HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Էլեկտրաէներգիայի սակագինը կբարձրանա 27 տոկոսով՝ 7-8 դրամով

Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը կաճի 27 տոկոսով՝ 1 կվտ/ժամը 7-8 դրամով: Այս մասին այսօրվա քննարկման ժամանակ տեղեկացրեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետ Գարեգին Բաղրամյանը՝ նշելով, որ դեռ հստակ չէ, թե երբվանից կբարձրանա էլ.էներգիայի սակագինը:

Ներկայում բնակչությունը 1 կվտ/ժամ էլեկտրաէներգիայի համար ցերեկը վճարում է 30, գիշերը` 20 դրամ:

Հանձանաժողովն առաջիկա օրերին կկազմակերպի էլ.էներգիայի թանկացման վերաբերյալ քննարկում և կներկայացնի իր հաշվարկները:

Երբ մայիսի 14-ին «Հայռուսգազարդը» գազի սակագինը բարձրացնելու հայտով դիմեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, հանձնաժողովը հայտարարեց, որ կբարձրանա նաև էլ.էներգիայի սակագինը:

Գարեգին Բաղրամյանի խոսքով՝ ռուսական գազի սակագնի բարձրացումը հայկական էլ.էներգիայի սակագնի վերանայման հիմք է, քանի որ այսօր էլ.էներգիայի արտադրության շուրջ 30 տոկոսն ապահովում են ջերմաէլեկտրակայանները: Բացի դրանից՝ էլ.էներգիայի սակագնի բարձրացման անհրաժեշտությունը պայմանավորված է մի շարք այլ գործոններով ևս:

«Դա նաև փոխարժեքի բարձրացումն է, դա նաև համակարգում իրականացված կապիտալ ներդրումներն են, դա էլեկտրաէներգիայի արտադրության հաշվեկշռի փոփոխությունն է և մի շարք այլ գործոններ՝ ըստ ընկերությունների»,- ասաց Գարեգին Բաղրամյանը:

Նա նշեց, որ էլ.էներգիայի սակագինը, միևնույն է, վերանայվելու էր, նույնիսկ եթե գազի սակագնի վերանայման խնդիր չլիներ:

Լրագրողի այն դիտարկմանը, որ էլ.էներգիայի գինը բարձրանալու է այն պարագայում, երբ Հայաստանն ունի մեծ ռեսուրսներ՝ ատոմակայան և մոտ 140 փոքր հէկ, սպասվում է բազմաթիվ նոր փոքր հէկերի կառուցում՝ Գարեգին Բաղրամյանը պատասխանեց, որ պետք է դիտարկել, թե մեծ ռեսուրսներ ասվածը ինչ գնով ունենք:

«Նախ, մենք փոքր հիդրոէլեկտրակայանները զարգացնում ենք, և այնտեղ այնքան էլ էժան գին չի: Փոքր հէկերի զարգացումը խթանելու համար իրենց համար գործում են արտոնյալ սակագներ, և շատ երաշխավորված գնում, այսինքն՝ ինչ էլ.էներգիա նրանք արտադրում են, պարտավոր են գնել: Դա որոշակի ռեժիմային խնդիրներ է արդեն ստեղծում»,- ասաց Գարեգին Բաղրամյանը:

Նրա հավաստիացմամբ՝ խնդիրներ կան նաև ատոմակայանում: Օրինակ՝ անվտանգության խնդիրներ, որոնք Հայաստանը ստանձնել է Միջուկային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) առաջ, և այդ ծախսերը նույնպես պետք է փոխհատուցվեն սակագնով:

«Ատոմակայանում գինը շուրջ 10 դրամ է, այդքան էլ էժան չի, և ատոմակայանում էլ կան բազմաթիվ խնդիրներ: Օրինակ՝ փոխարժեքի բարձրացումը ազդում է միջուկային վառելիքի ձեռքբերման արժեքի վրա»,- ասաց Գարեգին Բաղրամյանը:

Ատոմակայանը նաև նպատակ է դրել բարձրացնել համակարգի աշխատողների աշխատավարձերը, քանի որ արդեն ունի կադրերի հոսունության խնդիր, իսկ ատոմային էներգիայի մասնագետներ, Գարեգին Բաղրամյանի հավաստիացմամբ, տարածաշրջանում շատ քիչ կան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter