Վարկային ծրագրեր մշակելիս պետք է տարբերակված մոտեցում ցուցաբերել
Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանի Թավշուտ համայնքը եւս ընդգրկվել էր 2008 թ. հունիսի 1-ից մեկնարկած գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման փորձնական ծրագրում:
Թիրախային տարածաշրջանների համայնքներում գյուղմթերքների արտադրությամբ կամ վերամշակմամբ, ագրոտուրիզմով զբաղվող ֆիզիկական եւ իրավաբանական անձանց տրամադրվող վարկերի, այդ թվում` լիզինգի տոկոսադրույքի մասնակի կամ ամբողջությամբ սուբսիդավորումը տրամադրվող վարկի տոկոսադրույքի 10 տոկոսային կետին համարժեք մասով իրականացնում էր կառավարությունը:
Պիլոտային ծրագրին մասնակցած թավշուտցի մի վարկառու, ով խուսափեց ներկայանալ, զրույցի ժամանակ հայտնեց, որ իրեն զրկել են սուբսիդիայից բավականին անհասկանալի պատճառաբանությամբ, թեպետ ինքը վարկը փակել էր նշված ժամկետից շուտ:
«Ես գիտեի ու վստահ էի, որ էդ սուբսիդիան պիտի ստանայի, բայց վերջում չտվեցին, ըսին` գնա, քեզի չի հասնի: Մինչեւ Երեւան զանգել եմ, անհանգստացրել, ինչ-որ թղթեր նայեցին, հետո էլ թե` բանկը ճիշտ է վարվել, որ չի տվել: Մի նեղեցի, օր չեմ ուզե խոսալ,- բացատրում է զրուցակիցս,- ես բանկի հետ չեմ ուզե լավ ու վատ էղնիմ, մանավանդ օր վերջերս կանչեցին, թե` արի էս էժան վարկերից տանք, դու տուժված ես, գոնե էս վարկից օգտվի: Հմի ես էդ 10 տոկոսանոց վարկից եմ ստացել, չեմ ուզենա բողոքել, բայց փաստն էն է, որ մե հասարակ բանիմ համար մարդիկ կքաշվին, հետն էլ նորմալ չեն բացատրե, որ հասկնանք, թե իրական պատճառն ինչ է»:
Իսկ ահա թավշուտցի Գարեգին Մուրադյանը հավատացնում է, որ վարկավորման հարցում իր բախտը բերում է: 10 տարի է` օգտվում է տարբեր վարկային կազմակերպությունների տրամադրած վարկերից: Մեծ օգուտներ չի տեսել, այլապես հերթական անգամ չէր դիմի բանկերին, բայց առանց այդ օժանդակ գումարի էլ հնարավոր չէ տնտեսություն վարել:
«2009-ին վերցրածս 1000 դոլար է եղել, տարեկան 19 % տոկոսադրույքով, 495 օր մարման ժամկետով, որի 10%-ը սուբսիդավորվել է, այսինքն` պիլոտային ծրագրից եմ օգտվել: Ցուլիկ եմ առել, ուրիշ գործ էդ գումարով ձեռնարկել անհնար է: Ոչ հողագործության մեջ կարող ես դնել, ոչ էլ անասնապահություն զարգացնելու մասին է հնարավոր մտածել էդ գումարի սահմանում: 360 հազարն իրանից բան չի ներկայացնե: Եթե լուրջ զարգացման մասին գուզես մտածես, պիտի գումարներդ մեծ էղնին, բայց... ըստեղ էլ իրա բայցը կա, եթե մեկ միլիոնը կանցնիս, բանկը գրավ գուզե, որ գյուղացին չունի»,-ասում է Գ. Մուրադյանը:
Ժամկետից շուտ մարում կատարելով` հաջողակ վարկառուն կրկին դիմել է ԱԿԲԱ-ին եւ այս տարվա մայիս ամսին հասցրել ստանալ պետության կողմից սուբսիդավորվող 14% տոկոսադրույքով վարկը` 1մլն դրամ, 690 օր մարման ժամկետով: Առաջին մարումը Գարեգինը կատարելու է մեկ տարի անց` 2012 թ. ապրիլին, դա լավագույն պայմանն է, որ կարող էր երազել տարեկան 24-ից 36% տոկոսադրույքով վարկային կազմակերպություններից վարկ ստացող վարկառուն:
«Այ, հըմի կրնամ ըսեմ, օր էս վարկից բան կհասկնա գյուղացին, եթե բախտը բերել է ու ստացել է: Որովհետեւ էն մեկ տարին կամ վեց ամիսն օր բանկին փող չպիտի տա, էդ գումարը լրիվ կծախսե նպատակային: Վար ու ցանք կենե, բերքը կծախե, վարկը կփակվի,- հաշվարկ է անում Գարեգինը,- ես, օրինակ, վերցրածս վարկը երկու ուղղությամբ կրնամ օգտագործեմ: 100 հազար դրամի մի երկու հատ ցուլիկ կառնիմ, տարիմ հետո, օր լավ նայեմ, կդառնա 300 հազար դրամանոց ցուլ: Գումարի որոշ մասն էլ վար ու ցանքի մեջ կդնեմ: Եթե Աստված տվեց, բերքը երաշտն ու կարկուտը չտարավ, հինգին մեկ կշահես: Ուղղակի սաղն էլ գիտեն, օր էս մեր գործը ռիսկային է: Տարի կեղնի` կշահենք, տարի կեղնի` կտուժենք: Այ, դրա համար էլ մշտապես ըսել ենք ու կըսենք` վարկը պիտի էղնի երկարաժամկետ»:
Թավշուտ համայնքի ղեկավար Սուրեն Սարգսյանն էլ իր տեսակետն ունի գյուղատնտեսական վարկերի մասին: Նրա կարծիքով` վարկային ծրագրեր կազմելիս ու պայմաններ առաջադրելիս կազմողները առաջնորդվել են համահարթեցման սկզբունքով: Այն, ինչ կիրառելի է, ասենք, Արարատյան դաշտավայրի գյուղերի համար, լրիվ անընդունելի է Շիրակի մարզի տարածաշրջանների համայնքների համար:
«Վստահ եմ, որ որպես օրինակ վերցրել են Արմավիրի կամ Արարատի գյուղերից մեկն ու ըստ այդմ պայմաններ գրել: Բայց չմոռանանք, որ նշածս տարածաշրջաններում մարդիկ 2-ից 3 անգամ տարվա ընթացքում բերք են հավաքում, իսկ մեր շրջանի համար կոնկրետ 15-ից 23 ամիս է պետք, որ նորմալ ցորենի բերք ստանաս»,- ասում է Սուրեն Սարգսյանը:
Ծովի մակերեւույթից 2050 մ բարձրության վրա, բնակլիմայական խիստ պայմաններում ցորենի բարձր բերքատվություն ապահովելու համար մարդիկ նախ սկսում են ցրտահերկից, որը կատարում են աշնանը: Հաջորդ տարվա գարնանը եւս հողագործը նախապատրաստական աշխատանքներ է տանում եւ միայն մեկ տարի անց` աշնանն է սերմը պահ տալիս հողին:
«Եթե որոշենք 2011-ից աշնանացան ցորենի մշակությամբ զբաղվել, ապա բերքը հավաքելու ենք 2013-ին,- օրինակ է բերում համայնքապետը,- մենք գարնանացան չենք մշակում, որովհետեւ գարունը մեզ մոտ մայիսի վերջերին է գալիս: Եղել է տարի, երբ հունիսին ցրտահարություն է գրանցվել: Դրա համար էլ մեր տարածաշրջանի գյուղերում անիմաստ է դառնում բարձր տոկոսադրույքներով վարկի ներդրումը գյուղատնտեսության մեջ: Եթե գյուղացին 23 ամիս հետո նոր պիտի արդյունքը տեսնի, հաստատ ավելորդ պարտավորության տակ չի մտնի»:
Պետության կողմից սուբսիդավորվող վարկային ծրագիրը եւս, ըստ թավշուտցիների, գյուղատնտեսությունը ոտքի կանգնեցնելու ելք չէ: Առավելությունների կողքին խոչընդոտներն էլ պակաս դերակատարություն չունեն:
«Միշտ ասել եմ` պետք է տարբերակված մոտեցում ցուցաբերել: Պիտի վարկային պայմանները լինեն ըստ գոտիավորման, ըստ տարածաշրջանների: Պետք է հաշվի առնել, թե տվյալ բնակավայրում ապրող գյուղացին, որ փորձում է զարգացնել անասնապահությունը կամ գյուղատնտեսությունը, ինչ պայմաններով, ինչ ժամկետներով ստանա վարկը, որ նպատակային օգտագործի ու օգուտ ստանա, ոչ թե փառք տա Աստծուն, որ չի տուժել: Չտուժելն էլ էն է, որ դատական գործ չի հարուցվում կամ վերջին ունեցվածքը չի ծախում, որ պարտքերը փակի: Միշտ ասել եմ, որ հատկապես բարձր լեռնային շրջանների համայնքների համար վարկային այլ պայմաններ պիտի գործեն»,- նկատում է Սուրեն Սարգսյանը:
Թավշուտի համայնքապետը հիշեցնում է Ամասիայի եւ Աշոցքի տարածաշրջանների համայնքներին առաջարկված կառավարության կողմից սուբսիդավորված վարկային ծրագիրը, որն այդպես էլ լիրաժեք կյանքի չկոչվեց, ու չիրացված գումարները հետ վերադարձվեցին: Այն ժամանակ տրամադրում էին առավելագույնը 5 մլն դրամ, մարման ժամկետն էլ 3 տարի էր: Սակայն ծրագիրը ձախողվեց:
«Որովհետեւ էդ լավ պայմանների կողքին մի էնպիսի պայման կար, որ անհնար էր դարձնում այդ վարկից օգտվելը,- հարցին պատասխանում է Թավշուտի համայնքապետը,- որպեսզի արտոնյալ պայմաններով վարկը ստանայիր, պիտի վերջին երեք տարում վարկ վերցրած չլինեիր, բայց մեր գյուղերում ման գաս, էդպիսի մարդ չես գտնի: Դրա համար էլ ոչ մեկը չվերցրեց: Թավշուտում էդ չափանիշներին համապատասխանող երկու հոգի գտնվեց, որ ոչ մի անգամ վարկ չէին վերցրել, բայց իրանք էլ չդիմեցին, որովհետեւ չգիտեին, թե էդ 5 մլն-ը վերցնեն` ինչ անեն: Դրա համար էլ ասում եմ, որ նմանատիպ ծրագրեր մշակելիս պիտի տարբերակված մոտեցում ցուցաբերել, եթե ոչ տոկոսադրույքների, գոնե ժամկետների առումով»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել