HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սումգայիթի եղեռնագործության 25-րդ տարելիցին նվիրված խաչքարի բացման արարողություն Բեյրութում

Երեկ Բեյրութի Սուրբ Նշան Մայր եկեղեցու բակում տեղի ունեցավ  Սումգայիթի եղեռնագործության 25-րդ տարելիցին նվիրված խաչքարի բացման արարողություն:  Միջոցառումն իրականացվեց Հայոց ցեղասպանության 100-ամյակի Լիբանանի կենտրոնական մարմնի, «Փյունիկ» համահայկական հիմնադրամի եւ Լիբանանում ՀՀ դեսպանության  նախաձեռնությամբ: 

Հոգեհանգստյան արարողությունից եւ Խաչքարի հանդիսավոր բացումից հետո Հայոց ցեղասպանության 100-ամյակի Լիբանանի կենտրոնական մարմնի անունից ելույթ ունեցավ Ռաֆայել Ումուդյանը: Դատապարտելով Սումգայիթի եղեռնագործությունը՝ նա ընդգծեց, որ այն չհուսալքեց հայ ժողովրդին, այլ բարձրացրեց մեր ժողովրդի միասնության ոգին, որի արդյունքը հանդիսացավ ազգային‑ազատագրական պայքարի հաղթանակը Արցախում: 

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան, «Փյունիկ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Լեւոն Սարգսյանն իր ելույթում նշեց, որ «25 տարի առաջ Սումգայիթում տեղի ունեցավ հայ ժողովրդի նորագույն պատմության   ամենամեծ ողբերգություններից մեկը: Հայ բնակչության հանդեպ իրականացված եղեռնագործությունը Ադրբեջանի իշխանությունների կողմից հստակ մշակված էթնիկ զտման եւ տեղահանման հրեշավոր քաղաքականության հերթական դրսեւորումն էր:  Սումգայիթյան ջարդերը փոխեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության բնույթը. ԼՂ ժողովուրդը ստիպված եղավ իր ազատ ապրելու արդարացի իրավունքը պաշտպանել արյան գնով… եւ մեր ժողովրդի միասնականության եւ համախմբվածության, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության շնորհիվ մենք ունենք ազատ, անկախ ու համաչափ զարգացող Արցախ»: Դեսպան Սարգսյանը համոզմունք հայտնեց, որ ներկայիս բոլոր մարտահրավերները մեր ժողովուրդը դիմակայելու է Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության  եւ անկոտրուն կամքի շնորհիվ:   

Լիբանանի Հայոց թեմի առաջնորդ Գեղամ արքեպիսկոպոս Խաչերյանն իր արտասանած խոսքում նշեց, որ Ս. Նշան Մայր եկեղեցու բակում կանգնեցված խաչքարը  հայ մշակույթի ազգային ու հոգեւոր խորհրդանիշ է, արդարության պահանջի եւ բողոքի կոթող: 

Հանդիսությանը ներկա էին պետական նախարար Փանոս Մանճյանը, խորհրդարանի անդամներ,  հայ համայնքի տարբեր կառույցների ղեկավարներ եւ ներկայացուցիչներ: Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter