Ախուրիկի գյուղապետի ընտրություններ. ՀՀԿ-ական կին գյուղապետը, նրա որդու 90-հազարանոց կոշիկները և անկուսակցական թեկնածուն
Շիրակի մարզի սահմանային Ախուրիկ գյուղում այսօր ընթացող գյուղապետի ընտրությունները, հատկապես օրվա առաջին կեսին, լարված էին անցում: Առաջադրված թեկնածուները երկուսն են՝ գործող գյուղապետ ՀՀԿ-ական Վարդիթեր Գասպարյանը և համայնքապետարանի աշխատակազմի նախկին քարտուղար Սարգիս Սարգսյանը:
Վարդիթեր Գասպարյանը գյուղապետ է 2009 թվականից: Սարգիս Սարգսյանը համայնքապետի աշխատակազմի քարտուղար լինելու տարիներին Վարդիթեր Գասպարյանի հետ խնդիրներ է ունեցել և դուրս եկել աշխատանքից: Ս. Սարգսյանն ասում է, որ չի կարողացել հանդուրժել նրա աշխատաոճը:
Ընտրություններն ընթանում են գյուղի միջնակարգ դպրոցում, որի մի կողմում Վարդիթեր Գասպարյանի տունն է, մյուսում՝ Սարգսիս Սարգսյանինը: Երկու կողմում հավաքվում են երկու թևերի «երկրպագուները»:
Ընտրատեղամասը փոքր է, հին դպրոցի շենքում: Մուտքի մոտ մշտական կուտակումներ էին: Դիտորդ Նաիրինե Հախվերդին մշտապես ահազանգում էր կուտակումների և մուտքի մոտ հավաքված ոստիկանների ու անձանց մասին, սակայն այդ մասին արձանագրություն հանձնաժողովի նախագահը չէր համաձայնում կազմել: Պատճառաբանում է՝ օրենքով սահմանված 50 մետրը պահպանվում է:

Թեկնածու Սարգիս Սարգսյանն էլ իր հերթին է վրդովված: Ասում է՝ շատ ընտրությունների է մասնակցել, բայց առաջին անգամ է տեսնում, որ այսչափ շատ ոստիկաններ լինեին գյուղում: «Վագոնով միլիցիա ինչու են բերել գյուղ, լարվածություն չկա, ժողովուրդը շատ սիրով գալիս է, էսքան ընտրություններ անցկացրել ենք, սենց բան չկար»,- նշում է թեկնածուն:
Ըստ թեկնածուի՝ մեքենաները կայանած են օրենքով սահմանված 50 մետրից հեռու, բայց ոստիկանները անընդհատ մոտենում և ասում են՝ հեռացնել դրանք,100-200 մետրի վրա կանգնած մարդկանց «քշում են»: «Սպասողական վիճակ է, մարդիկ եկել սպասում են, ուր գնան բա»,- հարցնում է թեկնածուն:
Ս.Սարգսյանն ասում է, որ ուզում է դառնալ գյուղապետ, որ գյուղում տիրող թշնամական մթնոլորտը վերանա, ինչը գործող գյուղապետի պատճառով է: Նա է նաև այսօր լարվածությունը ստեղծում և անընդհատ դրդրում ոստիկաններին հեռացնել տարածքի մոտից մարդկանց: Ըստ գյուղապետի թեկնածուի՝ այդպիսով ուզում են երիտասարդներին բարկացնել, որ «մի բան սարքեն գլխներին, հետո էլ դնեն տանեն»:
![]() |
![]() |
| Վարդիթեր Գասպարյանը | Սարգիս Սարգսյանը |
Գյուղապետ Վարդիթեր Գասպարյանը անվրդով տեսքով մտավ ընտրատեղամաս՝ իր ընտրությունը կատարելու: «Հետքի» հետ զրույցում պատմեց, որ բազմաթիվ գործեր է հասցրել անել իր ղեկավարության տարիներին: Բարեկարգ ճանապարհը իր օրոք է արվել, երկու հակակարկտային կայաններն անխափան գործում են, դասագրքերն արդեն 4-րդ տարին է՝ աշակերտները համայնքապետարանի հաշվին են ստանում:
Ախուրիկը խմելու ջրի խնդիր ունի: Ընտրատեղամաս եկող բնակիչներից մեկը, ով չցանակցավ իր անունը հրապարակել, նշեց, որ իրենք օրվա ընթացքում երկու ժամ են խմելու ջուր ունենում, ընդ որում՝ ոչ միշտ: Խմելու ջրի պրոբլեմը, սակայն, գյուղապետ Գասպարյանը լուծված է համարում: Գյուղում որոշ թաղամասեր երկու ժամ ջրամատակարարում են ունենում, այն էլ՝ ոչ միշտ: Վարդիթեր Գասպարյանը դա արդեն նախկինում եղած ցավոտ խնդիր է համարում, երբ գյուղացիները ղանդարով են ջուրը կրել: Ասում է, որ միայն 58 թաղամասն է, որ երեքժամյա գրաֆիկով է ջուր ստանում: Իսկ գյուղի մեծ մասը 8-ժամյա գրաֆիկով խմելու ջուր ունի: Թե երբ վերջնականապես կկարգավորվի ջրի հարցը, Վարդիթեր Գասպարյանը հստակ չգիտի. ասում է՝ գերմանական ծրագրերից մեկով փորձում են կարգավորել հարցը, բայց թե երբ, դեռ պարզ չէ. ջրագիծը պետք է հիմնանորոգել, ինչը մեծ գումարների հետ է կապված:
Մշակույթի տուն գյուղը չունի, գյուղապետարանն էլ գյուղի բնակիչներից մեկի տանն է գործում: Վարդիթեր Գասպարյանն ասում է, որ իր ղեկավարության կարևոր գործերից մեկն էլ շքեզ ու բարեկարգ նոր դպրոցն է, բայց գյուղապետը չգիտի, թե ինչու այն չի գարծում, ասում է՝ դպրոցը համայնքի ենթակայության տակ չէ, և թե «որ իշխանավորների կամ դպրոցի տնօրինության պատճառով» է՝ ադրեն մի տարի անտերության է մատնված: Մանկապարտեզի նախկին շենքը հարմարեցվել է միջնակարգ դպրոցի համար, և երեխաներն այժմ հաճախում են այդտեղ, որտեղ և այսօր համայնքապետի ընտրություններն են ընթանում:
Մրցակից թեկնածուն էլ ասում է, որ ՀՀ կառավարության ֆինանսավորած ու կառուցված նոր դպրոցը իր ճիշտ տեղում չէ կառուցվել, ինչի հետևանքով էլ այժմ հայտնվել է ջրի մեջ: «Դպրոցը կառուցվել է ճահճային տեղում, դրենաժային համակարգ մտցրեցին, չաշխատեց, նկուղն ամբողջությամբ ջրի մեջ է»,- ասում է թեկնածուն և մեղադրում հող հատկացնողին, իմա՝ գործող գյուղապետին: Այդ տարածքում նախկինում անասնագոմեր են եղել, արտադրական հողեր են՝ ոչ դպրոցաշինության կամ մշակույթի տան համար պիտանի: «Գյուղապետին ոնց ձեռք տվել է, տենց էլ արել են»,- ասում է թեկնածուն:
Նա նշում է, որ գյուղում դեռևս բազմաթիվ չլուծված խնդիրներ կան, որոնք ինքը կկարողանա գլուխ բերել. ոռոգման հարցը դեռ վերջնականապես չի կարգավորվել: Ախուրիկ համայնքի 650 հա վարելահողից 100 հա-ն չի ցանվում: Ոչ մի ծրագիր գյուղում չի իրականացվել: Թեկնածուն օրինակ է բերում «Օքսֆամի» ոչխարաբուծության ծրագիրը, որը տապալվել է. ոչխարները չկան, չնայած պետք է անապահով ընտանիքներին տրվեին, իսկ գումարի 10 տոկոսը այդ ծրագրի համար գյուղապետարանն էր ներդրել: Անցյալ տարի քանդվել է կինոդահլիճը, և, ըստ թեկնածուի, ոչ ոք չգիտի՝ ինչու: Իսկ ամենացավոտ հարցը գյուղի գազաֆիկացումն է, ինչը նշում էին նաև գյուղացիները մեզ հետ զրույցում:
Վարդիթեր Գասպարյանը հույս ունի, որ կընտրվի: Եվ առաջիկա չորս տարում բազմաթիվ ծրագրեր ունի իրականացնելու՝ ինչքան բյուջեն թույլ տա: Իսկ գյուղի բյուջեն, ըստ նրա, մեծ չէ՝ 2 մլն 700 հազար դրամ: Շուրջ 10 մլն դրամի չափով էլ դոտացիան է: Թեկնածու Սարգսյանն այլ թվեր է նշում. բյուջեի տարեկան հաստատված պլանը 18 մլն է, որից 4 մլն-ը հողերի հարկերն ու գույքի եկամուտն է:
Բյուջեի ծախսերի վերաբերյալ ավագանու անդամ Մարզպետ Սարգսյանը թերահավատորեն է խոսում: Ասում է՝ դեկտեմբերին բյուջեի հաստատմանը ոչ ոք տեղյակ չի լինում, «ինքը թվերը գրում է, ծախսերը շատացնում է». «Միայն ծախսն է շատանում մեր բյուջեում, ուրիշ ոչինչ: Բյուջեի ծախսերի համար տված է 400 հազար եռամսյակի համար ասֆալտի լվացում, հենց հիմա կարող եք դուրս գալ փողոց, տեսեք՝ քանի տարի ասֆալտը չի մաքրվել»,- ասում է Մարզպետ Սարգսյանը:
Այդ փողը, ըստ նրա, գնում է գյուղապետի գրպանը, իսկ դրա փոխարեն ավելանում է նրա ունեցվածքը: Ավագանու անդամն ասում է, որ Երևանում գյուղապետը տուն է գնել, բայց ինչ էլ ունի, իր անունով չի գրանցել. «Էն կարգի է, որ նրա տղան կանգնած խաչմերուկը մեզ ասում է՝ 90 հազար դրամանոց կոշիկ եմ առել «Ռոբերտո» խանութից: Բայց ինչու պիտի մենք ամբողջ օրը աշխատենք, 9000 դրամանոց հագնենք... էլ ուրիշ ոչ մի բան չխոսենք»:
Մարզպետ Սարգսյանը հաստատում է, որ ավագանու նիստեր չեն անում, չի էլ հիշում, որ վերջին չորս տարում արած լինեն, գյուղապետը նիստ չի հրավիրում. «Գյուղապետն ինքն իրանով է նիստը անում, որոշե, ու անցանք առաջ»: Ավագանու անդամն ասում է, որ Վարդիթեր Գասպարյանը ագրեսիվություն է ցուցաբերում, երբ փորձում են որևէ հարցով նրան դիմել. «Եթե դու իր հետ մի բան խոսաս, երկրորդը արդեն հեռախոսը շպրտում է վրեդ»:
Ախուրիկում ընտրություններն ավարտվեցին, այժմ սկսվել է քվեաթերթիկները հաշվարկը:
Առաջին լուսանկարում երևում է նաև նորակառույց դպրոցը
Տեսանյութեր
Լուսանկարներ

Մեկնաբանել