Զինվորները հող են փխրեցրել, չոր խոտեր հավաքել և տարածքը մաքրել մոլախոտերից
Մաքուր և կանաչապատ մայրաքաղաք ունենալու Երևանի քաղաքապետարանի կոչին, ինչպես նաև Ապրիլի 18-ին` Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան ընդառաջ այսօր` ապրիլի 14-ին, Երևանի քաղաքապետարանի «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի Էրեբունի, Շենգավիթ և Կարմիր բլուր հնավայրերի տարածքում մաքրման և օժանդակ այլ աշխատանքներ իրականացրեցին մայրաքաղաքային զորամասի 4-րդ գնդի զինվորները` զորամասի հրամանատար, գնդապետ Սմբատ Գրիգորյանի ղեկավարությամբ:
Նախորդ տարիներին ՀՀ պաշտպանության նախարարության և արգելոց-թանգարանի միջև ձևավորված համագործակցությունը պայմանավորված է ինչպես Հայաստանի պատմամշակութային հուշարձանների տարածքներում մշտապես խնամքի և բարեկարգման աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտությամբ, այնպես էլ` հայրենիքի պաշտպանների դաստիարակման գործում ժառանգության ունեցած դերով:
Ողջունելով զորամասի 120 զինվոր-երիտասարդներին` արգելոց-թանգարանի տնօրեն Գ. Գյուրջյանը նշեց, որ ունենալով լեռնային երկիր և անառիկ բնություն, դեռ նախապատմական ժամանակաշրջանում մեր նախնիները կերտել են բազմաթիվ բերդեր ու ամրոցներ` հաջող պայքար մղելով ազատության ու անկախության համար:
Երևանը` շուրջ 3-հազարամյա մեր մայրաքաղաքը հենց անառիկ քաղաք-ամրոց է եղել Արին բերդ բլրին` Էրեբունի անվամբ: Նա մասնավորապես ընդգծեց Էրեբունի ամրոցի դերը մայրաքաղաքի դիմագծում և խորհրդանշական համարեց այն, որ մայրաքաղաքային զորամասն է արձագանքել արգելոց-թանգարանի նախաձեռնությանը:
Շեշտելով, թե հայրենասիրության և զինված ուժերի մարտունակության բարձրացման գործում որքան մեծ է ռազմապաշտպանական ժառանգության ճանաչման դերը և այն, թե մեր ռազմարվեստի մանրամասների լուսաբանման համար որքան կարևոր են հնագիտական պեղումներից հայտնաբերված գտածոները` արգելոց-թանգարանի փոխտնօրեն Ա. Մեշինյանը զինվորներին ծանոթացրեց «Էրեբունի» թանգարանի մշտական ցուցադրությանը և հնավայրին:
Այսպիսով մայրաքաղաքային զորամասի 4-րդ գնդի 120 զինվորներ իրենց ծառայության մեկ օրն անցկացրեցին «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց թանգարանում` իրականացնելով հողի փխրեցման, չոր խոտերի հավաքման, այրման և տարածքի` մոլախոտերից ազատման աշխատանքներ:
«Պատմամշակութային հուշարձաններն ու վայրերը թանկ են ու անփոխարինելի, որովհետև դրանք նույնանում են հայրենիքի հետ: Կասկածից վեր է, որ ժառանգությունը հզոր ռեսուրս է` ժամանակակից երիտասարդի և հայրենիքի զինվորի բարոյական կերպար ձևավորելու ճանապարհին»,- հայտնում են «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց թանգարանից:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել