HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Փոքր բիզնեսի ներկայացուցիչը պահանջում է գազի թանկացումից հետո նվազեցնել հարկերը, այլապես իրենք կսնանկանան

Գործատուների հանրապետական միության վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ փոքր և միկրո ձեռնարկությունների շահութաբերությունը գրեթե զրոյական է: Այս հանգամանում ամեն մի լրացուցիչ ծախսի ավելացման դեպքում հնարավոր չէ երաշխավորել, թե այդ ձեռնարկությունները կկարողանա՞ն պահպանել իրենց գործունեության և ցանկությունը, և արդյունավետությունը, և կորուստներ այնքան չե՞ն կրի, որ փակվելու վտանգի առաջ կանգնեն:

«Մենք այդ ուսումնասիրությունները կատարել էինք շրջանառվող հարկի ազդեցությունը գնահատելու համար: Մենք տեսանք, որ իսկապես միկրո և փոքր ձեռնարկությունների համար, որ չունեն շահութաբերություն, 3.5 տոկոս շրջանառվող հարկը առաջացնում է արդեն զգալի բեռ: Հիմա դրան գումարվում է նաև միանգամից 24 դրամ գազի արժեքը»,- այսօրվա քննարկման ժամանակ ասաց Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:

Հիշեցնենք, որ մայիսի 14-ին «Հայռուսգազարդը» գազի սակագինը բարձրացնելու հայտով դիմել էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ առաջարկելով գազի սակագինը բարձրացնել 67 տոկոսով՝ 1 խոր./ մետր գազի համար ներկայում գործող 132 դրամը դարձնելով 221 դրամ: Այսօր հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետ Գարեգին Բաղրամյանը հիմնավորված համարեց, որ հաշվի առնելով կառավարության կողմից 30 տոկոսանոց սուբսիդավորումը` մինչև 10 հազար խոր./մետր գազ օգտագործողների համար 1 խոր./մետր գազի սակագինը բարձրանա 24 դրամով՝ դառնալով 156 դրամ:

Գագիկ Մակարյանն ասաց, որ Հայաստանում միկրո և փոքր բիզնեսը օգտագործում է հենց մինչև 10 հազար խոր./մետր գազ: 24 դրամը կազմում է գազի ընդհանուր արժեքի 16-17 տոկոսը: Դա մեծ ազդեցություն է ունենալու փոքր ձեռնարկությունների վրա (հրուշակեղեն արտադրող, հաց թխող ձեռնարկություններ, որոնց գործունեությունն առնչվում է ջրի տաքացմանը, վառարաններից կամ այլ աղբյուրներից ջերմություն ստանալուն):

Քննարկմանը ներկա էր փոքր բիզնեսի ներկայացուցիչ Իսահակ Աբրահամյանը, ով զբաղվում է փրփրապլաստի արտադրությամբ: Նա ասաց, որ ամսական օգտագործում է 7 հազար խոր./մետր գազ:

«Դա բավականին մեծ թիվ է, որը մոտենում է խոշոր բիզնեսին: Բայց քանի որ խոշոր բիզնեսը ունի այդ արտոնությունները՝ օգտվելու 90 դրամից մինչև հիմա, մենք վճարում ենք այնպես, ինչպես սովորական քաղաքացին՝ 132 դրամ, մեզ վրա շատ ծանր կանդրադառնա դա»,- ասաց Իսահակ Աբրահամյանը:

Նա հղում արեց Գործատուների հանրապետական միության ուսումնասիրություններին, ըստ որոնց՝ Հայաստանում մանր, միջին բիզնեսը շատ բարձր հարկեր է վճարում:

«Էդ բարձր հարկերից բացի՝ գազի թանկացումը մեզ վրա շատ ծանր կանդրադառնա: Երևի կառավարությունը շատ ադեկվատ քայլերի պետք է գնա. թանկացումից հետո անպայման պետք է ինչ-որ հարկերի իջեցում լինի: Եթե դա չարվեց, ես կարող եմ ասել ամենայն պատասխանատվությամբ, որ մենք չենք կարող աշխատել, և այս ձեռնարկությունները կհայտնվեն բացարձակ սնանկացման առջև»,- ասաց Իսահակ Աբրահամյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter