HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լեջանում ընտրվեց իր իրավասություններից անտեղյակ ավագանին (ֆոտո և վիդեո)

Լոռու մարզի Լեջան գյուղի 32/01 ընտրատեղամասում մայիսի 26-ին համայնքի ավագանու ընտրությունները սկսվեցին տեղամասային հանձնաժողովի անդամ Վարսենիկ Սուքիասյանի բացակայությամբ: Հանձնաժողովի նախագահ Գոհարիկ Սահակյանը տեղեկացրեց, որ հանձնաժողովի բացակա անդամը առողջական խնդիրներ ունի, և այդ մասին ինքը տեղյակ է պահել թիվ 32 ընտրատարածքային հանձնաժողովին:

Լեջանում համայնքի ավագանու 5 տեղի համար առաջադրված 5 թեկնածուից 4-ը՝ անասնաբույժ Գարիկ Գևորգյանը, տաքսու վարորդ Սիսակ Մարտիրոսյանը, Մղարթի ոսկու հանքի մեխանիկ Ռոբերտ Սաքանյանը և ֆերմեր Ռոբերտ Սախլյանը, համայնքի ավագանու նախկին անդամներ են:

«Հա, ավագանու մեկ անդամի փոփոխություն է կատարվել: Էդ էլ ասենք, էդ մեկը տարիքով մարդ էր՝ Հայկազ Թունյանը, էլ իմաստ չուներ թեկնածություն առաջադրելը: Նրա փոխարեն իր թեկնածությունը առաջադրել է Աշոտ Մանուչարյանը»,- ասաց Լեջանի գյուղապետ Սասուն Մարգարյանը:

Գյուղապետը տեղամասային հանձնաժողովում գրանցվել էլ որպես ավագանու թեկնածու Ռոբերտ Սաքանյանի վստահված անձ: Ավագանու ընտրությունների ընթացքը և արդյունքները փաստեցին, որ առաջադրված նախկին ավագանիները ձեռք են տալիս գյուղապետին, քանի որ նրանք անցած տարիներին այդպես էլ «չեն կարողացել» վերահսկել համայնքի բյուջեի ֆինանսական ծախսերն ու գյուղապետի գործունեությունը, որից էլ առաջացել են նրա աշխատանքից գյուղացիների բազմաթիվ դժգոհությունները:

Ավագանու և գյուղապետի աշխատանքային հարաբերությունները «Հետքին» ներկայացրեց գյուղապետի տեղակալ Արաքս Այգունյանը: «Մեր համայնքում գյուղապետից հետո ավագանին 2-րդ դեմքն է, իր կազմակերպվածությամբ գյուղապետի հետ միասին, աշխատակազմի հետ նա բարձրացնում ա, ավագանին որոշում ա կայացնում»,- ասաց Արաքս Այգունյանը:

Ավագանու թեկնածուներ Գարիկ Գևորգյանին, Սիսակ Մարտիրոսյանի և այլ լեջանցիներին ուղղված մեր հարցերից պարզ դարձավ, որ նրանք տեղյակ չէին ավագանու իրավասություններին: Թեկնածու Գարիկ Գևորգյանը ասաց, որ Լեջանի ավագանու անդամ է ընտրվում 1996թ.-ից: «Այ, էդ մեկը չեմ կարող ասել, թե որքան են համայնքի բյուջեի եկամուտներն ու ծախսերը»,- ասաց Գարիկը:

Թեկնածու Սիսակ Մարտիրոսյանն ասաց, որ չի հիշում՝ որպես ավագանու անդամ ինչ է արել գյուղի համար, բայց «դե աշխատել է, էլի»:

Ընտրող Անաստաս Պողոսյանն ասաց. «Դե, ասենք ղեկավարմանը մասնակցելու գործն ա, տենց բաներ»:

Գարեգին Շահնազարյանը կարծում էր, որ երբ Լեջանում խնդիրներ լինում են, ավագանիները լուծում են, բայց «էտենց խնդիրներ գյուղում չկա»:

Համայնքի 659 ընտրողից ընտրությանը մասնակցեց 306-ը:

Տեղամասային հանձնաժողովի թողտվությամբ ընտրության ընթացքում 20 ընտրողի պարագայում, օգնողները, փոխանակ պարզապես օգնելու ստորագրել, ուղղակի ընտրեցին և քվեաթերթիկը գցեցին քվեատուփ մեջ: Այդպիսի ընտրություն կատարվեց նաև լեջանցի Վարդիշաղ Բաղդասարյանի ընտրելու ժամանակ:

Ընտրող Մարգարիտա Բալասանյանը ցանկանում էր՝ իր փոխարեն անպայման ավագանի ընտրի գյուղապետի տեղակալ Արաքս Այգունյանը, ով ընտրության ընթացքում, պարզվեց, ավագանու թեկնածու Սիսակ Մարտիրոսյանի վստահված անձն է:

Ընտրության ողջ ընթացքում՝ առավոտյան ժամը 8-ից մինչև երեկոյան 20:00-ն, ավագանու թեկնածուներ Գարիկ Գևորգյանը և Սիսակ Մարտիրոսյանը, ընտրատեղամասի բակում կանգնած, ուղղորդում էին ընտրողներին, սակայն ինչպես տեղամասային հանձնաժողովը, այնպես էլ 32/01 տեղամասում հերթապահող ոստիկանության Ստեփանավանի բաժնի ոստիկանները նրանց չհեռացրին ընտրատեղամասի տարածքից:

Ընտրությունների արդյունքներով թեկնածու Գարիկ Գևորգյանի օգտին քվեարկել էր 132, Աշոտ Մաճկալյանի օգտին՝ 43, Սիսակ Մարտիրոսյանի օգտին՝ 44, Ռոբերտ Սաքանյանի օգտին՝ 41, Ռոբերտ Սախլյանի օգտին՝ 38 ընտրող:

Քվեաթերթիկները հաշվելու ընթացքում հանձանաժողովի լեջանցի անդամներից մեկն ամենաշատ քվեներ ստացած ավագանու թեկնածու, Լեջանի անասնաբույժ Գարիկ Գևորգյանի մասին ծիծաղելով ասաց. «Մի երեք տարի Գարիկի ձեռքը էլ փող չի ընկնի»:

Ընտրվեց Լեջանի հերթական իր իրավասություններից անտեղյակ ավագանին:

Մեկնաբանություններ (1)

Վ.Առաքելյան
Բոլորն էլ իրենց դերերում են.`Ոչխարներ և գայլեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter