HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

4-5 հոգանոց ընտանիքը ձմռանը միայն գազի համար կվճարի 90-100 հազար դրամ

Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանի հաշվարկներով՝ գազի թանկացումը Հայաստանում ստեղծելու է աղքատության նոր հոսք: Մակարյանն այժմ ուսումնասիրում է կառավարության ծրագիրը, որով նախատեսվում է աղքատությունը նվազեցնել 8-10 տոկոսով: Գագիկ Մակարյանը չգիտի՝ աղքատության 8-10 տոկոսով նախատեսվող նվազեցման մեջ արդեն ներառվա՞ծ է գազի թանկանալու փաստը, թե՞ ոչ: Եթե ոչ, ապա աղքատության նվազեցումը պետք է նախատեսել ոչ թե 8-10, այլ, օրինակ, ընդամենը 6 տոկոսով:

Հիշեցնենք, որ մայիսի 14-ին «Հայռուսգազարդը» գազի սակագինը բարձրացնելու հայտով դիմել էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ առաջարկելով գազի սակագինը բարձրացնել 67 տոկոսով՝ 1 խոր./ մետր գազի համար ներկայում գործող 132 դրամը դարձնելով 221 դրամ: Այսօր հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետ Գարեգին Բաղրամյանը հիմնավորված համարեց, որ հաշվի առնելով կառավարության կողմից 30 տոկոսանոց սուբսիդավորումը` 1 խոր./մետր գազի սակագինը բարձրանա 24 դրամով՝ դառնալով 156 դրամ:

Գագիկ Մակարյանի խոսքով՝ Հայաստանի թե պետական, թե մասնավոր սեկտորում միջին աշխատավարձը չի հասնում 300 դոլարի (124.500 դրամ), հետևաբար գազի սակագնի՝ 24 դրամով ավելանալու դեպքում 4-5 հոգանոց ընտանիքը ձմռանը միայն գազի համար կվճարի 90-100 հազար դրամ: Այսինքն՝ ընտանիքի անդամն իր 1 ամսվա աշխատավարձը պետք է ուղղի միայն գազի վարձը վճարելուն:

«Եվ եթե այդ ընտանիքում մեկն է աշխատում, արդեն դուք պատկերացրեք իրավիճակը: Եթե 2-3-ն է աշխատում, ուրեմն էլի դա մխիթարական չէ, որովհետև մենք հաշվարկել ենք, որ ընտանիքները գոնե միջինից ցածր կենսամակարդակ ապահովելու համար պետք է ունեն մաքուր 600-700 հազար եկամուտ»,- ասաց Գագիկ Մակարյանը:

Նրա խոսքով՝ նույնիսկ եթե աշխատում է ընտանիքի անդամներից 3-ը, նրանց ընդհանուր եկամուտը կազմում է ընդամենը 900 դոլար (370 հազար դրամ, ինչն անհրաժեշտ 600-700 հազար դրամ եկամուտի կեսն է), որի մի զգալի մասը պիտի ուղղվի միայն գազի վարձը վճարելուն: Աղքատության ավելացմանը կհանգեցնի նաև գազի գնի բարձրացման մուլտիպլիկատիվ էֆեկտը. թանկանալու են բոլոր ապրանքները, այդ թվում նաև սննդամթերքը, բոլոր ծառայությունները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter