HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարինե Մադաթյան

Վարչապետի առանձնատունը՝ գյուղապետարան չունեցող գյուղում

Վարչապետ Տ. Սարգսյանը Կոտայքի մարզի Նուռնուս գյուղում առանձնատուն է կառուցում: Այդ մասին իմացանք, երբ  գյուղացիներից մեկը թվում էր իրենց գյուղի տեսարժան վայրերը: Առանձնատան մոտ էինք, երբ դիմացի սեփական տնից դուրս եկավ գյուղացիներից մեկը և որպես «վարչապետի հարևան»`մանրամասնեց, որ թեև դա Տ. Սարգսյանի առանձնատունն է, բայց նրան գյուղում երբևէ չեն տեսել, իսկ շինարարական աշխատանքներին հետևում է «վարչապետի բաջանաղի տղեն»:

Նուռնուսցիներն այդ օրը գնում էին գյուղապետ ընտրելու, բայց ասում էին, որ իրենց գյուղի խնդիրներից ոչ մեկն էլ գյուղապետի ուժերով լուծելու հարց չէ, «վերևներից պետք է լուծվի»: Նրանք գնում էին գյուղապետի ընտրության՝ մտածելով, որ գյուղապետից ոչինչ կախված չէ:

Ճանապարհին հանդիպեցինք գյուղի երիտասարդներից մեկին. ասաց, որ զզվում է իրենց գյուղից, ինքն իր ընտրությունը կատարել է, «հեսա գնալու է քաղաք, գործ անի, գյուղում մարդ չկա»: Նուռնուսը աղքատ գյուղ է. գյուղացիներն ամեն օր իրենց սոցիալական վիճակը գյուղի բոլոր տներից բարձր տանիք ունեցող առանձնատան հետ համեմատելու հնարավորություն ունեն:

Նուռնուսը գյուղապետարան չունի: Գյուղապետն ու աշխատակազմը նստում են գյուղի` «50-ական թթ.-ից մնացած մշակույթի տանը»: Գյուղապետի տեղակալ Հրանտ Մարտիրոսյանը պատմեց, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամն այս տարի խոստացել է հովանավորել իրենց՝ գյուղապետարան կառուցելու համար: Պատասխանի են սպասում: Եթե հիմնադրամից ակնկալած ֆինանսական միջոցները հասնեն տեղ, կկարողանան նաև մանկապարտեզ կառուցել:   

Գյուղի մշակովի հողտարածքը 254 հա է: Հ. Պետրոսյանի խոսքով՝ բոլոր գյուղացիներն էլ հող ունեն, բայց ունեցածի տասը տոկոսն են կարողանում մշակել, որովհետև տեխնիկա չունեն:  «Միայն մեկ հատ տրակտոր ունենք՝ 60 թվի: Հազիվ ինքն է շարժվում անիվների վրա. դրանով հող մշակել չի լինում»,- ասում է Հ. Պետրոսյանը:

1 հա-ը տարեկան ջրելը նուռնուսցու համար արժենում է 110 հազար դրամ: Հ. Պետրոսյանի խոսքով՝ այդ 1հա-ից գյուղացին տարեկան ստանում է մոտ երկու հարյուր դոլարի օգուտ, և  ստացվում է, որ միայն ոռոգման գումարը գերազանցում է գյուղացու տարեկան շահույթը: «Դրանից հետո ով կմշակի, երբ օգուտ չունեն»,- ասում է  Հ. Պետրոսյանը:

Եթե չլիներ ջրի ու տեխնիկայի խնդիրը, ապա եղանակը բարենպաստ է հատկապես հացահատիկային մշակաբույսերի համար՝ ավելացնում է Հրանտ Պետրոսյանը: Գյուղացիները կարող են աճեցնել հաճար, գարի և ցորեն:

Գյուղում ծիրան, ընկույզ, կեռաս, դեղձ, տանձ և խնձոր է  աճում : Հ. Մարտիրոսյանի խոսքով՝ գյուղացիները միայն իրենց տնամերձ 1000-1200մ հողատարածքն են կարողանում ջրել, որտեղ էլ հնարավոր է մի քանի պտաղատու ծառ աճեցնել:

Գյուղն ունի 640 բնակիչ: Տարեկան արտագաղթի թիվը մոտ 30-40 հոգի է՝ նշում է Հ. Պետրոսյանը: Նրա խոսքով՝ գյուղից հեռացողները հիմնականում երիտասարդներ են՝ աշխատուժը: Ծերացած է Նուռնուսը՝ ասում է նա:

Դրանում կարելի էր համոզվել՝ երեկ ընտրատեղամասում մի քիչ նստելով: Նուռնուսի քվեախցիկում իրենց ընտրությունը կատարում էին գյուղի տարեցները:

Արդեն հայտնի է, որ Նուռնուսում ընտրվել է նախկին գյուղապետ Մնացական Գևորգյանը: Նա  253 ձայն է հավաքել, իսկ նրա մրցակից Վանիչկա Ոսկանյանը՝ 10: Նախկին գյուղապետի՝ գրեթե միաձայն ընտրությունը կանխատեսելի էր. երեկ ընտրության գնացող գյուղացիների համար գյուղապետի փոփոխությունն իրենց կյանքը բարելավելու միջոց չէր: Ընտրության արդյունքները ցույց են տալիս, որ ընտրացուցակներում գրանցված բնակչության գրեթե կեսն է գնացել ընտրության՝ 438 գրանցված ընտրողից 267-ը: Մնացածը կամ գյուղից հեռացել են կամ էլ չեն գնացել ընտրության:

Գյուղը չլքող տարեցները առանձնատան կողքին պայքարում են իրենց աղքատության դեմ՝  բանկից վարկեր վերցնելով: Հ. Պետրոսյանի խոսքով՝ գյուղացիներից շատերն են հիմա վարկերը փակելու հոգսի տակ:

Մնացական Մկրտչյանը վարկ է վերցրել, մեղուներ գնել: Հիմա նա ընտանիքը պահում է` մեղր վաճառելով:

Նրա մասին գյուղում պատմում էին, որ դժվար կյանքով է ապրել, բայց ընտանիքը պահելու ելքը միշտ գտել է: Մտահոգվում էին նրա մասին, որովհետև, ասում էին, ընտանիքը մեծ է, «էրեխեքին հազիվ, տանջվելով մեծացրեց»,  հիմա էլ վարկ է վերցրել ու դժվարությամբ է կարողանում փակել:

Նա 3 հա հող ունի: Հաճար ու գարի է մշակում: Ասում է՝ հող  մշակելուց օգուտ չկա. պարարտանյութի, տեխնիկայի և ջրի վճարները տալուց հետո «տակը բան չի մնում»:  Նրա՝ ծիրանի և ընկույզի ծառերի բերքը արդեն ցրտահարվել են: Վերցրած 2500 դոլար վարկը փակելու են մեղր վաճառելով: Մնացականը զրույցի ընթացքում չդժգոհեց: Դրա փոխարեն վերջում ժպտալով ասաց. «Հեսա մեղրը կլինի, տեսնենք էս տարի բերքը ոնց կլինի, ես եմ վերցրել վարկը, բա ով պիտի փակի»: 

Լուսանկարները` Էրիկ Գրիգորյանի

Մեկնաբանություններ (5)

աղջիկ
Զարմանալու ոչինչ չեմ տեսնում, որովհետև կան մարդիկ ովքեր ունեն շաը ավելին բայց ոչոք այդ մասին չի խոսում;
իրավաբան
Նուռնուսի տունը վարչապետինը չի, այլ եկած դեռ խորհրդային ժամանակներից տուն է, որ պատկանում էր վարչապերի կնոջ ծնողներին: Եվ, ամենայն հավանականությամբ, այդ պատճառով էլ բաջանաղի տղան է հետևում ընթացիկ աշխատանքների կատարմանը ( այսինքն վարչապետի կնոջ ծնողների թոռը): Ինչքան անհիմն տեղեկություններ է սկսել գրվել այստեղ ու իհարկե անտեղյակ մարդկանց վրա ազդելու նպատակով: Բայց իրականությունը սա չի հարգարժաններս: Այս պատմությունը գյուղում բոլորը գիտեն: Գոնե դուք մի խաբեք ու մի աղավաղեք իրականությունը....
Էդիկ Անդրեասյան
Շատ ուժեղ իրավաբան ես երևում: Հայաստանում, ով չի իմանում, որ ղեկավարների բոլոր բարեկամների տներն էլ ղեկավարների փողերով, իմա՝ պետական փողերով են կառուցվում: վարչապետից երկու անգամ ավելի աշխատանքային ստաժ ունեմ, բայց մի քոսոտ կվարտիրա չեմ կարողանում վերանորոգել: եթե դժվար չի մի հատ բացատրիր իրավաբանորեն, թե դա ոնց է տեղի ունենում:
1 - ին
Պարզից պարզ է ձեր ասածը, հարգելիս, թղտերն էլ երեւի կարգին են, մաքուր ու սիրուն լրացրած եւ այլն: Բայց դե գիտես, պստիկ հարցեր են առաջ գալիս: Օրինակ՝ իմ բաջանաղի տղեն ինչու դաչաներ չի կառուցում իր կամ իմ կնոջ համար եւ այլն: Հետո՝ հայ մարդուն գոնե էշի տեղ մի դրեք այդ պրիմիտիվ բացատրություններով, գողի եւ ... մյուսի արարքը ի վերջո հայտնի են լինում: Դրանից բացի, լավ է մարդու աչքը դուրս գա քան թե անունը: Հասկացեք վերջապես, դրանց անունները միայն անվստահություն ու զզվանք են առաջացնում ժողովրդի մոտ: Հիմա որ իրենք նույնիսկ կրակի մեջ նետվեն հանուն ինչ որ արժանի գործի, միեւնույն է՝ հետեւներից պիտի թքեն: Այս դեպքում պալատների մեջ ապրելն էլ որեէ իրական արժեք չունի, սա է որ դժվար են հասկանում այս կարգի ինքնագոհները:
իրավաբան
(2-ին) Ձեր ատելությունը դեպի իշխանությունները դարձնում են ձեզ ուղղակի ԿՈՒՅՐ: Եթե քիչ ուշադիր լինեք - ես պարզ գրել եմ, հարցրեք գյուղի հարևաններին: Իսկ ամառանոց - այո ես էլ ունեմ ծնողներիցս կտակված: Անգամ չնչին արժանիքներով մարդկանց տրվում էր այդ հնարավորությունը Խորհրդային Միությունում: Ցավում եմ, որ ձեր ընտանիքին այդ չնչին «բախտը» չի շողացել: Եվ վստահ եղեք, ես ձեր նմաններից հազարավոր անգամ շատ եմ մտածում մեր երկրի և երեխաների ապագայի մասին, և միգուցե շատ ավելի շատ եմ ատում իշխանություններին բոլոր անարդարությունների համար - բայց անգամ այս մոտեցումը ինձ թույլ չի տալիս ստել և աղավաղել իրականությունը: Հարցրեք ձեր մտերիմներից, հարազատներից,բարեկամներից ինչու են ընտրություններին 10000 դրամով իրենց վաճառում և տխմարների նման արդարանում - մեկ ձայնը ոչիչն չի փոխի: Այո, այսպես ոչ մի բան այս երկրում չի փոխվի... (2-ին) Լրիվ համամիտ եմ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter