HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրինե Թորոսյան

Արտիստին թույլ չեն տալիս փոխել անունը

Ծնունդով վանաձորցի Արթուրո Սայանը 10 տարուց ավել բնակվում է Երևանում և աշխատում մայրաքաղաքի թատրոններում ու ակումբներում որպես ռեժիսոր, դերասան, շոումեն, վերջերս նաև գիրք է հրատարակել: Արտիստը ցանկանում է ծննդականում գրանցված Արթուր Կարապետյան անուն-ազգանունը փոխարինել իր փաստացի` Արթուրո  Սայան անվամբ, որով ճանաչված է բոլորի կողմից: Այդ նպատակով դիմել էր քաղաքացիական կացության ակտերի գրանցման (ՔԱԿԳ) Վանաձորի բաժին և խնդրել վերագրանցել իրեն փաստացի անվամբ:  ՔԱԿԳ էր ներկայացրել օրենքով սահմանված բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը` ազգանվան փոփոխման հարցը քննելու, գործ կազմելու, նախարարություն ուղարկելու և համապատասխան եզրակացություն ստանալու համար:  Պահանջվող փաստաթղթերից  բացի` դիմում,  ծննդականի և անձնագրի պատճեններ և այլն, ներկայացրել էր նաև 3 հոգու` իր անձը հաստատող վկայություններ:

ՔԱԿԳ-ն մերժել էր նրա դիմումը, որից հետո Արթուրո Սայանը հայց էր ներկայացրել դատարան ՔԱԿԳ Վանաձորի բաժնի դեմ: Արդեն  2 տարի է` գործը քննվում է դատավոր Արշակ Ալավերդյանի վարույթում: Դատավորը 7-8 ամիսը մեկ է նիստեր նշանակում` պատճառաբանելով, թե միակ վարչական դատավորն է, բոլոր վարչական գործերն ինքն է քննում և ծայրահեղ ծանրաբեռնված է: Մինչև օրս  5 նիստ է կայացել, վերջին նիստն էլ նշանակվել էր 1 տարի 3 ամիս ընդմիջումով: Վերջին 2 դատական նիստերի վերաբերյալ հայցվորի ներկայացուցիչ փաստաբան Վահագն Մարտիրոսյանը ծանուցված չի եղել: «Այսինքն` եթե վստահորդս Հայաստանում չլիներ, ես չէի իմանալու նիստերի մասին, իմ չներկայանալը որակվելու էր որպես անպատշաճ, և համապատասխան գնահատական էր տրվելու, այնինչ պատասխանող կողմը ոչ մի դատական նիստի չի ներկայացել»,-նկատում է Վահագն Մարտիրոսյանը:

Փաստաբանն անդրադառնում է ՔԱԿԳ-ի կողմից իր վստահորդի դիմումի մերժմանը:  Ըստ նրա`«Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքի հիման վրա կառավարության մշակած կարգով սահմանվում է, թե ինչպես և որ դեպքերում է կատարվում անուն-ազգանվան փոփոխությունը: Ըստ նույն կարգի` եթե դիմումը կից փաստաթղթերով ներկայացվում է ՔԱԿԳ, պետք է գործ կազմվի և համապատասխան եզրակացությամբ ուղարկվի Արդարադատության նախարարություն, այնտեղից ստացված պատասխանի հիման վրա նոր միայն գրանցվի կամ մերժվի ՔԱԿԳ-ի կողմից: Վահագն Մարտիրոսյանի խոսքով` ՔԱԿԳ-ն իր պատասխանով փորձում է մեղքն իր վրայից գցել նախարարության վրա` նշելով, թե ՔԱԿԳ Վանաձորի բաժինը նշված հիմքերի, մասնավորպես նախարարության բացասական եզրակացության առկայության դեպքում իրավունք չուներ և չէր էլ կարող բավարարել բնակչի դիմումը, այնինչ հենց իր պատասխանի մեջ մի քանի անգամ շեշտել է, որ բացասական եզրակացությունն իր կողմից է տրվել: Եվ Արդարադատության նախարարության  ՔԱԿԳ գործակալությունը Արթուր Կարապետյանի խնդրանքը մերժելու վերաբերյալ Վանաձորի բաժնի կազմած բացասական եզրակացությունն է հաստատել:

Ըստ փաստաբանի` խնդիրն այն է, թե ինչ հիմքով է կազմվել բացասական եզրակացությունը: «Վարչական հիմունքների և վարչարարության մասին» օրենքով` վարչական մարմնին դիմողը պարտավոր է ապացուցել իր դիմումում նշված հանգամանքները, իսկ վարչական մարմինը մերժման կամ  անբարենպաստ վարչական ակտ կայացնելիս կամ նման հանգամանքներ ձեռք բերելիս պարտավոր է ապացուցել դրանց առկայությունը: ՔԱԿԳ-ի մերժման պատասխանում ոչ մի հիմնավորում բերված չէ, միակ պատճառաբանությունն այն է, որ բեմական անունը և կեղծանունը չեն կարող հիմք լինել անունը փոխելու համար: «Ակամա տարվել է այն դաշտը, որ կյանքում այլ մարդ է, այլ անուն-ազգանուն է կրում, բեմի շրջանակներում` այլ:  Զագսի պետը կառչել է դիմումում նշված «բեմական անուն» և «կեղծանուն» բառերից»,-նշում է Վահագն Մարտիրոսյանը` ավելացնելով, սակայն, որ դիմումը գրվել է ՔԱԿԳ-ի Վանաձորի բաժնի նախկին պետի` Արման Ոսկանյանի բառացի թելադրանքով, ում կողմից էլ հետո կայացվել է մերժման որոշումը:

«Ի հակասումն ԶԱԳՍ-ի պետի բոլոր հավաստիացումներին, որ դիմումը միանշանակ բավարարվելու է, ամեն ինչ հիմնավոր է, որ ինքը շատ է ուզում օգնած լինել և այլն, գործը կազմելիս ինքն էլ անհիմն բացասական եզրակացություն է տվել և ուղարկվել է նախարարություն»,-ասում է փաստաբանը:

Այն, որ դիմումը ՔԱԿԳ-ի պետի թելադրանքով է գրվել, հաստատում է նաև Արթուրո Սայանի մայրը` Գայանե Թադևոսյանը, ով դիմումը գրելիս որդու կողքին է եղել: «Միասին ենք եղել, հավաստում եմ, որ նախկին պետը, ինձ ճանաչելով, ասաց, որ շատ է հարգում և  ուզում է օգնել, հատ-հատ, բառ առ բառ թելադրել է, թե ինչ ենք գրելու: Ասացի` խնդրում եմ, թույլ տվեք մենք շարադրենք, ասաց` ոչ, ես գիտեմ` ինչն է ճիշտ գրել: Գրել տվեց փաստաթղթի մեջ «բեմական անուն», բայց դա իր թելադրանքն է,-ասում է Գայանե Թադևոսյանը և ավելացնում,- Էլ ով, եթե ոչ իր ծնողը` մայրը, կարող է փաստել, որ այս երիտասարդը մանուկ հասակից Արթուրո Սայան անունով է կոչվել»:

Փաստաբան Վահագն Մարտիրոսյանն էլ վկայակոչում է «Քաղացիական կացության ակտերի» մասին օրենքի հիման վրա կառավարության 2005-ի հունիսի 23-ին ընդունած որոշումը, որի 9-րդ կետի Թ ենթակետով`16 տարեկանից բարձր անձանց անվան, հայրանվան և ազգանվան փոխման գրանցում կատարել թույլատրվում է, եթե անձը փաստացի կրում է իր ծննդյան գրանցման մեջ  նշված անունից տարբերվող անուն, այսինքն` բոլորը ճանաչում են նրան այդ անվամբ:

«Բացի դրանից, եթե խնդիր կար ներկայացնելու ավելի շատ ապացույցներ, որ իմ վստահորդը Արթուրո Սայան է, ոչ թե Արթուր Կարապետյան իրական կյանքում, ԶԱԳՍ-ի պետը պարտավոր էր ուղղակի իմ վստահորդին տեղեկացնել, որ ինչքան հնարավոր է ծանրակշիռ մարդկանց, ճանաչված մարդկանց դիմումներ, տեղեկանքներ, հայտարարություններ ներկայացնի: Այնինչ նա ստանդարտ ընթացակարգով ղեկավարվելով` բառացի ասել է, որ ներկայացվի 3 հոգու գրավոր հայտարարություն, ինչը արվել է իմ վստահորդի կողմից, որոնցից մեկն էլ ծնված օրվանից է ճանաչում նրան: Ես ենթադրում եմ, որ այստեղ զուտ կոռուպցիոն թեմա է: Չեմ ուզում շատ խորանամ դրա մեջ, բայց այլ բացատրություն ես չեմ տեսնում, քանի որ ԶԱԳՍ-ի պետի բոլոր պահանջները վստահորդս կատարել է: Ու մերժումն էլ եղել է լրիվ անհիմն»,-ասում է փաստաբանը:

Վճռի  հրապարակումը նշանակված է մայիսի 29-ին: Փաստաբան Վահագն Մարտիրոսյանը չնչին հույս ունի, որ հայցը կբարարվի, քանի որ պատասխանող կողմը պետական մարմին է, իսկ նրա փորձը ցույց է տվել, որ պետության հետ «խաղ չեն անում»: Բայց հայցվոր կողմն օգտվելու է բոլոր իրավունքներից և օրենքով նախատեսված իրավական հիմքերից` դրական արդյունքի հասնելու համար:

Մեկնաբանություններ (2)

Shuxur
Վանաձորի ԶԱԳՍ-ի նախկին պետի՝ Արման Ոսկանյանի արկածներից մեկը, որոնք համոզված եմ շատ են... Իսկ նրա ոչ սթափ արարքների ազդեցությունը մարդիկ զգում են մինչ օրս: Ինքը հավանաբար ոչնչից տեղյակ էլ չի ու հանգիստ ապրում է... Վաաայ.... Վանաձոր Վանաձոր...Խելռես դու քո կադրերով...Խնդրում եմ տարածեք այս խայտառակությունը....Մարդու համբերությունը սահման ունի...
Mariam
Գիտեք չէ՞, սա այն գործընթացն է,որ ուրիշ երկրներում մի քանի ժամվա ընթացքում արվում է, իսկ Հայաստանում տարիներ են պահանջվում... Ու դեռ ուզում են դատական գործերը չկուտակվեն...(((((

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter