընտրվել եմ 1995 թ. դեկտեմբերին ու առ էսօր Սարագյուղի համայնքապետն եմ,- ասում է Յուրա Խչոյանը,- ես ոչ մի բան ջրմուղին չեմ հանձնել, մեր գյուղում 2008 թ. ջրագծի ծրագիր է իրականացրել «Հայկական Կարիտաս» բարեսիրական կազմակերպությունը, վերանորոգել ու ցանկապատել է խմելու ջրի ջրամբարը: Ես փաստաթղթային ոչ մի հանձնում այդ կազմակերպությանը չեմ կատարել, ոչ էլ ճանաչում եմ: Եթե որեւէ մեկն, իրոք, կառավարումը հանձնել է իրանց, թող բարի էղնեին ժամանակին գային, աշխատանք տանեին: Եթե իրանց միակ աշխատանքն էն է, օր մեծ քանակությամբ քլոր լցնեին ջրամբարն, օր անգամ անասունը չկրնանա ջուր խմե, էդ մենք էլ կարող էինք անել: Առ էսօր դա իրանց միակ աշխատանքն է եղել կատարած, էն էլ էս տարի ու էս շուխուրներից հետո: Ու էս սաղ գործընթացի մեջ մեկ էլ ընձի համար մի բան է մնացել հարցական, թե ով է իրանց տրամադրել մեր գյուղի բնակիչների ցանկն ու տվյալները, օր իրանք էլ համարձակվել են պայմանագիր են կեղծել»:
Աշոցքի մարզի Թավշուտ համայնքը եւս սպասարկում է «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ «Կենտրոն-Արեւմտյան» տարածքային մասնաճյուղը: Թավշուտի բնակիչները նույնպես հայտնվել են դատարանում: 10 տարի առաջ համայնքապետարանը համակարգը կառավարման է հանձնել «Հայջրմուղկոյուղի» կազմակերպությանը:
«Մինչ օրս այդ կազմակերպությունը չգիտի էլ, թե Թավշուտը որտեղից է ջուր ստանում, ինչ որակի ջուր է խմում բնակիչը, չեն եկել, չեն գնացել, բացարձակ ոչ մի բանից գաղափար չունեն, ջրի բասեինների տեղը դաժե չիդեն»,- ասում է թավշուտցի Գարեգին Մուրադյանը: Փոխարենը «Հայջրմուղկոյուղին» շատ լավ գիտի բնակիչների ու դատարանի տեղը:
Գյուղի 90%-ը դատական գործընթացի մեջ է: Արայիկ Շահբազյանը պատմեց, որ կազմակերպության հետ երբեւէ կնքած պայմանագիր չի ունեցել: «Սկզբից ծանուցագիր եմ ստացել, որ իբրեւ հրաժարվում եմ պայմանագիր կնքելուց, հետո որ սկսել էին գյուղացիներին դատի տալ, ինձի հանեցին իմ անունով կնքած պայմանագիր ցույց տվեցին, ամեն ինչ տեղը տեղին, բացի մի բանից` իմ ստորագրությունից: Ստորագրությունն իմս չէր, կեղծված էր: Սկզբից էդ պայմանագրով գուզեին գործն առաջ տանել: Փետրվար ամսից անընդհատ նիստ կնշանակվեր ու կհետաձգվեր: Վերջը հունիսի 1-ին ու 2-ին մեր գյուղացոնց դատն եղավ, ու իրանք արդեն էդ պայմանագիրը այան չհանեցին»:
««Հայջրմուղկոյուղին» ընդդեմ Արայիկ Շահբազյանի» դատական գործը լուծվել է հօգուտ պատասխանողի: Դատավոր Սուրեն Մնացյանն անհիմն է համարել հայցը` չկա պայմանագիր, կնշանակի պատասխանողի դեմ չկա հիմնավոր ապացույց: «Վերջը դատարանը որոշեց, որ ես պարտք չեմ իրանց: Ըստ հայցի` ես «Հայջրմուղին» պարտք էի 74 հազար դրամ,- պատմում է Ա. Շահբազյանը,- ըստ այդ կեղծ պայմանագրի` իրանք ինձ ապահովել են նորմալ ջրամատակարարում, գումարը հաշվարկած էր անձերի քանակով, 7 անձի համար, դե հայցն էլ էն էր, օր չեմ վճարել: Դատարանը գտավ, որ կազմակերպության հայցն անհիմն է ու վճռեց, օր ես իրանց պարտք չեմ, որովհետեւ դատի օրն իրանք էդ պայմանագիրն էլ ցույց չտվեցին»:
Թավշուտցիների մի մասի պարտքը, ինչպես Արայիկի դեպքում, զրոյացրել են, մի մասի նկատմամբ էլ, ովքեր ունեցել են պայմանագիր, կիրառելով հայցային վաղեմություն` տուգանք են նշանակել 10-15 հազար դրամի չափով: Հայցային վաղեմություն կիրառելով` բավական ցածր տուգանքներ են նշանակվել նաեւ սարագյուղցի որոշ ընտանիքների նկատմամբ: Սակայն Սարագյուղի համայնքապետը որոշել է ժամանակին արած սխալն ուղղել:
«Հիմա Շիրակի մարզի դատախազությունում իմ տված հայտարարության հիման վրա նյութեր են նախապատրաստվում,- ասում է Յուրա Խչոյանը,- թող պարզեն, թող քրեական գործ հարուցեն, թող համայնքից տարած փողը հետ վերադարձնեն, թող պարզեն, թե ինչո՞ւ են կեղծ պայմանագրերով դատ ու դատաստան տեսնում մարդկանց հետ»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել