
Ամռան ամիսներին ընտանիքի «հյուրերը» կարիճները, մորմերն ու մեղուներն են
Մեծամոր քաղաքում բնակվող Արթուր Ստեփանյանի բազմանդամ ընտանիքին գտնելու համար մեզանից պահանջվեց մոտ մեկ ժամ: Թեեւ մեր ձեռքի տակ հասցե կար, սակայն քաղաքի բնակիչներն այդպես էլ չգիտեին, թե որտեղ է գտնվում տնակը:
Վերջապես գտնվեց 3-րդ թաղամասի 5/28ա տնակը: Դեռ ներս չմտած՝ փայտե տնակից արդեն պատկերացրեցինք ներսում բնակվողների սոցիալական վիճակը: Ընտանիքում ապրում են 8 հոգի` ամուսինները եւ 6 անչափահաս երեխաները, որոնցից երկուսը հաշմանդամ են:
Ընտանիքի մայրը` Արեւիկ Խաչատրյանը, պատմեց, որ ամուսնանալուց անմիջապես հետո ապրել են տնակում, սակայն իրենց սեփական տնակն ամբողջությամբ քայքայվել է եւ հիմա այլ մարդու տնակում են բնակվում: Մինչեւ իր հետ ծանոթանալը ամուսինը` Արթուր Ստեփանյանը, այլ կնոջ հետ է ամուսնացած եղել, ունեցել է երեխաներ, սակայն ինքը համաձայնել է ապրել Արթուրի հետ, խնամել նրա երեխաներին: համատեղ կյանքի ընթացքում նրանք ունեցել են 2 երեխա:
Արեւիկն ասաց, որ մինչեւ հիմա էլ հույս ունեն, որ ազատամարտիկ ամուսինը պետության կողմից հաշմանդամության թոշակ եւ տուն կստանա, սակայն ցանկությունն իրականություն չի դառնում:
Արթուրն էլ պատմեց, որ մասնակցել է արցախյան ազատամարտին, հիմնականում եղել է հետախույզ եւ բացի Շուշիից, մյուս բոլոր թեժ կետերում կռվել է, բայց հիմա անտարբերության է մատնված:
![]() |
![]() |
«Մանվել Գրիգորյանի, Ավդալյանի, հոկտեմբերյանցի Կորյունի ջոկատներում եմ կռվել: Կորյունի մոտ տանկիստ եմ եղել: 3 անգամ «կանտուզիա» եմ ստացել ու հիմա բանի տեղ չեն դնում ինձ: Օրինակ՝ հիվանդ եմ, շատ շուտ ջղայնանում եմ, ամբողջ թղթերը ունեմ, անցյալ տարի գնացի Երեւան, որ թոշակի համար հաշմանդամության կարգ հանեմ, հանձնաժողովն ասում ա՝ անցել ես, բայց տնօրենը քաշում ա մի կողմ, ասում ա` մի 50 հազար տուր, որ անցկացնեմ: Ես էլ ջղայնացա, դոշերը հավաքեցի, տվեցի պատին, բայց, դե, ինչ օգուտ»,- պատմում էր Արթուր Ստեփանյանը:
Ազատամարտիկն այժմ խուսափում է հիվանդանոցում պառկելուց, քանի որ վախենում է «ինչ-որ բան «սրսկեն» ու լրիվ խանգարվի եւ չկարողանա երեխաներին պահել»: Արթուրն ասաց, որ 2010 թ. հիվանդանոցում պառկել է, ունի բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, սակայն հանձնաժողովը կարգ տալու համար դրանք հիմք չի ընդունում, եւ հիմա նորից են ուղարկում հիվանդանոց:
Ընտանիքն այժմ ապրում է 2 երեխաների հաշմանդամության թոշակով` յուրաքանչյուրը 18 հազար 700 դրամ, ինչպես նաեւ աղքատության նպաստով` 61 հազար 200 դրամ:
«Խանութից ենք պարտքով ապրանք վերցնում, որ թոշակը, նպաստը ստանանք, փակվենք. մեր ապրելաձեւը էդ ա: Իմ հույսն ու հավատը Արթուրի թոշակն է, որ թոշակը լինի, գոնե մի քիչ վիճակներս կթեթեւանա»,- նշեց Արեւիկը:
Աղջիկներից Ասյան ավարտել է 9-րդ դասարանը: Արեւիկն ասաց, որ նրան մի կերպ են դպրոց ուղարկել, քանի որ հագուստի խնդիրներ է ունեցել, բացի այդ, մտավոր խնդիրներ էլ ունի, ուստի այլեւս դպրոց չի գնա:
Երեխաներից երկուսը հաճախում են խնամքի կենտրոն, իսկ հաշմանդամ Արմենը, ում 18 տարին դեռ չի լրացել, օգնում է ծնողներին: Նա հաճախում է Էջմիածնի «Զվարթնոց» թաղամասում գործող հաշմանդամություն ունեցող երեխաների ուսումնարան, բացի այդ՝ ձեռքի հետ էլ երկաթ ու ապակե տարաներ է հավաքում եւ հանձնում: Երկաթի կիլոգրամը արժե 30 դրամ, եւ վաստակած գումարով Արմենը սնունդ ու անհրաժեշտ իրեր է գնում տան համար:
![]() |
![]() |
Արեւիկը պատմում է, որ իրենց ընտանիքը պետությունից որեւէ օգնություն չի ստանում` չհաշված թոշակն ու նպաստը: Ըստ նրան` մոտ 6 ամիս առաջ դիմում է գրել Արմավիրի մարզպետարան, որ սոցիալապես վատ պայմաններում են ապրում եւ աջակցության կարիք ունեն, սակայն մարզպետարանից նամակը հասցեագրել են Մեծամորի քաղաքապետարան, իսկ այնտեղից դրական պատասխան չի ստանում:
«6 ամիս ա՝ ինձ խաղացնում են: Երկու օր առաջ էլ եմ գնացել քաղաքապետրան, բայց էլի մերժվել եմ: Ամեն անգամ գնում եմ քաղաքապետարան, ասում են` եկամուտ չկա, Արեւիկ ջան, երբ լինի, կտանք, ու փոշմանած հետ եմ գալիս: Ես օգնություն եմ խնդրել, իրենք էլ ասում են՝ քարը տրաքի 10 հազար դրամից ավել տվող չկա, բայց երբ եկամուտ ունենանք նոր»,- ասում է Արեւիկ Խաչատրյանը:
Արմավիրի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Ծաղկանուշ Գրիգորյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ ընտանիքն իրոք կարիքավոր է, եւ իրենք հնարավորինս աջակցում են նրանց: Ինչ վերաբերում է բնակարանի խնդրի լուծմանը, ապա այդ խնդիրը մարզպետարանի ուժերից վեր է:
Քանի որ ընտանիքն ապրում է տնակում, գազաֆիկացման մասին խոսք լինել չի կարող: Ձմռանը վառելափայտ էլ չեն կարողանում գնել, քանի որ 5 խմ-ից պակաս չեն վաճառում, իսկ իրենք միանվագ 100-120 հազար դրամ չեն կարողանում վճարել փայտի համար, ուստի տնակը տաքացնում են էլ. էներգիայով: Արեւիկն ասում է, որ ձմռան ամիսներին 35 հազար դրամից ավելի միայն էլ. էներգիայի համար են վճարում, իսկ եթե հոսանքն էլ թանկանա, ապա իրենց վիճակն ահավոր կլինի:
Մինչ կգա ձմեռը, այս ամիսներին էլ ընտանիքի անդամներին պատուհասել է մեկ այլ վտանգ: Քանի որ տնակը ամայի դաշտում է տեղադրված, կարիճներն ու մորմերն անարգել լցվում են բնակելի տարածք: Մեղուներն էլ բույն են դնում հենց տնակում եւ քայքայված առաստաղից մտնում ներս: Արեւիկն ասում է, որ այս ամիսներին «ճանճասպանիչը» ձեռքից չի գցում, որ կարիճները, մորմերն ու մեղուները երեխաներին չվնասեն: Չի բացառվում, որ այս ընտանիքին մի օր էլ օձը հյուրընկալվի:
![]() |
![]() |
«Իրիկվա ժամերին, ոնց է, որ ռակը ջրից դուրս է գալիս, նույն ձեւով կարիճներն են գալիս տնակի կողքերը հավաքվում: Արդեն վախից խանգարվել ենք, ազնվությամբ ես խանգարվել եմ, աչքներս չորս արած ման եմ գալիս, որ մորմ ու կարիճ չմտնի սենյակ»,-նշեց Արեւիկը:
Ընտանիքի անդամները պնդում էին, որ վարձով ապրելու հնարավորություն չունեն, հակառակ դեպքում դուրս կգային տնակից, քանի որ այսպես այլեւս հնարավոր չէ:
Մեկնաբանել