HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Ըստ ամբաստանյալի՝ տուժող կողմն իրենց որդու արյունը 12 մլն դրամով է վաճառել

Կարեն Եսայանի սպանության գործով դատական նիստն այսօր շարունակվեց դատակոչված վկա Ռազմիկ Եսայանի հարցաքննությամբ: Դատավորի հարցին, թե սպանվածի հայրը երբեւէ ճանաչել է ամբաստանյալ Հարություն Սարգսյանին մինչեւ 2012թ-ի ապրիլի 12-ը, տրվեց բացասական պատասխան: Վկան պատմեց, որ կրտսեր տղային Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր` Մանյայի հետ ամուսնացնելու նպատակով ԱՄՆ-ից իրենք Հայաստան էին եկել մարտի վերջերին: «Պայմանավորվել էինք, որ Զատիկի տոները անցնեին, գնայինք խնամախոսության,-պատմեց վկա Ռազմիկ Եսայանը,-օրը նշանակվել էր ապրիլի 12-ին: Նախորդ օրը Կարենը մեքենան տարել էր լվանալ տալու, նվերները դե նախօրոք էինք գնել, հաջորդ օրը միայն պիտի ծաղկեփունջը գնեինք ու ժամը 3-ին լինեինք Ղուկասյանների տանը»:

Վկան, գրեթե կրկնելով կնոջը`տուժողի իրավահաջորդ Անահիտ Իսկանդարյանին, ներկայացրեց դեպքին նախորդած եւ հաջորդած իրենց բոլոր գործողությունները: Վկան հաստատեց, որ Կարենը ապրիլի 11-ին տուն է վերադարձել երեկոյան` առանց մեքենայի: Հաջորդ օրը ինքն արթանացել է այն ժամանակ, երբ Կարենը լոգանք ընդունելիս է եղել: Վկայի հիշելով՝ ժամը 9:30-ի սահմաններում տղան դուրս է եկել` ասելով, որ գնում է ավտոլվացման կետից մեքենան վերցնելու: Կարենի գնալուց մեկ կամ երկու ժամ անց զանգահարել են ընկերներն ու տեղեկացրել, որ նրան չեն կարողանում գտնել, հեռախոսազանգերին էլ չի պատասխանում:

«Մենք, բնականաբար, անհանգստացանք, սկզբից որոշեցինք մեր ուժերով որոնել տղայիս: Ես ընկերներին ասեցի, որ զանգեն շտապօգնություն, հիվանդանոցները մտնեն: Հետո արդեն ժամը մեկի մոտ գնացինք մոյկա: Էնտեղ ես նկատեցի, որ կամերաներ կան ու հարցրեցի, թե կարող ենք զապիսները նայել: Ինձ էլ ասին, որ կարելի է, բայց պիտի տնօրենին տեղյակ պահեն: Մենք արդեն Ղուկասյաններին էլ էինք տեղյակ պահել, որ Կարենը չկա ու իրենք էլ էին փնտրում: Հետո տեսանք, որ չենք կարողանում ինքնուրույն գտնել տղայիս, դիմեցինք ոստիկանությանը»,-պատմեց վկան:

Ըստ վկայի դատարանում տված ցուցմունքի՝ ոստիկանները դիտել են ավտոլվացման կետում տեղադրված տեսախցիկների տեսաձայնագրությունն, ու սպանվածի ընկերները ճանաչել են Հարություն Սարգսյանին: Հնարավոր կասկածյալին այդ պահին բերման ենթարկել չի հաջողվել: Ոստիկանները սպասել են մինչեւ Հարություն Սարգսյանը վերադարձել է Բավրայից, եւ միայն դրանից հետո նրան ու հորը` Սամվել Սարգսյանին հրավիրել են ոստիկանություն:

Այնինչ, ձերբակալման պահից սկսած լրատվամիջոցներով տարածվող հաղորդագրություններում եւ նախաքննության ընթացքում տպագրված բազմաթիվ հրապարակումներում չգիտես ինչու մշտապես շեշտվել է, որ ամբաստանյալին բերման են ենթարկել Բավրայի անցակետից, որ Հարություն Սարգսյանն անմիջապես խոստովանել է իր մեղքն ու անգամ իր կամքով տարել ցույց է տվել զենքի տեղը: Սակայն հետագայում ապօրինի զենք-զինամթերք պահելու վերաբերյալ մեղադրանքը հանվել էր ամբաստանյալի վրայից: «Եթե դուք ունեք տեսաերիզ, որտեղ հստակ երեւում է Հարություն Սարգսյանը, տրամադրեք՝ մենք էլ ծանոթանանք, որովհետեւ քրեական գործում առկա տեսաերիզներում ընդհանրապես պարզ որեւէ մեկի դեմքը չի երեւում»,-վկային դիմեց Լուսինե Սահակյանը:

Մեղադրող Մարուխյանը, տեղից բարձրանալով, նախ հրահանգեց վկային չպատասխանել հարցին, ապա միջնորդեց դատարանին հանել հարցը, քանի որ այն վերաբերում է գործում առկա ապացույցներին, իսկ դատարանմ ապացույցների հետազոտման փուլին դեռ չի հասել: Վկային հարցին չպատասխանելու հրահանգ հնչեց նաեւ նրա կնոջ կողմից: Ռազմիկ Եսայանը, հարցի շուրջ ծագած վեճից խուճապահար, շտապեց կատարել կնոջ եւ մեղադրողի խորհուրդն ու հայտարարեց, որ չի պատասխանելու փաստաբանի հարցին: Դատավորն էլ նկատեց, որ եթե հարցն իր կողմից չի հանվել, ապա վկան իրավունք չունի հրաժարվելու պատասխանից:  Ի վերջո, վկան հայտնեց, որ ինքն անձամբ չունի նման տեսաերիզ:

Դատական նիստի հենց սկզբում վկան, հայտնելով, որ երբեւէ չի ճանաչել Հարություն Սարգսյանին, տեսաերիզներին վերաբերող դրվագում բավական հաստատակամորեն սկսեց պնդել, թե ինքը «անգամ պախոդկից», շարժուձեւից հազարի մեջ կճանաչեր Հարությունին: «Ես վստահ եմ, որ հենց ինքն է հետեւել Կարենիս: Ինքն է նստել տղուս ավտոն, խաբել տարել ու հետո սպանել: Ես նայել եմ էդ դիսկերը: Հարությունն էն ձեւի յուրահատուկ քայլվածք ունի, օր ես անպայման, թեկուզ թիկունքից, կճանաչեմ: Իրա նման ոճրագործ մարդասպանն է սպանել տղայիս: Բայց ինքը մենակ չէ: Ես կուզեմ, որ ինքը տա պատվիրատուի ու իր հետ եղածների անունները: Ինքը մենակ չի եղել ու լավ կեղներ, օր էս գործն ուղարկվեր կրկին քննության»,-կարծիք հայտնեց վկա Ռազմիկ Եսայանը:

«Մարդասպան» եւ «ոճրագործ» բառերից վրդովված՝ ամբաստանյալ Հարություն Սարգսյանը դիմեց դատարանին, որ միջոցներ կիրառվեն՝ արգելելու վկային վիրավորելու իր անձն ու իր ընտանիքի անդամներին: «Ես հարգում եմ ձեզ ու ձեր վիշտը, բայց խնդրում եմ այլեւս չկրկնեք ոճրագործ-մարդասպան բառը,-վկային դիմեց ամբաստանյալը,-պարզեք մինչեւ վերջ, թե ով է սպանել ձեր տղային, նոր մեղադրեք: Մի վաճառեք ձեր տղայի արյունը»:

Այս հայտարարությունը դատարանի դահլիճում հերթական աղմուկի պատճառ դարձավ: Ամբաստանյալը նկատեց, որ տուժող կողմը հավանաբար 12 մլն դրամ է գնահատել իրենց որդու արյունը, քանի որ քաղհայցում հենց նման գումարի պահանջ է դրվել: Տուժող կողմն էլ, ինչպես միշտ պարտքի տակ չմնալով, վիրավորական բառերի տարափ հնչեցրեց ամբաստանյալի եւ նրա ընտանիքի հասցեին` հայտարարելով, որ նշված գումարը լավ նպատակների համար են օգտագործելու:

Միջնորդություններով, հայտարարություններով եւ առարկություններով հարուստ միակ վկայի հարցաքննությունը տեւեց գրեթե երեք ժամ: Առաջացած վեճն ու աղմուկը դադարեցնելու նպատակով դատավոր Սարոյանը ստիպված էր անգամ հինգ րոպեով ընդմիջել վկայի հարցաքննությունը: Թե պաշտպանական, թե մեղադրող կողմը պարբերաբար հորդորում էին նիստը նախագահող դատավորին ապահովել հավասար պայմաններ կողմերի համար: Սանկցիա կիրառելու պահանջն եւս ամենահաճախ հնչող միջնորդություններից էր այս դատական նիստին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter