Մեղրեցիների բաց նամակը նախագահին. «Մի իրականացրեք «Մեղրին՝ առանց մեղրեցու» քաղաքականությունը»
«Մեղրու տարածաշրջանում այժմ շահագործվում են Տերտերասարի ոսկու, Լիճքվազ-Թեյի ոսկու, Ագարակի պղինձ-մոլիբդենի, Լիճքի պղինձ-մոլիբդենի, Այգեձորի պղինձ-մոլիբդենի (Թխկուտի և Կենտրոնական տեղամասեր) հանքավայրերը…
Այժմ երկրաբանական ուսումնասիրություններ են կատարվում Խաչքար-Փարավանի բազմամետաղային, Բերդաքարի պղինձ-մոլիբդենի, Վերին–Վարդանիձորի ոսկու, Գյոզ-Գյոզի ոսկու, Վանք և Կալեր գյուղերի շրջակա տարածքի բազմամետաղային, Թունդիր գետի ազնիվ մետաղների, Շվանիձորի նեֆելինային սիենիտների, Նյուվադիի պղնձի և Նռանաձորի պղինձ-ոսկու հանքաերևակումներում…»
Այս տեղեկատվությունը վերցված է ՀՀ նախագահին ուղղված Մեղրու համայնքի ավագանու 25.01.2013թ. ուղերձի պատասխանից, որը ստորագրված է ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավար Է. Փիրումյանի կողմից: /27.03.2013 № 5/33/50851/Վերոհիշյալ հանքավայրերի շահագործումը աղետալի վիճակի կհանգեցնի Մեղրիի տարածաշրջանի առանց այդ էլ անբարենպաստ էկոլոգիան: Այս ամենին ավելացնենք նաև այն հանգամանքը, որ Մեղրի գետի վրա այժմ կառուցվում են 9 ՀԷԿ-եր, որոնց գործարկման պայմաններում կոչնչանա զգալի տարածքով բուսածածկույթ: Ովքե՞ր են տերերն այս կառույցների…
Մեղրու տարածաշրջանի նման ստրատեգիական տարածքի վրա նմանատիպ էկոլոգիական գրոհը հղի է աղետալի հետևանքներով. հրաշալի բնակլիմայական պայմանների և մեղրեցու քրտնաջան աշխատանքի արդյունքում ստեղծված մրգի այգիներն այսօր վերացման վտանգի տակ են: Չորանում են ընկուզենիները, թթենիները, կեռասենիները, դեղձենիները: Ծիրանենիները վաղուց ի վեր եզակի ծառատեսակներ են մեր տարածաշրջանում: Գյուղատնտեսությամբ զբաղվելն ապարդյուն և անօգուտ է. մեղրեցին լքում է իր հողը, որը տարիներ ի վեր նրան պահում էր սահմանային այս տարածքում:
Առողջական խնդիրներ ունեցող մարդիկ նշում են, որ զգալիորեն լավ են զգում Մեղրիից դուրս. կարգավորվում է արյան ճնշումն՝ առանց դեղորայքի կամ դեղերի նվազագույն դեղաչափերի օգտագործման, վերանում է հոդերի առավոտյան կարկամությունը, անցնում է գլախացավը, և վերականգնվում է մարդկանց աշխատունակությունը: Այս հանգամանքը ևս մարդկանց ստիպում է լքել Մեղրին…
Վերոհիշյալ էկոլոգիական իրավիճակը տագնապ է առաջացնում և կրկին ու կրկին հաստատում այն մտահոգությունը, որ ահագնացող այս վտանգը հղի է լուրջ հետևանքներով. Մեղրին արդեն անպիտան կլինի որպես բնակավայր, կդատարկվեն համայնքերը և կիրականան ազգի թշմանիների վաղեմի երազանքները. տեսնել Մեղրին ամայի տարածք և օգտագործել այն ընդամենը որպես միացման ճանապարհ:
Որպես վերջաբան հիշեցնում ենք Վազգեն Սարգսյանի «…Եվ նրանց ոտնահետքերով սկսվում է պատմությունը» ստեղծագործությունից հատված. «Մեղրին ավելի կարևոր է, քան ցանկացած տարածք, նույնիսկ Ղարաբաղը: Մեղրին իր քարուքռայով այս երկիրը դարձնում է աշխարհի հզորներին իր դուռը բերող: Եվ այսօր տալ Մեղրին, թեկուզ դիմացը ծովի ճանապարհ ստանալը՝ սուտ է: Մեծ, համաշխարհային սուտ… Եթե տան, ավելի վատ: Որովհետև իրենք շատ են, իրենք այսօր մեզնից ուժեղ են: Տվեցին, գալու են ու մեզ ուտեն: Իրենց թվով: Իրենց տնտեսությամբ: Իրենց փողով: Իրենց խելքով: Իրենց շահով»:
Մեղրեցիները մտահոգված են տարածաշրջանի նկատմամբ վարվող այս սպառողական քաղաքականության աղետալի հետևանքներով: Մարդկային կյանքերի և տարածքների ամայացման գնով մի իրականացրեք անհատներին հարստացնելու և «Մեղրին՝ առանց մեղրեցու» քաղաքականությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել