HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

«Հետքերով որբերի հայոց». Հայաստանում առաջին անգամ ցուցադրվում են Ռոքֆելլերի արխիվի լուսանկարները

Այսօր Հայաստանում առաջին անգամ կցուցադրվի Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույց կոմիտեի (ներկայում՝ ԱՄՆ Մերձավոր Արևելքի հիմնադրամ)՝ Ցեղասպանությունից փրկված հայ որբերի լուսանկարների բացառիկ հավաքածուն: «Հետքերով որբերի հայոց» վերնագրով ցուցահանդեսը կբացվի մայիսի 25-ին Հայաստանի ազգային պատկերասրահում, մայիսի 26-ին՝ «Նարեկացի» արվեստի միության Երևանի մասնաճյուղում և մայիսի 27-ին՝ Գյումրիի «Թռչունյան տուն» մանկատանը:

Բոլոր երեք վայրում ցուցադրվելու են հիմնականում տարբեր լուսանկարներ՝ ընդհանուր մոտ 200 հատ: Ներկայացվող լուսանկարներն արվել են 1915-1929թթ. և պահվում են Նյու Յորքում տեղակայված Ռոքֆելլերի արխիվային կենտրոնում:

Լուսանկարներն արվել են Հայաստանի (օրինակ՝ Ալեքսանդրապոլի), Լիբանանի, Սիրիայի որբանոցներում, կա ուղղակի ջարդի ժամանակվա մի քանի նկար: Լուսանկարներում պատկերված բոլոր երեխաներն Արևմտյան Հայաստանից են և ծնողներին կորցրել են Ցեղասպանության հետևանքով: Ալեքսանդրապոլն այդ տարիներին անվանում էին «որբերի քաղաք», և այդ պատճառով է լուսանկարների մի մասը ցուցադրվելու Գյումրիում: Միայն Գյումրիի որբանոցներում փրկվել է մոտ 30 հազար հայ երեխա:

«Իմ մեծ հայրիկն էլ (երկու կողմից՝ թե մոր, թե հոր) Ցեղասպանությունից փրկված է: Անկախ ինձնից՝ շատ զգացողական է ամեն ինչ, գերիշխում են զգայարանքները, որովհետև ոնց որ մեծ հայրիկս եմ ես տեսնում իմ աչքի առջև: Եվ ես վստահ եմ, որ մենակ չեմ, որովհետև տասնյակ հազարավոր մարդիկ նույն հոգեվիճակին են մատնվում»,- «Հետքի» հետ զրույցում ասում է «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր տնօրեն Նարեկ Հարությունյանը:

Ամերկոմի գործունեության արդյունքում փրկվել է 132 հազար որբ երեխա

Ձախից՝ Նարեկ Հարությունյան, Շանթ Մարտիրոսեան, Ջոն Հեֆֆերն

Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույց կոմիտեն՝ Ամերկոմը, հիմնադրվել է 1915թ. սեպտեմբերին՝ Թուրքիայում ԱՄՆ այն ժամանակվա դեսպան Հենրի Մորգենթաուի խնդրանքով: Դեսպանն ԱՄՆ պետքարտուղարին հեռագիր էր ուղարկել՝ խնդրելով միջնորդել, որ նախագահը ստեղծի մի կոմիտե, որը կօգնի փրկել հայերին: Պետքարտուղարը գրությունը փոխանցել էր ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնին: Այնուհետև ամերիկյան մի քանի մտավորականի ջանքերով հիմնվել է կազմակերպությունը:

1915-29թթ. ընթացքում Ամերկոմի գործունեության շնորհիվ փրկվել է 132 հազարից ավելի հայ որբ երեխա, ովքեր ապրել են այդ կազմակերպության որբանոցներում: Այդ տարիների ընթացքում Ամերկոմը հանգանակությունների միջոցով հավաքել է 117 մլն դոլար, որը համարժեք է այսօրվա մոտ 2 մլրդ դոլարին: Կազմակերպությունը հիմնել է շուրջ 200 որբանոց, բազմաթիվ դպրոցներ, մասնագիտական ուսուցման կենտրոններ, հիվանդանոցներ, կանանց ապաստարաններ Հայաստանի, Լիբանանի, Սիրիայի, Եգիպտոսի, Կիպրոսի, Հունաստանի, Բուլղարիայի, Եվրոպայի և ԱՄՆ տարբեր բնակավայրերում:

Նարեկ Հարությունյանի տեղեկացմամբ՝ ամերիկացի միլիարդատեր գործարար, բարերար Ջոն Ռոքֆելլերը, նրա բարեգործական ընկերությունները մեծ նվիրատվություններ են արել Ամերկոմին, երբ Հենրի Մորգենթաուն և շատ միսիոներներ Արևմտյան Հայաստանից տեղեկություններ են փոխանցել Ամերիկա, որ քրիստոնյաներին, մասնավորապես հայերին ոչնչացնում են: Այդ պատճառով էլ այսօր բացվող ցուցահանդեսում ներկայացված լուսանկարները տնօրինում է Ռոքֆելլերի արխիվային կենտրոնը:

Ըստ «Նարեկացի» արվեստի միության տարածած մամուլի հաղորդագրության՝ Ռոքֆելլերի արխիվային կենտրոնը 20-րդ դարի մարդասիրական առաքելություններին նվիրված աշխարհում ամենախոշոր պահոցներից է: Դրա 60 մլն փաստաթղթի, 500 հազար լուսանկարի ու 2 հազար ֆիլմի հավաքածուի զգալի մասն ուղղակիորեն առնչվում է Մերձավոր Արևելքի նպաստամատույց կոմիտեի՝ Հայաստանում ծավալած որբախնամ գործունեությանը:

«Այս ցուցահանդեսները, որ կլինեն առաջին 3 օրը, ներկայացնում են ողբերգական իրադարձություններ, բայց միևնույն ժամանակ ԱՄՆ-Հայաստան հարաբերությունների մի հրաշալի պատմություն: Սա ցույց է տալիս, թե ինչպես ամերիկացի ժողովրդի առատաձեռնությունը, համադրվելով հայ ժողովրդի տոկունության հետ, օգնել է փրկել հայ ժողովրդին»,- մայիսի 24-ի ասուլիսում ասաց Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը:

Չարլզ Գաննաուիեյը և Փոքրիկ Ազատուհին որդեգրվելուց առաջ և հետո

«Այս միջոցառումների նպատակը առաջին հերթին հայ ժողովրդի կողմից, առաջին անգամ լինելով, երախտապարտության խոսք հայտնելն է, լուսաբանելն է և խոնարհվել այն մարդկանց առջև, որոնք կարողացել են փրկել, հասնել, և ոչ թե ոչնչանային այն որբերը և այն մարդիկ»,- հավելեց ասուլիսի մյուս բանախոսը՝ Նարեկ Հարությունյանը:

Ցուցահանդեսին մասնակցելու համար ԱՄՆ-ից Երևան է ժամանել ու միջոցառմանը ելույթ կունենա Լեսլի Մալոթը: Նա Փոքրիկ Ազատուհի անունով հայտնի, մարաշցի որբ Ազատուհի Գաննաուիեյի դուստրն է: Ազատուհուն որդեգրել էին Ամերկոմի միսիոներներ դոկտոր Չարլզ և Ռուբի Գաննաուիեյները:

Մերձավոր Արևելքի հիմնադրամի խորհրդի նախագահ Շանթ Մարտիրոսեանը ևս ԱՄՆ-ից Հայաստան է ժամանել հատուկ ցուցահանդեսին մասնակցելու համար: Մայիսի 24-ի ասուլիսում նա ասաց, որ իր տատը ևս փրկվել է Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույց կոմիտեի գործունեության արդյունքում: Շանթ Մարտիրոսեանի խոսքով՝ մինչ օրս բարգործական բոլոր խոշոր միջազգային կազմակերպություններն իրենց գործունեությունը կառուցում են Ամերկոմի մոդելով:

Ցուցահանդեսի բացմանը ելույթ կունենա նաև Բյուրակն Չերազ-Անդրեասյանը, ով հայտնի սկաուտապետ և Ալեքսանդրապոլի որբերի ֆիզիկական դաստիարակության գործում մեծ ներդրում ունեցած Վահե Չերազի դուստրն է:

«Հետքերով որբերի հայոց» ցուցահանդեսի բացման երեք օրերին ելույթ կունենա «Նարեկացի» ժողովրդական նվագարանների համույթը (գեղ. ղեկավար` Հովիկ Սահակյան): Կցուցադրվեն կինոռեժիսոր Զարեհ Ճգնաւորեանի՝ Մերձավոր Արևելքի հիմնադրամի մասին պատմող «Որ չկորչեն անհետ» վավերագրական ֆիլմը և Յոհաննես Լեփսիուսի «Գերմանիայի արևելյան առաքելություն» միությանը հղած «Հայոց չարչարանքն ու քրիստոնյա աշխարհի զորակցությունը» տեսավավերագրական զեկույցը: «Նարեկացի» արվեստի միությունը հրատարակել է ներկայացվելիք լուսանկարները և Ամերկոմի գործունեության մասին տեղեկություններ պարունակող ալբոմ, որը կնվիրվի ցուցահանդեսի բացմանը ներկա հյուրերին:

Ցուցահանդեսների մուտքն ազատ է, ցուցահանդեսը կգործի մինչև հունիսի 8-ը:

Ցուցահանդեսը կազմակերպելու միտքն առաջացրեց նվագող ու պարող որբերի լուսանկարը

Մոտ 4 տարի առաջ կինոռեժիսոր Զարեհ Ճգնաւորեանը Նարեկ Հարությունյանին ծանթացրեց Շանթ Մարտիրոսեանի հետ: Ծանոթության արդյունքում Նարեկ Հարությունյանը ԱՄՆ-ում տեսավ մի լուսանկար, որն այժմ «Նարեկացու»՝ ցուցահանդեսի մասին ազդարարող պաստառներում է. Ցեղասպանությունից փրկված մի քանի որբ նվագում է հայկական ժողովրդական գործիքներ՝ դուդուկ, դհոլ, իսկ նրանց հետևում ուրիշ որբեր պարում են:

Այս լուսանկարն է Նարեկ Հարությունյանի մեջ միտք առաջացրել, որ ցուցահանդեսի բացման ժամանակ նվագի «Նարեկացի» ժողնվագարանների համույթը, «որովհետև ի վերջո, իրենք շարունակությունն են այս ամենի. հաղթահարում, հաղթանակ, լույս, սեր և անշուշտ կյանքի ապահովում»:

Նարեկ Հարությունյանի խոսքով՝ Շանթ Մարտիրոսեանի շնորհիվ է, որ Ռոքֆելլերի արխիվային կենտրոնը համաձայնել է տրամադրել լուսանկարները (մոտ 800 լուսանկար): Մինչ այդ արդեն իրենք ցուցահանդեսի ծրագիր էին ներկայացրել Հայաստանում Ամերիկայի դեսպանատանը, որն ողջունել էր գաղափարը:

Շատ միսիոներներ վկայություն են թողել այն մասին, որ հայ որբերը չէին ժպտում, լուռ ու տխուր էին, ոչ մի բան չէին անում: Նարեկ Հարությունյանի խոսքով՝ «Հետքերով որբերի հայոց» ցուցահանդեսի համար հատուկ ընտրել են նաև այնպիսի լուսանկարներ, որոնցում երեխաները ժպտում են, որովհետև սարսափին զուգահեռ պետք է տեսնել լույսը, սերը:

«Ֆոտոների մեջ ամենակարևոր բանը, որ հայտնաբերել եմ ես (մանավանդ այն նկարների մեջ, որ տեսնում ես՝ երեխան ժպտում է, երեխան աշխատում է, երեխան նվագում է, երեխան ապրում է, հաղթահարել է), այն է, որ դու զգում ես՝ տիրոջ ձեռքը խառն է, որովհետև այդքան դրամայից հետո երեխան շարունակել է ապրել»,- ասում է Նարեկ Հարությունյանը:

Նրա խոսքով՝ կարևոր է, որ որբանոցներում երեխաներին օգնել են հաղթահարել Ցեղասպանության թողած հոգեկան տրավման, սովորեցրել են արհեստներ, որպեսզի երեխաները որբանոցից դուրս գալուց հետո կարողանան ապահովել իրենց ապրուստը: Ցուցադրվող լուսանկարներում կան այնպիսիք, որոնցում երեխաները սովորում են կոշկակարություն, երկաթագործություն, ասեղնագործություն:

Հարցին, թե ցուցադրվող լուսանկարներում կա՞ այնպիսի մի երեխա, ով հետագայում հայտնի, նշանավոր մարդ է դարձել՝ Նարեկ Հարությունյանը պատասխանում է. «Ինձ համար ամեն մեկ կյանք, որ փրկվել է, նշանավոր է»: Նրա կարծիքով՝ նշանավոր մարդ հասկացությունը հարաբերական է, և հենց «Թռչունյան» մանկատունը վերակառուցվել է Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույց կոմիտեի գործունեության արդյունքում փրկված, հետագայում ԱՄՆ-ում մահացած որբերից մեկի շնորհիվ, ով մեծ գումար էր կտակել մանկատանը:

Մեկնաբանություններ (2)

Սուրեն
1915/1916- 1923 թթ Ամերիկյան մանկական որբանոցների մասնաճյուղ է գործել նաև Արմավիրում /նախկին` Ղուրդուղուլի շրջկենտրոն/, որտեղից որբերի մի մասին տարա Ալեքպոլ, մնացածին ԱՄՆ...
HRAG
NAREK JAN VARCKT GADAR.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter