HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Որտեղի՞ց այդքան լավատեսություն ԱԿԲԱ-ի գործադիր տնօրենին

Արդեն 2 տարի է` «Հետքը» տարբեր հրապարակումներով անդրադառնում է գյուղատնտեսական վարկերի խնդիրներին: Այս ընթացքում գյուղացիները բարձրաձայնել են, որ բանկերն իրենց պարզապես «թալանում» են վարկերի բարձր տոկոսադրույքներով: Բայց պատկան մարմինները երբեւէ չեն արձագանքել այդ հրապարակումներին` լուռ համաձայնվելով գյուղացիների հետ:

Հայաստանում գյուղատնտեսական վարկերի զգալի մասը բաժին է ընկնում «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկին»: Ակնհայտ է, որ մեր հրապարակումներն իրենց դերը խաղացել են, որ այսօր բանկն իջեցրել է վարկերի տոկոսադրույքները: Կառավարությունն ապրիլի 1-ից իրականացնում է վարկային 4-6 տոկոս սուբսիդավորում: Արդյունքում գյուղատնտեսական վարկը գյուղացուն հասնում է ոչ թե 24, ինչպես նախկինում էր, այլ 8-10 տոկոսով:

Այս տարվա ապրիլի 28-ին հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի»-ի գործադիր տնօրեն Ստեփան Գիշյանը հայտարարել էր, թե սուբսիդավորումով վարկավորումը շատ արտոնյալ տոկոսադրույք է, եթե հաշվի առնենք նաեւ, որ այդ վարկերը տրամադրվում են դրամով: «Դա գյուղացիներին ազատում է նաեւ արտարժութային ռիսկը կրելուց: Դա, մեր կարծիքով, զգալի աշխուժացում կբերի գյուղատնտեսության բնագավառում: ...Խնդիրն այն է, որ խոսքը հիմա կոնկրետ միջոցառումների ծրագրի մասին է: Ինչո՞ւ մենք կարողացանք այս տոկոսադրույքներով տալ: Եթե կառավարության նախաձեռնությունը չլիներ, մենք էլի չէինք կարողանա այս տոկոսներով տալ, սա շատ արտոնյալ տոկոսադրույք է»,- ասել էր Գիշյանը: Թեեւ կառավարությունը գյուղացիներին այժմ գրեթե կրկնակի ցածր տոկոսադրույքով է վարկեր տրամադրում, սակայն գյուղացիները դարձյալ անելանելի դրության մեջ են: Բանկերը վարկեր չեն տրամադրում այն գյուղացիներին, որոնք մինչեւ սուբսիդավորումով վարկային ծրագրի ներդրումը նույն բանկերից վարկեր էին վերցրել մինչեւ 24 տոկոսով: Երբ վարկառու գյուղացիները դիմում են, մերժում են ստանում: Նրանց ասում են, որ մինչեւ նախորդ վարկերը չմարեն, արտոնյալ վարկի մասին խոսք լինել չի կարող: Իսկ ո՞վ պիտի հոգա այն գյուղացիների խնդիրները, որոնք 24% տոկոսադրույքով վարկերի պատճառով հայտնվել են դատարանում, զրկվել տնից, ապրուստի միջոց հողից. կառավարությունն այդ մասին չի էլ ուզում մտածել:

Ստեփան Գիշյանը հայտարարել է նաեւ մի բան, որ բացարձակ իրականությանը չի համապատասխանում: Ըստ նրա` նախորդ 15 տարիների ընթացքում գյուղացիները վարկերը մարելու խնդիր չեն ունեցել, ինչպես նաեւ չեն ունեցել խոշոր պարտքեր: «Ես միշտ հայտարարել եմ եւ մի անգամ եւս կուզեմ հայտարարել` մեր բանկը բախտ ունի, որ աշխատում է բնակչության ամենաազնիվ խավի հետ, որոնք գյուղացիներն են: 15 տարիների ընթացքում վարկերի վերադարձելիության տոկոսադրույքը կազմել է 99 տոկոսից ավելի»,- հայտարարել է «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի» գործադիր տնօենը: Ո՞ւմ աչքերն է կապում Ստեփան Գիշյանը, երբ դատարանները ողողված են ընդդեմ գյուղացիների բանկերի ներկայացրած հայցերով:

Միայն 2010 թ. ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում առեւտրական բանկերի եւ ունիվերսալ վարկային կազմակերպությունների օգտին բռնագանձման ենթակա պահանջով հարուցվել է 18 հազար 393 կատարողական վարույթ, որի արդյունքում բռնագանձման ենթակա  ընդհանուր գումարի չափը կազմել է 12.6 մլրդ դրամ: Այդ թվում 12 հազար 109 կատարողական վարույթ հարուցվել է ՀՀ մարզային բաժիններում:

Ի դեպ, ըստ ԴԱՀԿ ծառայության «Հետքին» տրամադրած տեղեկատվության` գումարի բռնագանձման պահանջով ԴԱՀԿ ապահովող ծառայությանն առավել հաճախ դիմում են «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը», «Ինեկոբանկը», «Արդշինինվեստ բանկը», համապատասխանաբար` 8024, 1762, 1471 կատարողական վարույթով:

 

Մարզեր 

 

2010 թ. հարուցված  կ/վ  քանակը   

 

ԱՐԱԳԱԾՈՏՆ 

 

1142

 

ԱՐԱՐԱՏ 

 

1622

ԱՐՄԱՎԻՐ 

 

1505

 

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔ 

 

933

 

ԿՈՏԱՅՔ

 

1476

ԼՈՌԻ

 

2576

 

ՇԻՐԱԿ 

 

582

 

ՍՅՈՒՆԻՔ 

 

564

 

ՎԱՅՈՑ  ՁՈՐ 

 

487

 

ՏԱՎՈՒՇ 

 

1222

 

ԸՆԴԱՄԵՆԸ

 

12109

 

Այսքանից հետո ավելորդ է պարոն Գիշյանին հիշեցնել, որ «բնակչության ամենաազնիվ խավի հետ» խնդիրներ է առաջացնում հենց իր ղեկավարած բանկը, իսկ վարկերի վերադարձելիության 99 տոկոսանոց արդյունքն էլ ապահովում է դատարանների օգնությամբ:

Վերը նշվածը փաստում են նաեւ դատարանները: Այսպես` Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի ղեկավար Ավետիք Ավագյանը մեր գրավոր հարցմանը պատասխանել է, որ 2010 թ. Արագածոտնի մարզի դատարանում մուտք է եղել քաղաքացիներին վարկերի տրամադրման հետ կապված 406 քաղաքացիական գործ: Հիմնականում հայցվորներ են հանդիսացել «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկը», «Արդշինինվեստ բանկը», «ՎՏԲ-Հայաստան բանկը», «Արեգակ» ունիվերսալ վարկային կազմակերպությունը: «Ներկայացված բոլոր գործերով հայցադիմումները բավարարվել են հօգուտ բանկերի եւ վարկային կազմակերպությունների»,- նշել է Ավետիք Ավագյանը:

2010 թ. ընթացքում Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում լսվել է 478 վարկային գործ: Այդ գործերից 477-ի դեպքում հայցվորը եղել է բանկը կամ վարկային կազմակերպությունը, իսկ մեկը` քաղաքացին, որ փորձել է դատի տալ բանկին: Այս մարզում նույնպես գործերի առյուծի բաժինը ընկնում է «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկին»` 369 գործ:  28-ական գործով հայցվոր են եղել «ՎՏԲ-Հայաստան» եւ «Արդշինինվեստ» բանկերը, 25 գործով` «Անելիք բանկ» ՓԲԸ-ն, 9 գործով` «Արեգակ ՈւՎԿ» ՓԲԸ-ն եւ այլն:

Նույն վիճակն է նաեւ Արմավիրի մարզում: «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը» Արմավիրում եւս առավելություն ունի գյուղացիների դեմ ներկայացրած դատական հայցերի թվով` 180 գործ: Բավարարվել է 153-ը, կարճվել` 27-ը: Սրան հաջորդում են «ՎՏԲ-Հայաստան» բանկը եւ «Յունիբանկը»` 17-ական գործով:        

Լուս.` Banks.am-ի                                      

Մեկնաբանություններ (1)

W.Wallace
Ուղղակի մի նկատառում. նշված վիճակագրությունից չի երեւում, թե տրամադրված վարկերից որքանն են գյուղատնտեսական վարկերը: Չի բացառվում, որ մարզերի բազմաթիվ բնակիչներ չեն դիմացել Nokia Sirocco կամ Այֆոն ունենալու գայթակղությանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter