Դրախտիկ գյուղի համայնքային կենտրոնը բացվեց
«Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի ամենամյա նիստի շրջանակներում շարունակվում են ավարտված ենթակառուցվածքների բացումներն ու այցելություններն ընթացիկ ծրագրեր:
Այսօր Հիմնադրամի շուրջ քառասուն հոգուց բաղկացած պատվիրակությունը` կազմված տեղական մարմինների ատենապետերից, ներկայացուցիչներից եւ բարերարներից, Հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանի գլխավորությամբ հանդիսավորությամբ բացեց ԼՂՀ Հադրութի շրջանի Դրախտիկ գյուղի նորակառույց համայնքային կենտրոնը: Բացման արարողությանը ներկա էին նաեւ Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին եկեղեցու ներկայացուցիչ Շահե վարդապետ Անանյանը, Հադրութի շրջանի վարչակազմի ղեկավար Վալերի Գեւորգյանը, համայնքի ներկայացուցիչներ, հյուրեր: Համայնքի բնակիչների մեծ բազմությունը ոգեւորությամբ էր սպասում բացման արարողությանը:
«Մեր բարերարների շնորհիվ այս համայնքն իսկական դրախտի է վերածվում»,- իր շնորհավորական խոսքում ասաց Պարգեւ սրբազանը:
Դրախտիկի համայնքային կենտրոնը կառուցվել եւ կահավորվել է Հիմնադրամի Տորոնտոյի տեղական մարմնի ֆինանսավորմամբ /բարերար Պերճ Լիւլէճեան/: Կենտրոնում /283քմ մակերեսով/ կգործեն բուժկետը, ծննդասենյակը, հանդիսությունների դահլիճը, համակարգչային կենտրոնը, գրադարանն ու գյուղապետարանը:
Համայնքային կենտրոնը Հիմնադրամի կողմից կյանքի կոչված չորրորդ ենթակառուցվածքային ծրագիրն է ավելի քան 430 բնակիչ ունեցող Դրախտիկ համայնքում: Սփյուռքի տարբեր համայնքների ջանքերի շնորհիվ այսօր գյուղն ունի որակյալ խմելու ջուր /Ռուսաստանի հայ համայնք/, գեղեցիկ նորակառույց մանկապարտեզ /Ֆրանսիայի հայ համայնք/ եւ գյուղտեխնիկայի կայան /ԱՄՆ արեւելյան շրջանի համայնք/: Գյուղը տարածված է Հիմնադրամի կառուցած Հյուսիս-հարավ ճանապարհի երկայնքով:
«Շատ ուրախ եմ, որ այսօր այս տարածքում եւս մեկ ենթակառուցվածք ենք բացում: Հուսով եմ, որ համայնքային կենտրոնի շնորհիվ կյանքն այստեղ առավել կաշխուժանա, եւ մասնավորապես, փափագում եմ, որ այս բուժկետում հնարավորինս քիչ հիվանդներ սպասարկվեն, փոխարենը` շատ կանայք մայրանան: Անում ենք ամենը, որպեսզի Արցախում ընտանիքներն ավելանան եւ բնակչության թիվն աճի»,- ողջույնի խոսքում ասաց Տորոնտոյի տեղական մարմնի ատենապետ Մկրտիչ Մկրտչյանը եւ շնորհակալություն հայտնեց տորոնտոյաբնակ սարկավագ բարեշնորհ Պերճ Լիւլէճեանին, ում նվիրատվության շնորհիվ հնարավոր դարձավ միաժամանակ լուծել համայնքի համար մի շարք կարեւոր խնդիրներ:
Վաղը Հիմնադրամի պատվիրակությունը կայցելի Շուշիի շրջանի Քարին Տակ համայնք, որտեղ վերակառուցվում է խմելու ջրի համակարգը: Այս ծրագրով շարունակվում է միասնական ջանքերով ծրագրեր իրականացնելու Հիմնադրամի կողմից որդեգրած միտումը: Ջրամատակարարման համակարգը վերակառուցվում է Հիմնադրամի Հունաստանի, Կիպրոսի, Ուրուգվայի, Արգենտինայի, Բրազիլիայի տեղական մարմինների եւ ՀՕՄ-ի համատեղ ջանքերով:Այս մասին տեղեկացնում է «Հայաստան» հիմնադրամի մամուլի ծառայությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել