HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամսավճարն ամբողջությամբ պետք է վճարել. բացակայությունները հաշվի չեն առնվում

Ալավերդու քաղաքապետարանի 6 նախադպրոցական (ն/դ) ուսումնական հաստատություններում ամսվա ընթացքում երեխաների նույնիսկ 3-օրյա հաճախումների դեպքում ծնողներից գանձում են ողջ ամսվա վարձավճարը:

Քաղաքապետ Արտավազ Վարոսյանը «Հետքին» ասում է, որ ն/դ հաստատությունների ծնողական վճարները, ըստ երեխաների հաճախումների գանձելու դեպքում, համայնքի բյուջեն կխախտվի: Ըստ երեւույթին, անտեսվում է այն հանգամանքը, որ գանձումների նման քաղաքականությամբ խախտվում է մանկապարտեզ հաճախող երեխաների ընտանիքների բյուջեն:

Համայնքի ավագանու 2012 թ. հուլիսի 31-ի N 27-Ն որոշմամբ՝ Ալավերդու նախադպրոցական ուսումնական հաստատություններում  ծնողական ամսվա վարձավճարը սահմանվել է 5 հազար դրամ: Որոշումն ուժի մեջ է մտել 2013 թ. հունվարի 1-ից: Ընդ որում՝ ն/դ ուսումնական հաստատություններում ավագանու որոշմամբ գրեթե ամեն տարի բարձացվում են  երեխաների ծնողական վարձավճարները: Այն 2012 թ. 4 հազար դրամ էր, իսկ նախորդ տարիներին՝ 3 հազար, ավելի վաղ՝ 2 հազար դրամ:

«Հետքի» հետ զրույցում ն/դ ուսհաստատությունների տնօրենների մեծ մասն արդարացի չհամարեցին վարձավճարների գանձման ընդունված սկզբունքը: Ծնողներից մեկն էլ, ով խնդրեց չհրապարակել իր անունը, նշեց. «Երեխայիս ոտքը կոտրվել էր, և նա ընդամենը 3 օր էր հաճախել մանկապարտեզ: Նույնիսկ այդ դեպքում ինձնից գանձեցին 5 հազար դրամ ամսվա վարձավճարը»:

Քաղաքապետարանի ֆինբաժնի վարիչ Սամվել Աբելյանը մեզ հետ զրույցում ասաց. «Բա կարգ ու կանոն պետք է գոյություն ունենա, բա ի՞նչ հիմունքներով պետք է հաշվեն, թող փաստաթուղթ բերեն, բժշկի թուղթ բերեն, ազատեն»:

 «Բա , էդ դաստիարակչուհիներ են, էդ գույք է, ունեցվածք է, էդ ամենը ինչի՞ հաշվին է: Բա կլինի՝ ամեն երեխեն 5-10 օր չգնա, էդ դեպքում առավել ևս մենյու գրելը շատ դժվար է»,- ավելացրեց ֆինբաժնի վարիչը և վստահեցրեց, որ ճաշացուցակ կազմելիս չեն հաշվարկվում երեխաների հնարավոր բացակայությունները:

Քաղաքապետ Արտավազդ Վարոսյանը տրամաբանական է համարում ծնողների դժգոհությունը, բայց միաժամանակ նշում է. «Երեխան ն/դ հաստատություն գա, չգա, էդ սենյակը մենք ջեռուցելու ենք, չէ՞: 20 երեխա ներկա լինի, թե 18, աշխատողի աշխատավարձը մենք վճարելու ենք, երեխայի չգալով մենք չենք պակասեցնելու: Էս կարգի բաներ կան, որ մենք չենք տեղավորվում մեր տարեկան նախահաշվով, որովհետև մենք պետականորեն ՊՈԱԿ-ների ծախսերը հաշվարկում ենք՝ ելնելով այն հանգամանքից, որ ենթադրում ենք, որ բոլորն էլ գալու են: Չենք կարող չնախատեսել, որ հանկարծ այսքան երեխա կարող է բացակայել. բա ո՞ր գան: Այդ դեպքում, եթե պահանջվում է ընդհանուր տարեկան ծախսերը հոգալու համար X գումար, մենք դրանից հանում ենք երեխաների թվաքանակը` անգամ 5 հազար դրամը, այդքան ծախս հատուցվում է ծնողական վճարների հաշվին, տարբերությունը` շոշափելի մեծ մասը` համայնքային բյուջեի հաշվին: Հիմա, եթե մենք վերցնենք այդ 5 հազարը հաճախումների թվի վրա բաժանենք, այդ ժամանակ լրիվ բյուջեն է խախտվում»:

Քաղաքապետն ընդունում է, որ Ալավերդիում սոցիալական ծանր վիճակում գտնվող ընտանիքներ շատ կան. «Մենք ն/դ ուսումնական հաստատություն 460 հաճախող երեխաներ ունենք, որոնցից 125-ին անվճար ենք սպասարկում: Նրանց ծնողական վարձավճարների ծախսերը հոգում է «Մանես» բարեգործական հիմնադրամը: Մարդը ծառայության համար պետք է վճարի»:

Արտավազդ Վարոսյանը նաեւ նշում է, որ  ն/դ հաստատություների երեխաների չհաճախած օրերի վճարումներ կատարելը ծնողների համար  դյուրին չէ. «Հունվարի 15-ից հետո հաճախումներ շատ քիչ են լինում մանկապարտեզ, զուտ մի պատճառով՝ 15 օրը տոնական օրեր են, մյուս 15 օրը, որպեսզի 1 ամսվա վարձ չտան, ծնողները սպասում են, տանը երեխային յոլա են տանում, մանավանդ նոր տարուց ինչ-որ բաներ է մնացած լինում, հարմարվում են, փետրվարի 1-ից նոր երեխաներին տանում են մանկապարտեզ»:

Այդուհանդերձ, քաղաքապետը գտնում է, որ կարելի է եւ պետք է ընտրել փոխադարձ ընդունելի լուծում. «Միգուցե հաջորդ բյուջետային տարվա հաշվարկները կատարելիս տրամաբանությունը փոխենք և հաշվի առնելով նախորդ տարիների միջին բացակայությունների դինամիկան և մեր բյուջեից նախատեսենք մի փոքր ավելի գումար, որպեսզի կարողանանք 10 օր հաճախած երեխայի համար 2 հազար դրամ գանձենք: Չենք կարծում, որ համայնքային բյուջեի համար դա շատ մեծ բեռ կդառնա»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter